Բրիւսէլում աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը

Բելգիայի մայրաքաղաք Բրիւսէլում, Հոկտեմբերի 7-ին, աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը, որին մասնակից 40 երիտասարդները ներկայացնում էին Բելգիայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի և Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնները։

Խորհրդաժողովն աչքի ընկաւ արտաքին-յարաբերական և քաղաքական օրակարգի՝ քննարկուող նիւթերի յագեցուածութեամբ։

Խորհրդաժողովի մասնակիցները ունկնդրեցին զեկոյցներ և հանգամանօրէն քննարկեցին հետևեալ նիւթերը.

– Եւրոպական երկրների քաղաքական կացութիւնը, յատկապէս ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական կուսակցութիւնների իրավիճակը,

– ՀՅԴ Երիտասարդականի արտաքին-յարաբերական գործունէութիւնը և ապագայ անելիքները,

– ՀՅԴ լոբբիստական գործունէութիւնը պետական և քաղաքական տարբեր ուժերի հետ։ Եւրոպայում Հայ Դատի յանձնախմբերի և յատկապէս Բրիւսէլում գտնուող Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքները։ Արձանագրուած հայամէտ որոշումներն ու ձեռք բերուած յաջողութիւնները թուրք-ադրբեջանական լոբբիի դէմ,

– Հայաստանի Հանրապետութիւն-Եւրոպական միութիւն յարաբերութիւնների ներկայ մակարդակը և զարգացման միտումները,

– Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական իրավիճակը և դաշնակցական երիտասարդների դերն ու անելիքն այդ ուղղութեամբ,

– դաշնակցական երիտասարդների անելիքները Հ.Հ.-ում՝ ընկերային արդարութեան հաստատման և ընկերվարական արժէքների պաշտպանութեան ու տարածման գործում։

Խորհրդաժողովի մասնակիցները վերահաստատեցին դաշնակցական երիտասարդութեան յանձնառութիւնը՝ Սփիւռքահայ համայնքների ամրութեան պահպանման, արտերկրում հայկական շահերի պաշտպանութեան, քաղաքական գործունէութեան ծաւալման և հնարաւորութիւնների սահմաններում հայրենաբնակ երիտասարդութեան օժանդակութեան գործում։

Մասնակիցները նաև այցելեցին Եւրոպական խորհրդարանի պատմութեան թանգարան, Բրիւսէլի հայկական եկեղեցի և Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթող-խաչքարին։

Խորհրդաժողովն անցաւ ընկերական ջերմ մթնոլորտում։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
09 Հոկտեմբեր, 2018 թ.

Տպել Տպել