Ընդամենը քաղաքական տհասություն է

Թեպետ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը որոշում ուներ՝ կողմ քվեարկել կառավարության ներկայացրած ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, սակայն խմբակցության երկու պատգամավոր չմասնակցեցին քվեարկությանը: Նրանց եւ եւս հինգ պատգամավորի շնորհիվ կամ պատճառով նախագիծն այդպես էլ չընդունվեց: Չքվեարկողների թվում էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ում հետ էլ զրուցեց «Իրավունքը»:

– Պարոն Մանուկյան, ՀՅԴ խմբակցությունը որոշում ուներ` կողմ քվեարկելու, ինչո՞ւ չմասնակցեցիք քվեարկությանը, ինչը նաեւ որոշ պատգամավորների կողմից որակվեց որպես սաբոտաժ:

– Նախ առավոտյան նիստին մասնակցել եմ, եւ մինչեւ նիստն ունեցել ենք խմբակցության նիստ, որը միաձայն որոշում է կայացրել, որ պետք է կողմ քվեարկենք Ընտրական օրենսգրքի նախագծին, ինչին ես էլ եմ համամիտ եղել: Մասնակցել եմ առավոտյան քվեարկությանը, որի երկրորդ քվեարկությամբ միայն քվորում ապահովվեց, իսկ դրանից հետո անձնական հարցերով դուրս եմ եկել ԱԺ-ից: Աստված չանի, որ ինչ-որ մեկի հետ էլ նման անձնական խնդիր առաջանա ու չմասնակցի քվեարկությանը: Բայց ես ընդամենը ներկա չեմ եղել, որ կողմ քվեարկեի: Ինչպե՞ս կարելի է սա սաբոտաժ համարել, երբ ես, իշխանության մեջ լինելով, առաջիններից էի, որ միացա ժողովրդական շարժմանը: Այնպես որ, սա սաբոտաժ համարելն ընդամենը քաղաքական տհասություն է, որ ինչ-որ մեկը փորձում է այդպես վարկաբեկել:

– ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունում էլ 4 պատգամավոր չէր մասնակցել քվեարկությանը, բայց չգիտես ինչու բոլորը մատնանշում են չքվեարկած երկու ՀՅԴ-ական պատգամավորին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չգիտեմ` ով է սաբոտաժի ենթարկել քվեարկությունը, ով` ոչ, ցանկացած մարդ իր արարքի համար է պատասխանատու: Երբ իմ ապրած տարիներն ու հետագիծը նայեք, կհասկանանք, որ ոչ ոք ինձ կյանքում չի կարող ասել` սա այսպես արա, նա` այնպես: Ես կուսակցական մարդ եմ, որը հարգում է այդ կուսակցության եւ խմբակցության որոշումները: Եթե չցանկանայի, որ նախագիծն անցներ, խմբակցության նիստին դեմ կարտահայտվեի, բայց այդպես չի եղել:

– Այսինքն` հիմա, երբ պատգամավորների ստորագրությամբ կրկին Ազգային ժողով է բերվելու Ընտրական օրենսգրքի նախագիծը, պատրաստվում եք կո՞ղմ քվեարկել:

– Միանշանակ, պատրաստ եմ, եւ իմ կարծիքը ոչ մեկը չի կարող փոխել: Ես իմ խմբակցության, կուսակցության հետ եմ, ինչ որոշում կայացնեն, այդպես էլ կլինի:

– Բայց Դուք ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր եք, ինչպե՞ս ստացվեց, որ հիմա կողմ եք փակ համամասնական ցուցակին, ինչը ենթադրում էր այս նախագիծը:

– Ինձ համար էական տարբերություն չկա` ռեյտինգային ընտրակարգ կլինի, թե` ոչ: Կուսակցության ներսում մարդիկ ցուցակն այնպես են կազմելու, որ նախկինում, ովքեր վարկանիշով բարձր են եղել, առաջին համարներում լինեն: Ինձ համար ավելի լավ է, որ չլինի, որովհետեւ ես կլինեմ կուսակցության առաջին համարներում, ու դրանով պայմանավորված` իմ անցողիկությունը ԱԺ ավելի հեշտ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Տպել Տպել