ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը պահանջում է Բաքվին օգնություն չտրամադրելու 907-րդ բանաձևի պարտադիր կիրառումը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Բաքվի թափ առնող ռազմատենչությունը պահանջում է ուժեղացնել 907-րդ բանաձևը, մասնավորապես՝ ադրբեջանական բանակին ցանկացած ռազմական կամ երկակի նշանակություն ունեցող ապրանքների վաճառքը կանխելու տեսանկյունից:

Tert.am-ը նրանից հետաքրքրվել է, թե Հայ Դատի հանձնախմբում ինչ տպավորություն են ստացել ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևան այցից և այդ ընթացքում արված հայտարարություններից:

Նա մասնավորապես ներկայացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի դիտարկումները՝ կապված Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունած «Ազատության աջակցության» ակտի 907-րդ լրացման հնարավոր փոփոխության մասին:

«Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը համառորեն պահանջում է 907-րդ ուղղմամբ սահմանված սահմանափակումների պարտադիր կիրառումը (այդ թվում՝ ռազմական օգնության հետ կապված) Ալիևի ռեժիմի նկատմամբ և Բաքվի մեծացող ագրեսիայի պայմաններում կոչ անում Սպիտակ տանը դադարեցնել այդ օրենքը չկիրառելու պրակտիկան»,- ասաց նա:

Ըստ Արամ Համբարյանի՝ դա չանելու պարագայում՝ Կոնգրեսին հարկ կլինի վերհիշել Սպիտակ տանը շնորհված օրենքի չկիրառման տխրահռչակ իրավասությունը:

«907-րդ ուղղման պահանջներին զուգահեռ մենք ուշի ուշով հետևում ենք սպառազինությունների արտահանման վերահսկողությանը` կապված երրորդ կողմերի միջոցով Ադրբեջանի՝ վերջերս կատարած ռազմական գնումների հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 907-րդ բանաձևը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992թ. ու ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը:

Տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է այնպես անել, որ 907-րդ լրացումը չեղարկվի:

Խոսելով արդեն Ջոն Բոլթոնի այցի մասին՝ նա մի քանի նկատառում արեց: Նախ հիշատակեց՝ ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի սեպտեմբերի 21-ի նամակների ոճով՝ Բոլթոնը ողջունեց Հայաստանում կատարված խաղաղ, ժողովրդավարական, սահմանադրական անցումը:

«Առերևույթ դուրս մղելով Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի համար ամենաբարձր առաջնահերթություն համարվող Արցախի հիմնախնդրի լուծումը՝ որպես Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու միջոց՝ Բոլթոնը, գոնե հրապարակայնորեն, ընդգծեց ԱՄՆ-ի համար Արցախյան հիմնախնդրի կարգավորման օգուտները Իրանի մեկուսացմանն ուղղված իր ջանքերում: Մենք կարող ենք Արցախի հարցում ակնկալել դիվանագիտական տեղաշարժ, ինչը հավանաբար նախանշվեց Արցախի տարածքի վերադարձի վերաբերյալ Հայաստանում դեսպանի իր առաքելությունն ավարտող Ռիչարդ Միլսի անողոք հայտարարությունում: Պատերազմին միշտ պետք է լինել պատրաստ»,- նկատեց Արամ Համբարյանը:

Նա մատնանշեց՝ Բոլթոնը հայտնեց Հայաստանին զենք վաճառելու՝ ԱՄՆ պատրաստակամության մասին, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ադրբեջանին զենք վաճառելու համատեքստում:

«Վտանգն այն է, որ Ադրբեջանն իր ռազմական բյուջեով կարող է թույլ տալ իրեն ձեռք բերել ավելի կատարելագործված ամերիկյան զենքեր, քան Հայաստանը՝ առաջացնելով անհավասարակշռություն ինչպես ռազմադաշտում, այնպես էլ ամերիկացի զենք արտադրողների (և նրանց քաղաքական դաշնակիցների) հետ հարաբերությունների տեսակետից: Այստեղ կարևոր է առաջնորդվել իմաստությամբ»,- ասաց նա:

Արամ Համբարյանի խոսքով՝ Բոլթոնը նաև ազդարարեց Իրանի նկատմամբ խստագույն պատժամիջոցների գործադրման մասին՝ մեղմացնելով պատժամիջոցների վերաբերյալ խոսակցությունը՝ տարածաշրջանային գործընկերներին վնասելուց զերծ մնալու համար:

«Բայց սատանան, անկասկած, մանրուքների մեջ է: Հայ Դատի հանձնախումբը կշարունակի հետևել այդ զարգացումներին վստահ լինելու համար, որ այս այցելությունից հետո հայկական ծագմամբ ամերիկացիների տեսակետներն ու արժեքները Վաշինգտոնում այս քննարկումների մաս են կազմում»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Տպել Տպել