ՀՅԴ պատուիրակութիւնը մասնակցեց Սոցինտերնի յանձնախմբի ժողովին

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլո դիւան, 2012թ. Յուլիսի 24) – Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան հանձնախմբի հերթական ժողովը տեղի ունեցաւ Քիշնեւում, 23-24 հուլիսին, Մոլդովայի դեմոկրատական կուսակցութեան հիւրընկալութեամբ։

Ժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Յունաստանի անդամ կուսակցութիւններից։ Ներկայ էր նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։

Ժողովին մասնակից ՀՅԴ պատուիրակութեան կազմում էին ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Ընկերվար Միջազգայնականի մօտ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիօ Նալպանտեանը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը։

Մարիօ Նալպանտեան

Ժողովը նախագահեցին յանձնախմբի համանախագահներ Մարիօ Նալպանտեանն ու Ալեքսանդրա Դոբոլին (Հունգարիա)։

Ժողովին ողջույնի խօսքով հանդես եկան Մոլդովայի Դեմոկրատական կուսակցութեան ղեկավար եւ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուն (Marian Lupu) եւ նոյն կուսակցութեան եւ խորհրդարանի առաջին փոխնախագահ Վլադիմիր Պլահոտնիւկը (Vlad Plahotniuc)։ Ժողովին մասնակցեցին եւ ելոյթ ունեցան կուսակցութեան պատուոյ նախագահ եւ խորհրդարանի նախկին նախագահ Դումիտրու Դիակովը (Dumitru Diacov) եւ իշխող քաղաքական կոալիցիայի կառավարութեան միակ կին նախարարը՝ Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ Վալենտինա Բուլիգան (Valentina Buliga)։

Ժողովի օրակարգը կազմված էր Ընկերվար Միջազգայնականի առաջիկայ Կոնգրեսի օրակարգի թեմաների հիման վրայ՝ նպատակ ունենալով այդ թեմաների շուրջ կազմակերպութեան բարձրագոյն ժողովի որոշումների եւ բանաձեւերի մշակման ժամանակ նկատի ունենալ նաեւ տարածաշրջանի տեսակետները։

Օրակարգի հարցերն էին.

    1. ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ ծովի տնտեսական հեռանկարը` ներառելով տարածաշրջանային հեռանկարները համաշխարհային ընկերվար-ժողովրդավարական հայեացքում.
    2. Ժողովրդավարութեան ամրապնդում եւ մենատիրութեան (աւտորիտարիզմ) յաղթահարում՝ տարածաշրջանի երկրներում իրաւունքների եւ ազատութիւնների ապահովում.
    3. Տարածաշրջանային վէճերի եւ հակամարտութիւնների յաղթահարման համար երկխոսութեան եւ բանակցութիւնների ուղին.
    4. Տարածաշրջանի երկրների ազգային իրավիճակի մասին զեկոյցներ։

ՀՅԴ ներկայացուցիչները ելույթներ ունեցան օրակարգի բոլոր հարցերի շուրջ։

Կիրոյ Մանոյեան

Աւարտին, ժողովը որդեգրեց հետեւեալ յայտարարութիւնը.

«2012թ. յուլիսի 23-24-ին, Քիշնեւում հաւաքուած Ընկերվար Միջազգայնականի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ Ծովեան յանձնախումբը քննարկեց տարածաշրջանի տնտեսական հեռանկարները, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան եւ հակարտութիւնների կարգաւորման համար՝ երկխօսութեան ու բանակցութիւնների ամրապնդումը։ Մեկնելով իր անդամ կուսակցութիւնների եւ տարածաշրջանից հրաւիրուած հիւրերի փորձառութեան վրայ, ինչպէս նաեւ՝ ժողովրդավարութեան ու հակամարտութիւնների կարգաւորման ուղղութեամբ անհաւասար եւ դժուար առաջընթացի լոյսի տակ, յանձնախումբը համաձայնուեց հետեւեալին.

«Շարունակուում է 2010թ. Բելառուսի նախագահական ընտրութիւնների թեկնածու Միկալայ Ստատկեվիչի բանտարկութիւնը։ Օրական տեղի են ունենում մարդու իրաւունքների կոպիտ խախտումներ, ներառեալ՝ քաղբանտարկեալների խոշտանգումներ եւ ռեժիմին նկատմամբ իրենց տեսակէտը արտայայտող ընդդիմադիրի հալածանքները։ 2010 թուականի ընտրութիւններից ի վեր, Բելառուսը առաւել եւս խորացրել է բռնատիրական, մենատիրական ռեժիմը։ Այդ ռեժիմի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները պէտք է շարունակուեն, սակայն պէտք է անել աւելին՝ իշխանութիւնների վրայ ճնշումը մեծացնել այնքան՝ որ կարելի լինի դրական փոփոխութիւններ ձեռք բերել։ Սա ենթադրում է նուազագոյնը Միկալայ Ստատկեվիչի եւ Բելառուսում բոլոր միւս քաղբանտարկեալների ազատ արձակումը եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ ակրիւիստների առօրեայ ճնշումների աւարտը։

«Ուկրաինայում, նախագահի եւ իշխանութիւնների կողմից առնուած քայլերը խստօրէն սահմանափակել են ժողովրդավարական ազատությունները։ Ընդդիմադիր կուսակցութիւնների ղեկավարներ են հալածանքի ենթարկուել քաղաքական պատճառներով, եւ առաջ է քաշուել պետական կառոյցների կիրառումը որպէս քաղաքական վրէժխնդրութեան գործիքի եւ ընտրովի արդարութեան։ Պէտք է վերջ տալ դէպի մենատիրութիւն տանող այս անկումին, յարգելով այն սկզբունքը՝ թէ քաղաքական վէճերը պէտք է լուծել ժողովրդավարական միջոցներով՝ քուէատուփի ճանապարհով եւ խորհրդարանում, առանց դիմելու քաղաքական նպատակներով հալածանքների եւ քրէական դատարաններում կեղծուած վճիռների։ Քաղբանտարկեալները, ներառեալ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, պէտք է ազատ արձակուեն 2012թ.-ի աշնան կայանալիք ընտրութիւններից առաջ, որպէսզի հնարաւորութիւն տրուի բաց, մրցակցային ընտրարշաւի։

