Նախագահը պետք է պատրաստ լինի իշխանությունը կորցնելուն

Վահան1 ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի` «Դեպի ապահով Հայաստան» խորագրով նախընտրական ծրագրում որևէ նորություն տեղ չի գտել:

«Միշտ էլ նախընտրական փուլում նախագահները հրապարակում են այդ իղձերը` մենաշնորհների դեմ պայքարել, արդարություն հաստատել, ապահովություն, ստաբիլ վիճակ և այլն, և այլն, հետո, սակայն, ոչինչ չի ստացվում»,- Lragir.am-ին ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` միգուցե նման հայտարարություններ անելու պահին նրանք հավատում են, որ դա հնարավոր է իրագործել, սակայն լուրջ բարեփոխումների արդյունքում նախագահները պետք է պատրաստ լինեն կորցնելու իրենց իշխանությունը:

«Եթե դու ամեն մի ռեֆորմ ու փոփոխություն հարմարեցնում ես քո իշխանությունը հավերժացնելու ծրագրի հետ, եթե դու բոլոր ռեֆորմներն այնպես ես անցկացնում, որ քո անձնական իշխանությանը ոչինչ չսպառնա, ոչ մի ռեֆորմ չի հաջողվի: Եվ մինչև հիմա ոչ մի ռեֆորմ չի հաջողվել հենց էդ պատճառով»,- նշեց նա:

Հարցին, թե այսինքն Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում առաջիկա հինգ տարիներին ժողովուրդը խաբվա՞ծ է լինելու, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ այսօրվանից չի ուզում կանխատեսումներ անել: «Աստված տա լավ լինի, բայց էն, ինչ որ եղել է, ինձ հույս չի ներշնչում, որ տրված խոստումներն իրականացնելու հնարավորություն կունենա նախագահը այն պարզ պատճառով, որ իշխանության է գալու նորից նրանց օգնությամբ, որոնցից ձերբազատվելով միայն կկարողանա իրականացնել փոփոխությունները»,- նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:

«ԼՐԱԳԻՐ»

Տպել Տպել