Բոլթոնի այցի վտանգավոր ազդակները: Միահեծան իշխանությունը՝ հողային զիջում պարտադրելու լավագույն նախապայման

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Դեկտեմբերին նախատեսվող ՀՀ ԱԺ ընտրություններում, Նիկոլ Փաշինյանի միանձնյա իշխանության հնարավոր հաստատումից բխող բազմաթիվ վտանգներին ԱՄՆ ազդեցիկ պաշտոնյա Ջոն Բոլթոնի` ՀՀ կատարած այցը գումարեց ևս մեկը, և ամենառանցքայինը` արցախյան խնդրում ոչ հայանպաստ սցենարների իրագործման վտանգը: Պարզորոշ է, որ ԱՄՆ-ի համար մեր տարածաշրջանում առաջնային խնդիրը կայունությունն է, որն անմիջականորեն առնչվում է վառելիքաէներեգետիկ պաշարներն առավել անվտանգ տեղափոխելու, այն է` տարանցիկության խնդրին, ինչը մեծապես կօժանդակի նաև տվյալ երկրները Ռուսաստանի ազդեցությունից ԱՄՆ տնտեսաքաղաքական ազդեցության գոտի տեղափոխելու բարդագույն խնդրի լուծմանը:

Այդպես տեղի ունեցավ նաև Վրաստանի պարագայում, երբ Վարդերի հեղափոխությամբ իշխանության գլուխ եկած երիտվրացիները մի քանի տարի անց երկիրը տարանցիկ գոտու վերածելու և տնտեսական վերելքի ապահովման համար անհրաժեշտ երկարատև կայունություն հաստատեցին մեկուկես տասնամյակ գլխացավանք դարձած աբխազական և հարավօսական հիմնահարցից վերջնականապես ձերբազատվելու միջոցով: Պարզորոշ է, որ առանց ԱՄՆ թույլտվության անգամ պետքարան չգնացող Մ. Սահակաշվիլին 2008 թ. օգոստոսյան արկածախնդրությանը գնաց հատուկ հաշվարկներից ելնելով և իրերի զարգացման հնարավոր սցենարները քննարկելուց հետո: Ցխինվալի ուղղությամբ կայծակնային հարձակումներ գործելով վերջինս ակնկալում էր երկու արդյունք.

1. հանկարծակի բերելով օսերին` Թիֆլիսի իշխանությունն արագորեն տարածել երկրամասի վրա` դառնալով «պատմական» այդ գործընթացի հեղինակ:

2. Պարտության և ռուսական միջամտության պարագայում կվերանային Հարավային Օսիայի 30%-ը կազմող, վրացական ազգաբնակչությամբ ստեղծված և նախկին այդ ինքնավար մարզը «շերտավոր կարկանդակի» վերածած վրացաբնակ անկլավները, կարդարացվեին մինչ այդ առկա և շուրջ մեկուկես տասնամյակ բազմաթիվ ձևաչափերով տարվող բանակցային գործընթացները միակողմանի կերպով խզելու և բոլոր տեսակի հանձնաժողովներն ու միջնորդ մարմինները վերացնելու՝ Դագոմիսյան պայմանագիրն անտեսելու փաստերը, և այս ամենի արդյունքում ինքը՝ Մ. Սահակաշվիլին, վերջնականորեն կձերբազատվեր հարավօսական և աբխազական հարցերից: Ավելին՝ հիմնավոր պատճառներ կունենար իրագործելու հիմնական նպատակը կամ երազանքը` վերջնականորեն խզելու բոլոր տեսակի կապերը ՌԴ-ի հետ, ինչը և տառացիորեն տեղի ունեցավ: ԱՄՆ-ն, եթե անգամ չէր ծրագրել այս հարձակումը, ապա, մտքում ունենալով այսպիսի արդյունքների ակնկալիքներ, միանգամայն լուռ հետևեց գործընթացներին: Բնականաբար, այս ամենի արդյունքում, Ռուսաստանը հայտարարվեց միջազգային ագրեսոր, զավթիչ և այլն, մյուս կողմից` ԱՄՆ-ը ստացավ իր համար բաղձալի երկարատև կայունությունը` որի պայմաններում միանգամայն հանգիստ և անտրտունջ կերպով Վրաստանը վերածեց սեփական տարանցիկ, էներգետիկ և տնտեսաքաղաքական հետաքրքրությունների կայուն հարթակի:

