Սէրն ու համերաշխութիւնն այս օրերին


Վահէ Թորոսեան

Սէր նշանակում է սիրել, որեւէ մէկի հետ հաշտ ու բարիացակամ յարաբերութիւն ունենալ, բարեկամաբար վարւել, համակրել, յարգել եւ …

Համերաշխութիւն նշանակում է հաշտ, համաձայն եւ միաբան լինել, կարծիքների գործելակերպի մէջ համաձայնութիւն ունենալ եւ …

Իսկ յեղափոխութիւն նշանակում է փոփոխութիւն, մի վիճակից ուրիշ վիճակի փոխւել, բարեփոխել, վատից դէպի լաւը գնալ եւ …

Վերջին քանի ամիսների ընթացքում՝ Հայաստանում տեղի ունեցած «Թաւշեայ յեղափոխութիւն»-ից յետոյ, յաճախ ենք լսում վերոնշեալ բառերը, որոնք այնպէս էլ մնացին միայն բառեր. յատկապէս այս օրերին, հայրենիքում, ոչ մի նշոյլ անգամ չկայ սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտից, ինչը, դժբախտաբար, վարչապետի ու նրա թիմակիցների կողմից կատարւած յայտարարութիւնների ու գործելաոճի արդիւնքն է:
Հայաստանում տեղի ունեցած փոփոխութիւնները, սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտից բացի երկրում պէտք է ամարգրէին ժողովրդավարութիւն ու արդարութիւն, բայց արի ու տես, որ դա էլ չիրականացաւ:
Ներկայ դրութեամբ նկատւում են այնպիսի երեւոյթներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում սէր, համերաշխութիւն եւ յեղափոխութիւն բառերի իմաստներին, այլեւ տարանջատում եւ շերտաւորում են հայ ժողովրդին՝ նրանց «սեւերի ու սպիտակների» եւ «յեղափոխականների ու հակայաղափոխականների» խմբերի բաժանելով:

Այս օրերին Հայաստանը ոչ թէ գնում է դէպի ժողովրդավարութիւն, այլ սլանում է դէպի անբոխավարութիւն, երկրում ոչ թէ փորձեր են կատարւում արդարութեան հաստատաման ուղղութեամբ, այլ ջանքեր են գործադրւում հակաօրինականութեամբ իրականացնելու սեփական նպատակները: Դէպի սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտ ժողովրդին առաջնորդելու փոխարէն, նրանց սովորեցնում են պահանջները ներկայացնել անօրինական ճանապարհով եւ ամենագռեհիկ ձեւով անյարգել ցանկացած անհատի, անկախ այն հանգամանքից թէ նա կին է, ազգային հերոս, խորհրդարանի պատգամաւոր կամ …

Այսօր իշխանութեան գլուխն անցած անհատները ոչ մի բանով չեն տարբերւում նախորդներից: Նրանք էլ ամէն կերպ ուզում են իշխանութիւնը պահել իրենց բռում, լինի ամբոխավարութիւնով, սահմանադրութեան փոփոխութիւնով կամ հակաօրինական այլ ճանապարհներով: Ցաւօք այս ամէնը երկիրը դէպի փայլուն ապագայ տանելու փոխարէն, իջեցնելու է նրա հեղինակութիւնը եւ երկրում հաստատելու է բռնապետութիւն, որն ի վերջոյ հիասթափեցնելու է յեղափոխութեանը հաւատ ընծայած ժողովրդին:

Հարաւային Աֆրիկայի նախագահ Նելսոն Մանդելան, երբ ազատւեց յեղաշրջման մեղադրանքով շուրջ 27 տարվա բանտարկութիւնից, եւ երկրում յեղափոխութիւն տեղի ունեցաւ, համաներում շնորհեց, համոզւած լինելով, որ վրէժխնդրութեամբ չի կարելի երկրում խաղաղութիւն հաստատել: Նա անգամ նախագահականի աշխատակազմում ոչ մի փոփոխութիւն չիրականացրեց:

Յուսանք, որ մեր երկրի վարչապետը վերջ ի վերջոյ գիտակցելու է, թէ ինքը ամենասկզբում երկրի վարչապետ է եւ ոչ թէ յեղափոխութեան առաջնորդ եւ վարչապետի հանգամանքից ելնելով պէտք է անձամբ առաջին պաշտպանն ու գործադրողը լինի օրէնքի ու սահմանադրութեան եւ չհրահրելով սեփական ժողովրդին՝ սէր, համերաշխութիւն ու հանդուրժողականութիւն սերմանի նրանց միջեւ. պէտք է իր շուրջ համախմբի բոլորին՝ յանուն երկրի բարգաւաճման ու անարդարութեան իսպառ վերացման:

Մեր, բոլորիս պարտքն է, որ միմեանց թեւ ու թիկունք հանդիսանալով, աշխատենք մէկ ընտանիքի պէս, յանուն հայ ազգի ու Հայաստանի, որպէսզի յաջողութեամբ պսակւի ժողովրդի յեղափոխութիւնը, երկրում տիրի սէր եւ համերաշխութիւն, հայ ժողովուրդը մի անգամ եւս չհիասթափւի իշխանութիւնից եւ ամենակարեւորը կերտւի արդար եւ ժողովրդավար հայրենիք:

6 հոկտեմբեր 2018
Նոր Ջուղա

Տպել Տպել