Արմեն Ռուստամյանը` ԸՕ նախագծի չընդունվելու մասին

Սովոր ենք, որ Թիֆլիսում էլ, օրինակ, կառք շուռ գա, մեղավորը ՀՅԴ-ն է, մեզ դրանով չեն զարմացնի. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք իրենց խմբակցությունը չտապալեց ԸՕ փոփոխությունների նախագծի ընդունումը:

«Մարդիկ պետք է սովորեն իրենց սխալները շտկել, այլ ոչ թե փորձեն դրանք ուրիշներին վերագրել»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` իրականում, եթե երկու անգամ մի բան չի ստացվում, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արվել: «Կոնսենսուս, համախոհություն որ ասում են, ինչո՞ւ են ասում, որպեսզի գործընթացը տեղի ունենա համախոհությամբ, այդ դեպքում պրոբլեմ չէր առաջանա: Իսկ քանի որ դրված է դեկտեմբեր ամիսը, և ամեն ինչ հարմարեցվում է դրան, այսպիսի բաներ պետք է տեղի ունենան: Հիմնական պատճառը թողած` ուրիշ տեղեր են ման գալիս: Ի՞նչ սաբոտաժ, եթե մեր 7 հոգուց 5 հոգին կողմ է քվեարկել: Եթե սաբոտաժ է համարվում, որ հարյուր տոկոսանոց մասնակցություն չկա, ուրեմն բոլոր այն օրենքները, որոնց 105 հոգով չեն քվեարկել, սաբոտաժ է եղել ուրեմն: Ակնհայտ է չէ՞, որ սաբոտաժի մեղադրանքը օդից վերցրած է»,- շեշտեց նա:

Ռուստամյանը նշեց, որ եթե իրենց երկու պատգամավորը չեն եկել, ուրեմն անձնական պատճառներ ունեն: Նա միևնույն ժամանակ ասաց, որ չի կարողացել նրանց հետ կապ հաստատել, և նրանք կբացատրեն, թե ինչ խնդիրներ կան: Ի դեպ, նրանցից մեկը նախորդ անգամ քվեարկել է:

Հարցին` ՀՅԴ-ի առաջարկները չէին ընդունվել, այդ պատճառո՞վ չէին եկել այդ պատգամավորները, Ռուստամյանն արձագանքեց. «Նախապես էլ ասել ենք, որ նախագծին համահեղինակ չենք կարող լինել, քանի որ մեր առաջարկները չեն ընդունվել, մենք կողմ ենք քվեարկելու, քանի որ առաջընթաց կա: Հիմա մենք մեղավո՞ր ենք, որ ամբողջ կազմով չենք եղել: Թող կազմակերպողները բարի լինեին, ամեն ինչ անեին այնպես, որ համոզված լինեին` անցնելու է: Այդ երկու ձայնի պակասելը նշանակում էր, որ պետք է բոլորի հետ համախոհությամբ անցներ, ոչ թե համարեին, որ ուզեն, թե չուզեն պետք է ապահովեն, այն էլ` հարյուր տոկոս քվեարկություն: Դաշնակցությունից մեկ հոգի էլ կողմ քվեարկի, կնշանակի, որ ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է: Անպայման պե՞տք է 100 տոկոսանոց լինի մասնակցությունը: Սա ամբողջ աշխարհում ընդունված նորմալ պրակտիկա է»:

Դիտարկմանը` միշտ ասվում է, որ եթե ՀՅԴ-ն մի բան անում է, բոլորը միասին են անում, և այդ պատճառով Աղվան Վարդանյանը վարչապետին դեմ լինելու համար հեռացվեց կուսակցությունից, նա արձագանքեց. «Աղվան Վարդանյանը տեսակետ է հայտնել, որը հակառակ է եղել կուսակցության տեսակետին, դրանք տարբեր բաներ են, այստեղ հակառակ տեսակետ հայտնող չի եղել»:

Ինչ վերաբերում է բացակայող պատգամավորները պատասխանատվության ենթարկել-չենթարկելուն, Ռուստամյանն ասաց` ոչ: «Կտեսնենք` ինչ անձնական խնդիրներ են եղել, հարգելի են, թե` ոչ, ըստ այդմ` որոշում կկայացնենք»,- ասաց նա:

Նշենք, որ քվեարկության ժամանակ բացակա էին ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանը:

yerkir.am

Տպել Տպել