Ի՞նչ է տեղի ունենում ՀՀ պարագայում: Ըստ Բոլթոնի ենթադրությունների` դեկտեմբերին ՀՀ-ում կձևավորվի Նիկոլ Փաշինյանի բացարձակ մենիշխանությունը, որը կունենա լայն ժողովրդականություն, որին այլևս չի վախեցնի արցախյան հակամարտության կարգավորման խնդրում կիրառել ցանկացած սցենար: Ջոն Բոլթոնը, այդպիսով նաև ԱՄՆ-ն, հույս ունեն, որ դեկտեմբերյան իրադարձություններից հետո ստեղծվելիք նոր իրողություններում իրենք, Նիկոլ Փաշինյանի միջոցով, և բավականին հեշտությամբ կկիրառեն իրենց գծագրած սցենարը, որի մեջ, ինչպես ՀՀ-ից հեռացող ԱՄՆ դեսպանը պարզորոշ հայտարարեց, մտնում է «գրավյալ շրջանների վերադարձի» կետը:

Պարզորոշ է, որ մինչ օրս նման սցենարի կիրարկում տեղի չի ունեցել, այսինքն` ՀՀ նախկին իշխանությունները չեն գնացել այդ քայլին, քանի-որ դա կդառնար առանց այն էլ լայն ժողովրդականություն չվայելող իշխանությունների մահախոսականը, ինչպես տեղի ունեցավ Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում: Անգամ կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» առկայության պայմաններում միջազգային շրջանակների (այդ թվում՝ ԱՄՆ-ի) համար ակնհայտ էր այդ իրողությունը, որից ելնելով էլ վերջիններս, կանխատեսելով ՀՀ իշխանությունների արձագանքների բնույթը, ինչ-որ տեղ անիմաստ էին համարում այդ հողի վրա ճնշել նրանց կամ կիրառել նման բնույթի այլ մեխանիզմներ: Արցախյան խնդրի կարգավորման ընթացքի վերբեռնման համար ԱՄՆ-ին հարկավոր էին նոր և կտրուկ շրջադարձեր ՀՀ ներքաղաքական կյանքում, ինչը և այսօր առկա է:

Նոր իրողությունների պայմաններում ԱՄՆ-ը լավ է հասկանում, որ մատի մեկ շարժումով հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքի հանելու ընդունակ Ն. Փաշինյանին այլևս դժվար չի լինի «կառավարել», «համոզել» կամ «դաստիարակել» նշյալ զանգվածներին նաև այս հարցում: ԱՄՆ-ը դեսպանատան վերլուծաբանները, կարծում ենք, շատ պարզորոշ տեսնում են, թե նախկինում մի շարք հարցերի (փողոցներում կարմիր գծերով առանձնացված վճարովի կայանատեղեր, արագաչափերի սահմանած տուգանքներ, տրանսպորտի ուղեվարձի թանկացում, պետական համակարգից հարյուր հազարավոր աշխատակիցների կրճատման մասին հայտարարություններ և այլն) շուրջ իրենց անհամաձայնությունը փողոցներ փակելու և զանգվածային անհնազանդություններ իրականացնելու միջոցով արտահայտող զանգվածներն այսօր ինչպես են այդ նույն հարցերի գոյությունն անտեսում, լուռ և անտրտունջ, շատ դեպքերում՝ ուրախությամբ, համաձայնվում նոր իշխանությունների հետ: Միջանկյալ նշենք նաև, որ առաջիկայում նախատեսվող ԼԳԲՏ համայնքի շքերթի իրականացումը ևս ԱՄՆ-ն դիտարկում է որպես լրջագույն մի թեստ՝ ևս մեկ անգամ համոզվելու համար Ն. Փաշինյանի` ամբոխացման ճանապարհին գտնվող ժողովրդին ամեն տեսակի հարցերում լիարժեք համոզելու վարպետության մեջ: Արդյունքում՝ ԱՄՆ-ը հետդեկտեմբերյան շրջանը դիտարկում է արցախյան խնդրի կարգավորման գործում սեփական սցենարի իրագործման ամենահարմար ժամանակաշրջանը:

