Ինչո՞ւ ենք փորձում բաց դռնից ջարդելով ներս մտնել

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատականը երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի վերաբերյալ

ՈՉ ԹԵ ՈՒԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ԱՅԼ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ

ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համաձայն չէ, թե ԱԺ արտահերթ նիստում ընդունված աղմկահարույց նախագիծը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ընդունվել է ընթացակարգային խախտումներով։

Ամեն ինչ, ըստ նրա, եղել է կանոնակարգով նախատեսված կարգավորումների շրջանակում, եւ եթե դրանք ինչ-որ մարդկանց դուր չեն գալիս, ձեռքները բռնող չկա՝ կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ սահմանված ընթացակարգերը վերանայելու հարց բարձրացնել։ Ավելին՝ նախագիծը մանրակրկիտ քննարկվել է պետաիրավական հանձնաժողովի նիստում, որին մասնակցել է նաեւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը եւ որեւէ առարկություն չի ներկայացրել։

Խորհրդարանը շրջափակելով, պատգամավորների ելումուտը խոչընդոտելով, հանրահավաքներում սրան-նրան հայհոյելով ու վարկաբեկելով Ազգային ժողովին որոշումներ պարտադրելը անթույլատրելի է՝ համոզված է Ա.Ռուստամյանը. «Եթե ա՛յդ ճանապարհով պետք է գնանք Աժ լուծարման, դա կնշանակի լուծարել Ազգային ժողովը ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով։

Դրա կարիքն էլ չկա, որովհետեւ նախագծին կողմ քվեարկած ուժերը դեմ չեն արտահերթ ընտրություններին՝ պետք չէ ապակողմնորոշել ժողովրդին։ Մենք դեմ չենք ԱԺ լուծարմանը, ասում ենք՝ հակասահմանադրական քայլերի գնալով, հարվածում ենք մեր վարկանիշին, ական ենք դնում այդ ամենի տակ՝ հիմքում դնելով հակասահմանադրական մեխանիզմներ։

Մենք արտահերթին կողմ ենք եղել, հիմա էլ ենք կողմ, բայց դա պիտի լինի տրամաբանության շրջանակում՝ նորմալ, սահմանադրական ճանապարհով։ Ինչո՞ւ չեն ուզում գալ այդ ճանապարհով՝ թող պատասխանեն այն ուժերը, որոնք ուզում են, որ դա լինի պրեսինգով, ճնշումներով, ժողովրդին փողոց հանելով»։
ՀՅԴ խմբակցության ղեկավարը հույս ունի, որ ամեն դեպքում՝ ԱԺ-կառավարություն հակասությունները լուրջ սրացումների, բախումների չեն բերի, եւ երկիրը չի հայտնվի քաղաքական ճգնաժամի մեջ. «Ի վերջո, ճգնաժամի պատասխանատուն գործադիր իշխանությունն է։ Եթե գործադիրն է գործընթացներն այդ ուղղությամբ տանելու, պատասխանատվությունը մնալու է իր վրա»։

Այո, իրենք դեռ երեկ կառավարության մաս էին կազմում, բայց կառավարության ծրագրում որեւէ խոսք չկա մինչեւ տարեվերջ ինչ գնով ուզում է լինի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին։

Հակառակը, սեւով սպիտակի վրա գրված է, որ դա պետք է տեղի ունենա մեկ տարվա ընթացքում. «Հիմա ի՞նչն է խնդիրը, որ ուզում են ափալ-թափալ գնալ այդ ընտրություններին. մինչեւ հիմա ասում էին՝ պետք չէ «ափալ-թափալ» ընտրություններ անցկացնել։ Մենք միշտ ասել ենք՝ հակասահմանադրական որեւէ գործողության չենք գնա, իսկ ով կգնա հակասահմանադրական քայլերի՝ պատասխանատվությունն իր վրա է ընկնելու»։

Ցնցումներից խուսափելու հիմնական նախապայմանը եւ երաշխիքը, Ռուստամյանի համոզմամբ, արտահերթ ընտրությունների շուրջ համախոհության մթնոլորտ ձեւավորելն է. «Եթե դա չկա, հասարակությունը պառակտվելու է։ Ես դրանից լավ հոտ չեմ առնում։ Կարող է՝ այսօր բոլորը մեզ քարկոծեն, բայց հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր սխալված լինենք։

Վստահ եմ՝ ինչ արել ենք, արել ենք երկրի շահերից ելնելով։ Եթե համարում են, որ օրենքը հակասահմանադրական է՝ դրա ձեւը կա, թող դիմեն Սահմանադրական դատարան։ Բայց այս ձեւով՝ հանրահավաքներով սահմանադրության ճիշտ ու սխալը որոշելը անընդունելի է. աշխարհում նման բան չի եղել։ Եթե մենք ուզում ենք առաջինը լինել՝ դրա հետեւանքները շատ ծանր են լինելու»։

Փաշինյանն ու իր կողմնակիցները, ըստ նրա, խորամանկում են՝ Երեւանի ավագանու ընտրությունները ներկայացնելով «վստահության հանրաքվե», որով «ժողովուրդը», իբր, իր աջակցությունն է հայտնել երկու ամսից ոչ ուշ արտահերթ ընտրություններ անցկացնելու «ծրագրին». «Եթե դա եղել է հանրաքվե, մենք դրա մասին պետք է տեղյակ լինեինք։ Մենք գնացել ենք ավագանու ընտրության, եւ հիմա պետք է առաջնորդվենք մեկի ցուցումներով, որ դա վստահության հանրաքվե՞ էր։

Հանրաքվե էր՝ իմանայինք, մենք էլ հանրաքվեի մասնակցեինք։ Եթե հանրաքվե էր՝ արդյունքները սխալ են ամփոփվել. ոչ թե 82 տոկոսն է ուզում՝ խորհրդարանը լուծարվի, այլ 100 տոկոսը, որովհետեւ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները կողմ էին ԱԺ լուծարմանը։ Ինչո՞ւ ենք փորձում բաց դռնից ջարդելով մտնել»։

«Հայոց Աշխարհ»

Տպել Տպել