Սիրիահայերին գումարային օգնության հատկացումը ողջունելի է

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այս անգամ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը սիրիահայերին կօգնի գումարով:

Այս կապակցությամբ զրուցեցինք Հալեպի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռայիսյանի հետ:

JirayrR

Վերջինս ասաց, որ այս որոշումը միանշանակ ի նպաստ սիրիահայերի է, և այսպիսով շատ ավելի անհրաժեշտ և առաջնահերթ խնդիրներ կարող են լուծվել. «Ես տեղյակ եմ այդ նախաձեռնության մասին, շատ ողջունելի է այդ որոշումը, որովհետև կան բաներ, որոնք հնարավոր չէ փոխանցել ինքնաթիռով: Այստեղ սիրիահայերն ունեն վառելիքի խնդիր. բնականաբար, փայտ, մազութ կամ գազ չէին կարող ուղարկել, իսկ երբ գումարը լինի, այն հավասարապես կբաշխվի այստեղի հայերի միջև, և նրանք ըստ անհրաժեշտության այն կծախսեն: Եվ քանի որ հիմնական պակասն այստեղ վառելիքն է՝ վառելանյութերը և հենց վառարանները, այդտեղից նախաձեռնությունը, բնականաբար, վառարան չէր կարող փոխադրել երկրից երկիր, այդ պատճառով եմ հատկապես կարևորում «Օգնիր եղբորդ»-ի այս որոշումը»:

Լիլիթ - Վահան-1

«Մենք այս ընթացքում բավականին շատ գումար կարողացանք հավաքել։ Այն ավելի կշատացնենք և տարեմուտին կուղարկենք Հալեպ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը:

«Դրամական միջոցն այս պահին կազմում է 41 մլն 200.000 դրամ և 750 հազար ռուսական ռուբլի, որը համարժեք է 25.000 ամերիկյան դոլարին, և բացի այդ էլ՝ մեր միջնորդությամբ Գագիկ Ծառուկյանը 100 հազար դոլար արդեն ուղարկել է Սիրիա: Ելնելով սիրիահայերի կարիքներից, նաև նրանից, որ դրությունն այնտեղ սարսափելի լարված է, կա օդանավով տեղափոխելու խնդիր, խորհրդակցեցինք տեղի շտապ օգնության կազմակերպության հետ, որտեղ ներառված են համայնքը ներկայացնող կառույցները, և ավելի նպատակահարմար գտանք նյութական միջոցներ ուղարկել. կարիքները հոգալու համար այդ եղանակը շատ ավելի գործնական կլինի»,- ասաց Լ. Գալստյանը:

Նա նաև նշեց, որ պահեստներում դեռ բավականին կուտակված պարենամթերք ունեն, և դրանք էլ մինչև տարեվերջ կբաժանեն Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին։ «Հայաստանում հաստատված սիրիահայ երեխաներին անպայման ամանորյա նվերներ կանենք,ես կարծում եմ, որ հաջորդ տարի կշարունակենք այսօրինակ օգնությունները: Եվ գումարի տեսքով առաջին օգնությունը կուղարկենք տարեմուտին»,- իր խոսքը եզրափակաեց Լ. Գալստյանը:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել