Երբ չես ընտրվում, որպեսզի ընտրվես…

Այսպիսն է մեր իրողությունը՝ կապված ՀՀ վարչապետի չընտրության, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների և, վերջապես, հին վարչապետի նոր ընտրության հարցում: Որ տարօրինակ ժամանակներ ենք ապրում և ոչինչ արդեն զարմանալի չէ, շատերս ենք համոզվել: Որ փետրվարը 31 օր կարող է ունենալ, դա էլ ամենավտանգավորը չէ: Նույնիսկ օրենքի տառին է համապատասխանում այն, որ կարող ես առաջադրվել վարչապետ ու ամեն ինչ անել, որ քեզ չընտրեն և այդ չընտրությունը դիտվի, որպես նոր Հայաստանում մի նոր առաջընթաց: Սա էլ կարող ես մի կերպ համոզել սեփական մտքիդ: Բայց, դե սա էլ ամենաանկանխատեսելի ու վտանգավոր վիճակը չէ:

Պարտադրված սիրո և անհամերաշխության այս վիճակն էլ կանցնի, սակայն ամենակարևորն է մնում անորոշ՝ Փաշինյանից բացի ովքե՞ր են գալու իշխանության, ի՞նչ թիմ է նստելու կառավարությունում ԱԺ դեկտեմբերյան «վազող» ընտրություններից հետո: Արդյո՞ք այսօրվա թիմն է մնալու կառավարությունում, թե՞ այլ նմանատիպ կամ տարբերվող մարդիկ են գալու: Եվ, վերջապես, այն բազմաթիվ մարտահրավերները, որ կանգնած են մեր առջև, այս նոր եկողները կարողանալու՞ են պատվով տանել, թե՞ էլի սկսվելու է արդարացումների մի երկարաշունչ շարան ու մեղադրանքների մի տարափ՝ նախկին իշխանությունների հասցեին: Որ նախկինում ամեն ինչ լավ չի եղել, դժվար է վիճել, որ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը ձախողվել է և դա մեր ողջ ժողովրդի ու պետության ձախողումն է, դա ևս փաստ է: Բայց արդյո՞ք այսօր կարող ենք վստահ լինել, որ նոր Հայաստանում արժանապատիվ հայ մարդը, արժանապատվության մասին բանավոր ու հրապարակային հայտարարություններից, այն կողմ իրո՛ք ապրելու է արժանապատիվ, իրո՛ք չի լքելու հայրենիքը, իրո՛ք ստանալու է արժանապատիվ աշխատավարձ ու թոշակ, կարողանալու է գտնել աշխատանք կամ հնարավորություն՝ հավասար պայմաններում զբաղվելու է ձեռներեցությամբ: Իհարկե, այս հարցերին շատերը կպատասխանեն՝ դրա համար ժամանակ է պետք, սակայն չմոռանանք, որ նախորդ իշխանություններն էլ 30 տարի նույն էին ասում ու չէին հոգնում այն ամբողջ ուժով պաշտպանելուց: Լավագույն ապագայի լավագույն երաշխիքը լավագույն ներկան է, իսկ վերջինս, խոստովանենք, գոնե կադրային քաղաքականության առումով, այնքան էլ հուսադրող չէ, եթե չասենք՝ հիասաթափեցնող է: Ի՞նչ է սպասվում մեզ դեկտեմբերից հետո՝ կադրային նույնպիսի ձախողու՞մ, թե՞, այնուամենայնիվ, նոր իշխող ուժը կհաղթահարի այս անցանկալի վիճակը:

Փաստը մնում է փաստ՝ ժողովուրդն ինչքան էլ ատի նախկին իշխանություններին, բացառի նրանց վերադարձն ու պաշտի Փաշինյանին, անհրաժեշտ է, որ գործադիրում և ՏԻՄ-երում լծակները լինեն մասնագիտական բավարար կարողություններ ունեցող մարդիկանց ձեռքերում, այլապես ազգովի կհայտնվենք մի նոր, անորոշ ու չերազված տեղ ու կասենք՝ էլի՛ չստացվեց: Ու նորից կփնտրենք փրկիչների… Իսկ փրկությունը՝ ներկա ճիշտ քաղաքականության, միահեծան իշխանությունից խուսափելու, ճիշտ կադրեր ընտրելու մեջ է և ոչ թե որևէ «գերբնական» անձի կերպարում: Որևէ ծովի մեծ ալիք դեռ չի մնացել իր բարձրության վրա, այն իջել է և ձուլվել աղի ջրերում, և պետք է հասկանալ՝ համակարգերն են, որ երաշխավորում են կայունությունն ու առաջընթացը և ոչ թե մեսիաները, ովքեր իրենց թիկունքում չունեն համարժեք ծրագրեր ու հետևորդներ: Գաղափարները անպետք են ու անպտուղ, եթե դրանց իրագործողները չկան ու չեն էլ նշմարվում: Չընտրությունից ընտրություն՝ մեկ ամիս է, հուսանք, որ հասարակությունը չի ընտրի միայն հնի մերժման տրամաբանությամբ:

Ընտրություններում չեն ընտրում միայն իշխանություն, քվեարկում են նաև ընդդիմությանը: Հայաստանին այսօր ինչքան որ անհրաժեշտ է լուրջ իշխանություն, այդքան էլ անհրաժեշտ է լուրջ ընդդիմություն՝ զինված ազգային արժեհամակարգով, երկրում սոցիալական արդարության հաստատման ծրագրերով և Արցախյան հարցում սկզբունքային անզիջող կեցվածքով: Հեղափոխական իշխանությանը պետք է ավելի լավ հսկել ու հակակշռել, այլապես հիասթափությունները կարող են լինել նույնչափ հեղափոխական ու, գրեթե՝ երաշխավորված:

Արտակ Սարգսյան

Տպել Տպել