Ունենալով ՀՀ-ում «բարենպաստ» պայմաններ՝ ԱՄՆ-ը, ինչպես հայտարարեց Բոլթոնը, կսկսի այդ հողի վրա համապատասխան լայնածավալ աշխատանքներ տանել նաև Բաքվում: Քաղաքական և բիզնես ահաբեկչությունների, «հակահեղափոխական» որակումների, Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի հետ վերադարձի ՙսարսափիկների՚ տարածման միջոցով (այստեղ ևս շատ ենք նման Մ. Սահակաշվիլուն) երկրում ընդդիմության տեղի ու դերի զրոյացման արդյունքում Ն. Փաշինյանի՝ դեկտեմբերին ձևավորվելիք միահեծան իշխանությունը այլևս ոչ մի պատճառաբանություն չի կարող ներկայացնել ԱՄՆ-ին, թե ինչու չի ցանկանում զիջել տարածքները: Բնականաբար՝ ԱՄՆ-ը լավագույնս հաշվարկել է նաև այս հողի վրա իրականացվելիք ՌԴ-ի հակաքայլերը, որոնք, եթե դիտարկենք Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների և փոխադարձ շահերի, ինչպես և ՌԴ-տարածաշրջան զարգացումների հարթության մեջ, իրականում կարող են վերածվել զիջումներ պարտադրող քայլերի և լիովին համընկնել ԱՄՆ-ի դիրքորոշումների հետ (տե՛ս ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման մասին տխրահռչակ արձանագրությունների ստորագրման փաստը):

Ի վերջո՝ պարզորոշ է, որ ԱՄՆ-ն, ինչպես հարավաօսական շուրջ 15,000 վրացի փախստականների, Վրաստանի տարանցիկ համակարգերի ջախջախման, երկրի տնտեսության փլուզման և բազմաթիվ այլ անդառնալի վնասների պայմաններում Վրաստանին, այնպես էլ հողային զիջումների, ՀՀ և ԱՀ պետականություններին և հայ ժողովրդին հասցրած նյութաբարոյական անդառնալի վնասների պայմաններում, ՀՀ-ին կարող է տրամադրել դրամական կամ այլ տիպի օժանդակություններ, ինչը մեծ հաշվով ծիծաղելի է և որևէ կերպ չի կարող դրվել հակառակ նժարին (տե՛ս Վրաստանի ներկա կախյալ և անմխիթար վիճակը):

Փաստենք. արցախյան հակամարտության կարգավորման սարգսյանական պատմափուլում իշխանությունների՝ զիջումների չգնալու հիմնական կռվանը վերջիններիս կողմից լայն ժողովրդականություն չունենալն էր կամ, եթե ավելի հասկանալի ձևակերպենք մեր միտքը, իշխանությունների՝ հասարակության լայն հատվածներին այս հարցում որևէ ձևով կամ ձևաչափով համոզելու անկարողությունը, ինչն էլ ստիպում էր միջազգային հանրությանը անիմաստ և անպտուղ ճնշումներ չբանեցնել ՀՀ նախկին իշխանությունների վրա՝ չձեռնարկելով այս գործընթացում որևէ կտրուկ կամ շրջադարձային քայլ: Նոր իրողությունների պայմաններում այդ կռվանն իսպառ անհետացել է, ավելին, հակամարտության կարգավորման խնդրում առկա է ՀՀ նոր իշխանությունների՝ խորքի մեջ տեր-պետրոսյանական զիջողական մոտեցումներից էապես չտարբերվող դիրքորոշում կամ, առնվազն, նոր կառավարության կազմում են տեր-պետրոսյանական գաղափարները և հայացքներն անվերապահ ընդունող երբեմնի ընդդիմադիրները, որոնց` արցախյան խնդրի հանդեպ ունեցած տեր-պետրոսյանական վտանգավոր դիրքորոշումները պատից կախված զենքի նման մի գեղեցիկ օր կրակելու են:

