Կոչ՝ Ավստրալիայի կառավարությանը ավելացնելու սիրիահայերին տրամադրվող օգնությունը

logo-Avstrala Ավստրալացի օրենսդիրները կոչ են արել երկրի արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել օգնություն տրամադրելու սիրիահայերին, ովքեր Սիրիայում տեղի ունեցող բախումների հետեւանքով լքել են երկիրը:

Ինչպես տեղեկացրել են ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակից, Հանթեր նահանգի Ֆեդերալ մարմնի անդամ Ջոյել Ֆիցգիբոնը եւ Բրեդֆիլդի Ֆեդերալ մարմնի անդամ Փոլ Ֆլեչերը նամակով դիմել են Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Բոբ Քարրին` կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը`այնտեղ ապաստանած սիրիահայ փախստականների օգնության համար: Նոր Հարավային Ուելսի օրենսդրական խորհրդի անդամ Վոլթ Սեքորդը եւս նման ուղերձով դիմել է արտգործնախարարին:

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է օրենսդիրների այս նախաձեռնությունը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում այս անդամներին: Շատ էական է եւ կենսական անհրաժեշտություն է, որ օգնությունը հասնի բոլոր նրանց, ովքեր այս դժվարին պահերին կարիքի մեջ են»,-ասել է նա:

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը վերջերս հայտարարել էր, որ աշխատանքներ է տանում Միջազգային զարգացման ավստրալական գործակալության (AusAID) և Արտաքին գործերի ու առևտրի դեպարտամենտի հետ՝ ՀՀ տեղափոխված սիրիահայերին օգնության փաթեթ տրամադրելու հարցով: «Մենք աշխատում են Ավստրալիայի կառավարության հետ՝ ապահովելու [Սիրիայից դուրս եկած փախստականներին տրամադրելի ընդհանուր] 24.5 մլն դոլարի մի մասի տրամադրումը Հայաստանի բարեգործական կազմակերպություններին»,- ասել էր գործադիր տնօրենը:

Տպել Տպել