Եթե լինի քաղաքական կոնսենսուս, ՀՅԴ-ն դեմ չի լինի, որ ընտրությունները լինեն դեկտեմբերին

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ իրենց խմբակցությունը խորհրդարանական մնացած ուժերի միջև կոնսենսուսի դեպքում դեմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին:

Նրա կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո: «Պետք է լինի նաև ոստիկանության ենթակայության փոփոխություն, ոստիկանությունը պետք է լինի կառավարության ենթակայության տակ: Ընտրությունները կարող են լինել լեգիտիմ, բայց պակաս կարևոր չէ ընտրությունների նկատմամբ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը: Դրա համար բոլոր խմբակցությունների համար պետք է ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Եթե այդ բոլոր կետերը կատարվեն, եթե դրանք ամփոփվեն դեկտեմբերին, ընտրությունները թող լինեն դեկտեմբերին, թե` հունվարին, թող լինեն հունվարին: Եթե բոլոր քաղաքական ուժերը երկխոսության և բանակցությունների արդյունքում որոշեն, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, ՀՅԴ-ն չի խոչընդոտի»,- ասաց Սեյրանյանը:

Նա նաև ընդգծեց, որ այդ դեպքում իրենք հավատարիմ կմնան խոստմանը և չեն առաջադրի վարչապետի թեկնածու:

Հարցին` եթե իրենց նշած կետերը չապահովվեն, դարձյա՞լ վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Սեյրանյանը պատասխանեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տարբերակն արդեն կա կառավարությունում, և տրամաբանական է, որ կլինեն քննարկումներ: «Եթե ճանապարհային քարտեզը չլինի, բայց բանակցությունների արդյունքում բոլոր ուժերը հանգեն նրան, որ առանց դրա էլ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, մենք կհամաձայնենք»,- նշեց Սեյրանյանը:

Նա ասաց` եթե նույնիսկ մի կողմ դրվի ընտրությունների մասին նոր օրենքը, սակայն ընդհանուր կոնսենսուսի արդյունքում քաղաքական ուժերը հանգեն նրան, որ ընտրությունները պետք է անցկացվեն կոնկրետ այսինչ օրը, ՀՅԴ-ն չի խոչընդոտելու:

Պատգամավորն ընդգծեց, որ ինքը հարգում է ժողովրդի մի մասի տեսակետը, սակայն դա չի պրոյեկտում բոլորի վրա: «Եթե ժողովուրդը կարծում է, որ բոլոր դժբախտությունների պատճառը խորհրդարանական ընտրությունների չանցկացումն է, ապա ՀՅԴ-ն համաձայն է, որ դա լինի հենց վաղը»,- եզրափակեց նա:

yerkir.am

Տպել Տպել