Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներին

ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Սեպտեմբերի 29-ին հյուրընկալել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին, Միկայիս Գիորգալասին և Կիպրոսից ՀՅԴ ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում էր Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Նախարարը ողջունել է պատվավոր հյուրերին և հույս հայտնել, որ բարեկամական հարաբերություններից զատ կհաջողվի հաստատել նաև գործնական հարաբերություններ, որոնք կնպաստեն Եվրոպայում Արցախի ու նրա մշակույթի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

«Մեր երկրների ճակատագրերը շատ նման են իրար՝ կորուսյալ հայրենիք, չլուծված քաղաքական խնդիրներ, բայց հին ու հարուստ մշակույթ: Ուզում եմ հավատալ, որ մի օր մե՛նք էլ, դու՛ք էլ կունենանք միացյալ հայրենիք, և դրանում մեզ կօգնի նաև մեր մշակույթը»,- ընդգծել է նախարարը:

«Ես հիանում եմ ձեր մշակույթով, ընթերցում եմ հայ գրողներին, հատկապես սիրում եմ Գ. Էմինին, Ս. Կապուտիկյանի պոեզիան, հիանում եմ Մ. Սարյանի կտավներով, սիրում եմ ձեր երաժշտությունը»,- խոստովանել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին՝ հույս հայտնելով, որ ԱՀ մշակույթի գերատեսչության հետ համագործակցության արդյունքում հայկական և արցախյան մշակույթը առավել լավ ներկայացված կլինեն Եվրոպայում:

Քննարկվել են համագործակցության ուղղություններ՝ մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև արցախցի երիտասարդների մասնակցությունը միջազգային տարբեր նախագծերի:

Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության մեկնարկը տալ 2019 թվականին:

aparaj.am

Տպել Տպել