Ինչքանո՞վ է տուժում տնտեսությունը ոչ աշխատանքային օրերին

Աշխատանքային օրը ոչ աշխատանքային հայտարարելուց առաջ նախ պետք է հաշվի առնել այն բարդություններն ու խնդիրները, որոնք առաջանում են տնտեսվարողների համար։

Armdaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ տնտեսագիտական տեսանկյունից, յուրաքանչյուր կազմակերպություն պլանավորում է իր գործունեությունը՝ կոնկրետ ամսվա, օրվա կտրվածքով։ Նրանք որոշակի պարտավորություններ են ստանձնում այս կամ այն գործընկերոջ հանդեպ։ « Օրինակ՝ եթե «X» ապրանքը պետք է մատակարարվի «Y» օրը և դա խախտվի, կարող են խնդիրներ առաջանալ պայմանագրային տեսանկյունից։ Այս պատճառով ցանկալի չեն աշխատանքային օրերի փոփոխությունները, հատկապես, եթե դա տեղի է ունենում մի քանի օր առաջ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե մեկ կամ երկու ամիս առաջ հայտարարվում է, որ նման բան է նախատեսվում, մարդիկ իրենց արտադրությունը, տնտեսությունը նախապատրաստում են դրան։ «Ճիշտ մոտեցում չէ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ մի շաբաթ կամ տասն օր առաջ տեղեկացնել աշխատանքային օրը տեղափոխելու մասին»,-ընդգծեց նա։

Տնտեսագետի կարծիքով՝ շատ կարևոր է նաև՝ այդ միջոցառումները Հայաստանի ո՞ր շրջանում են տեղի ունենում։ «Երևանի միջոցառումների պատճառով չպետք է տուժեն մարզերը։ Նույնն էլ՝ հակառակը։ Երկու դեպքում էլ պետք է առանձնացված, տարբերակված մոտեցում ցուցաբերել»,- նշեց նա։

Պարսյանի խոսքով՝ լրացուցիչ աշխատանք է առաջանում նաև հաշվապահական տեսանկյունից։ «Տաբելների փոփոխություն իրականացնելիս, երբ աշխատանքային օրը տեղափոխվում է ոչ աշխատանքային օր, ըստ կարգի՝ աշխատողին աշխատանքի կանչելու համար նախատեսում է կրկնակի վարձատրություն։ Եթե տնտեսվարողը պարտավորություն ունի գործընկերոջ հանդեպ, պետք է աշխատողին աշխատանքի կանչի, որ արտադրությունը կամ ծառայությունը կարողանա մատուցել՝ կրկնակի վճարելով աշխատողին»,-ավեացրեց տնտեսագետը։

Նրա կարծիքով՝ բիզնեսի ներկայացուցիչները նման խնդիրներից խուսափելու համար նախօրոք պետք է տեղեկացված լինեն՝ տնտեսությունն էլ չի տուժի։ «Հատկապես հրատապ դեպքերում, երբ աշխատանքային օրը ոչ աշխատանքային դարձնելու որոշումը կարճ ժամկետում է կայացվել՝ բանկերը, պետական որոշ կազմակերպություններ պետք է մեկ-երկու ժամ աշխատեն։ «Ես երբեք կողմ չեմ եղել, որ տաղավար տոներին հաջորդող օրերը լինեն ոչ աշխատանքային, սակայն նախկինում բիզնեսի ներկացուցիչները նախօրոք գիտեին այդ մասին՝ ըստ դրա կազմակերպում էին իրենց գործունեությունը։ Հիմա չգիտեն՝ սպասում են ՀՀ կառավարության վերջին նիստին, թե ինչ որոշում կկայացվի։ Սա ճիշտ չէ՝ հստակ մեսիջ պետք է ներկայացնել տնտեսությանը՝ ինչ է նախատեսվում աշխատանքային օրվա կապակցությամբ»,- եզրափակեց Պարսյանը։

Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ հոկտեմբերի 5-ին «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում է կատարել, որով նախատեսվու է Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի օրերը, որոնք տեղի կունենան Երեւանում, դարձնել ոչ աշխատանքային։ Քանի որ դրանք տոն կամ հիշարժան օրեր չեն, կառավարությունը չէր կարող ինքնուրույն տեղափոխել աշխատանքային օրերը, այդ պատճառով առաջարկվել էր նախագիծն արագորեն՝ երկրորդ ընթերցմամբ անցկացնել։

Տպել Տպել