Արդյունքում՝ դեկտեմբերյան ընտրական գործընթացների ավարտն ազդարարելու է արցախյան խնդրի կարգավորման նոր և անչափ վտանգավոր փուլի սկիզբը, և տվյալ փուլում հայոց պետականության համար կործանարար զիջումներ թույլ չտալու համար հայ հանրությունն, առաջին հերթին, չպետք է թույլ տա միահեծան իշխանության հաստատում ՀՀ-ում: Այդպիսի իշխանության գերին դառնալու է հենց ինքը՝ Ն. Փաշինյանը, և նրան այլևս չի կարողանա մոտալուտ արտաքին ճնշման պայմաններում, հողային զիջման հարցում, իր հակադիր կեցվածքով օժանդակել որևէ քաղաքական ուժ: Երկրում պետք է ձևավորվի ուժեղ, արմատական և գաղափարական ընդդիմություն, որը ոչ միայն երկրի բնականոն զարգացման նախապայմանն է, այլև փաշինյանական իշխանության՝ արցախյան խնդրում հողային զիջումներ թույլ չտալու միակ գրավականը: Ավելորդ չենք համարում հիշեցնելու, որ արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանի վարչախումբը միջազգային հանրության հետ հարաբերություններում հենվում էր հենց այդ ներկայացման վրա, այն է` «Արցախում զինված պայքարը «հրահրում է» տեղի ժողովուրդը, և ինքը որևէ կապ չունի այդ ամենի հետ, ավելին` չի կարող ազդել արցախցիների ազատագրական պայքարի վրա»: Սա կիրառվում էր և’ ագրեսորի պիտակից, և’ միջազգային ճնշումների գլխացավանքից ազատվելու համար: Փաստենք նաև, որ այս սցենարը Լ. Տեր-Պետրոսյանը լավագույնս կիրառում էր նաև շնորհիվ երկիր վերադարձած ՀՅԴ-ի, որը տվյալ շրջանի հասարակական-քաղաքական կյանքում և Արցախի ազատագրման գործում առանցքային դերակատարում ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժն էր:

Կրկին հիշատակելով Վրաստանը՝ փաստենք, որ հողային զիջման գնով հակամարտության գլխացավանքից իրեն ազատած, երկրում միահեծան իշխանություն հաստատած սահակաշվիլիական արկածախնդրությունները չներելով՝ երկրի հասարակությունն ընդամենը 4 տարի անց դուրս եկավ փողոց և վռնդեց Նոբելյան մրցանակի հավակնորդ երբեմնի «մեծ ժողովրդավարին»: Վռնդեցին, սակայն՝ ուշ էր. հարավօսական հակամարտությունն այլևս երբեք չի վերադառնա այն բաղձալի ստատուս քվոյին, ինչը կար 2000-ական թթ. կեսերին՝ մինչ «ժողովրդավարների» միահեծան իշխանության ամրապնդումը Վրաստանում: ՀՀ-ում ևս չի ներվի փաշինյանական ցանկացած արկածախնդրություն: Ժողովրդի մեջ ապրող ազգը շատ շուտ կարթնանա, սակայն նշյալ արկածախնդրություններով պայմանավորված կորուստները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հայոց պետականության գոյության համար:

Տպել Տպել