«2012թ. հոկտեմբերին Վրաստանում նախատեսուած խորհրդարանական ընտրութիւնները վճռական նշանակութիւն ունեն ժողովրդավարութեան զարգացման համար, որպէսզի հող պատրաստուի 2013 թուականի նախագահական ընտրութիւններում՝ անկախութիւնից ի վեր առաջին անգամ ժողովրդավարական միջոցներով իշխանութեան փոխանցման, երբ կ՚աւարտուի գործող նախագահի պաշտօնավարման երկրորդ եւ վերջին ժամկէտը։ Այս տեսանկիւնից, կենսական է վերջ տալ քաղաքական գործընթացի վրայ դրուած ճնշումներին եւ ստեղծել արդար եւ մրցակցային պայմաններ քաղաքական մրցակցութեան համար։ Վրաստանը պէտք ունի մամուլի ազատութեան, վերջ պէտք է տրուեն գործող ուժին ի նպաստ վարչական միջոցների օգտագործմանը եւ ընդդիմադիր կուսակցութիւնների եւ ակտիւիստների դէմ ճնշումներին։

«Հիմնուած Ընկերվար Միջազգայնականի 2010թ. նոյեմբերի Փարիզի Խորհուրդի ժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ միաձայնութեամբ ընդունուած յայտարարութեան վրայ, Յանձնախումբը իր մտահոգութիւնը յայտնեց Ադրբեջանի վերջին յայտարարութիւնների վերաբերեալ, թէ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծից յետ չի քաշելու իր դիպուկահարներին, ինչպէս նաեւ՝ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրուած երաշխիքներին՝ Ղարաբաղ-Հայաստան քաղաքացիական թռիչքների վերսկսման դէմ ուղղուած սպառնալիքների կապակցութեամբ։ Հակամարտութեան երկու կողմերում դերակատարների հետ իր աշխատանքը շարունակելու համար, Ընկերվար Միջազգայնականը կապեր պիտի ստեղծի եւ երկխօսութիւն հաստատի Ադրբեջանում նման հայեացքների տէր քաղաքական զրուցակիցների հետ։

«Մասնակիցներ դրական գնահատեցին այն փաստը, որ միջազգային համայնքը հետզհետէ եկել է ընդունելու, թէ չճանաչուած պետութիւնում ապրելը այդ միաւորի քաղաքացիներին չի զրկում մարդու հիմնական իրաւունքներից եւ ազատութիւններից, ինչպէս նաեւ միջազգայնօրէն ճանաչուած քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքներից, ներառեալ՝ «ուղղակի կամ ազատօրէն ընտրուած ներկայացուցիչներ միջոցով հասարակական կեանքը վարելու մասնակցութեան» իրաւունքից, ինչպէս ամրագրուած է ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 2200A (XXI) բանաձեւով որդեգրուած Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային պայմանագրի 25a յօդուածում։ Այս տեսանկիւնից պէտք է դիտարկել Լեռնային Ղարաբաղում կայացած վերջին ընտրութիւնները։

«Յանձնախումբը իր երախտագիրութիւնն է յայտնում Մոլդովայի դեմոկրատական կուսակցութեանը՝ հիւրընկալելու համար ժողովը եւ գնահատում է նրա աւանդը Մոլդովայի հանրապետութեան քաղաքական կեանքին եւ զարգացմանը, երբ ամուր կերպով հաստատում է ընկերվար ժողովրդավարութիւնն ու ամրացնում բազմակուսակցական ժողովրդավարութիւնը երկրում։ Մերձդնեստրի հարցում, Յանձնախումբը պաշտպանում է ՄԴԿ-ի եւ Մոլդովայի կառավարութիւնում իր գործընկերների նախաձեռնութիւնները՝ աստիճանաբար քայլերի ձեռնարկում՝ տեւական լուծումի համար պայմաններ ստեղծելու նպատակով։

«Յանձնախումբը վերահաստատում է միջկոնգրեսական ժամանակահատուածում Ընկերվար Միջազգայնականի դրական դերակատարութիւնը՝ տարածաշրջանի ընկերվար-ժողովրդավար կուսակցութիւններ ի մի բերելու, ընդհանուր քաղաքականութիւն մշակելու եւ մեր շարժման ընդհանրական նպատակները հետապնդելու տեսանկիւնից։ Մեր կազմակերպութիւնը յանձնառու է մնալու՝ ԱՊՀ-ում, Կովկասում եւ Սեւծովեան տարածաշրջանում, ինչպէս նաեւ աշխարհի այլ մասերում՝ ժողովրդավարութեան, խաղաղութեան եւ մարդու իրաւունքների համընդհանուր արժէքների նկատմամբ եւ շարունակելու է այս օրակարգը հետապնդել ապագայում»։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդա-վարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից աւելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ։

ԱՊՀ երկրների կուսակցութիւններից միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն ունի լիիրաւ անդամի կարգավիճակ։ ՀՅԴ անդամ Մարիա Թիթիզեանը կազմակերպության փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալպանտեանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան երկրների յանձնախմբի համանախագահ։ ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միութեան (IUSY)։

Տպել Տպել