Ալեն Սիմոնյան, այդ երբվանի՞ց են «դուխով» հեղափոխականները վախենում միայնակ անտառ մտնելուց

Պարոն Սիմոնյան

Ուշադրությամբ դիտել եմ Հանրային հեռուստատեսության «Խաղի կանոններ» հաղորդումը, որի գլխավոր հյուրը Դուք էիք: Ասում եմ գլխավոր, որովհետև ստուդիա բերված «հասարակությունը» ծափահարում էր միայն Ձեզ: Ճիշտն ասած՝ ինձ համար հետաքրքիր էր, այսպես ասեմ, «առաջին ձեռքից» տեղեկանալ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին տարավ ԱԺ և ինչու կազմակերպեց Բաղրամյան փողոցի այդ կլոունադան:

Ես այդ հարցի պատասխանը ձեզնից չստացա, և հիմա բոլոր հիմքերն ունեմ մտածելու, որ ԱԺ «Ելք» խմբակցության անդամները, ձեր իսկ բնութագրմամբ, «այդ չարաբաստիկ» օրենսդրական փոփոխության քննարկումների ժամանակ, ներողություն, էշի ականջում քնած են եղել և զարթնել են միայն այն ժամանակ, երբ իրենց հեռախոսների վրա տեսել են Նիկոլ Փաշինյանի «լայվը», որով նա հարայհրոց էր բարձրացնում: Ինչևէ:

Պարոն Սիմոնյան, հավանաբար արդեն հասկացաք, որ Ձեզ հետ այս զրույցի առիթը հիշյալ հաղորդման ընթացքում հնչած հանճարեղ մտքերը չեն: Մանավանդ Դուք, բացի աղմուկ-աղաղակ բարձրացնելուց, ոչինչ չէիք անում, ինչը լավագույնս ֆիքսել են հարյուր հազարավոր հեռուստադիտողներ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Կարող եմ ավելացնել, որ ձեր «անասելիք» վիճակն ըստ ամենայնի է գնահատվել նաև հազարավոր ֆեյսբուքահայերի գրառումներում, ինչ նույնպես կարևոր է ձեր հետագա կարիերայի համար:

Այս ամենը թողնելով մի կողմ՝ կուզենայի Ձեզ հիշեցնել աղբարկղերի մասին հենց ձեր հեղինակած հայտարարությունը և հորդորել, որ այն միշտ պահեք մտքում, քանզի, ճիշտ եք, ոչ մի պատգամավոր ապահովագրված չէ աղբարկղում հայտնվելուց: Եվ ուրեմն, բարի եղեք նույն Հանրային հեռուստատեսության եթերից ներողություն խնդրել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանից, որի հասցեին գործածեցիք «անտակտ» արտահայտությունը:

Ես Ձեզնից չեմ կարող պահանջել, որ պատժեք, կամ մի թթու խոսք ասեք ձեր ԲՏՌ-ներին, որոնք ընդհուպ հայհոյել և քաշքշել են ԱԺ մտնելու փորձ արած ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Ռուզան Առաքելյանին: Դա վեր է ձեր ուժերից: Բայց այս դեպքում Դուք եք անձամբ վիրավորողը: Նաև իմացեք՝ ձեզնից տղամարդուն վայել ասպետություն չեմ պահանջում: Մերօրյա հեղափոխականներն ասպետության դասից բացակա են եղել:

Ես առաջարկում եմ ներողություն խնդրել, որպեսզի այդ անտակտության պատճառով չհայտնվեք «Սանիտեքի»՝ ոչ այնքան թարմ որևէ աղբարկղում: Հասկացա՞նք իրար:

Հուսամ՝ Դուք ձեր հայտարարությունն անելիս նկատի ունենիք աղբարկղում ոչ ֆիզիկապես հայտնվելու հեռանկարը: Բայց հանգամանքները, ինչպես տեսնում եք, ստիպում են քայլ անել և թունդ հեղափոխական պատգամավորներից մեկին ուղիղ իմաստով նետել աղբարկղ՝ չմտածելով հետևանքների մասին: Եվ պատկերացրեք՝ մինչև Նիկոլը «լայվ» մտնի, հարայ դնի, մի թանկարժեք կոստյում կարող է պակասել:

Իսկ հիմա, պարոն Սիմոնյան, Հանրայինի «Խաղի կանոններ» հաղորդաշարի մասին: Կարո՞ղ եք մեզ բացատրել, թե ինչ ձևաչափ ուներ այդ թողարկումը, ինչո՞ւ էր բացակայում ԱԺ ամենամեծ՝ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը և ինչու էր «Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այնտեղ, որը ողջ հաղորդման ընթացքում «ֆունդամենտալ» դամքաշություն արեց ձեզ համար՝ օգնելով, որ տիար վարչապետի կեղծ աժիոտաժն այդպես էլ չբացահայտվի: Այդ երբվանի՞ց են «դուխով» հեղափոխականները վախենում միայնակ անտառ մտնելուց:

Էդիկ Անդրեասյան

hraparak.am

Տպել Տպել