Ինչո՞ւ ՀՅԴ-ն չբոյկոտեց ընտրությունները

Asulis-naxagah Թեև ՀՅԴ-ն նախագահի ընտրություններում թեկնածու չի առաջադրում, բայց դա չի նշանակում, որ մի կողմ է քաշվում գործընթացներից: «Հակառակը, ավելի անաչառ դիրքերից խնդիրներ ենք բարձրացնելու և պահանջելու ենք, որ թեկնածուները հաշվի նստեն հասարակական պահանջի հետ, որը ձևավորվում է ՀՅԴ յոթ կետերի շուրջ: Ակտիվորեն մասնակցելու ենք ընտրարշավին, որպես քաղաքական ուժ` սրանով մեր քաղաքական գործունեությունը չի դանդաղելու»,- այսօր Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, որպեսզի այս ընտրությունները ծառայեն իրենց նպատակին, նախ և առաջ պետք է ժողովրդի մոտ առաջացնեն համոզմունք, որ այս ընտրության միջոցով երկրում որևէ բան հնարավոր է փոխել: Դա կատարելու համար, ըստ Ռուստամյանի, առաջին հերթին անհրաժեշտ էր համախմբել ընդդիմադիր ուժերին, ինչը դժբախտաբար տեղի չունեցավ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ մանրամասնել է, թե ինչու ՀՅԴ-ն չբոյկոտեց ընտրությունները: Ըստ նրա` բոյկոտն իմաստ ունի մեկ պարագայում, եթե ընդդիմադիր ուժերն ընդհանուր բոյկոտ հայտարարեն:

«Ցավոք, հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ Հայաստանում` կախված տարբեր գործոններից, մարդկանց նպատակներից, ամբիցիաներից, նման համընդհանուր բոյկոտ հնարավոր չէ: Իսկ մենք Հայաստանում գործող քաղաքական ուժ ենք և իրավունք չունենք միայն մեր բոյկոտով վերջնականապես վարկաբեկել ընտրության ինստիտուտը: Ի վերջո, փոփոխությունների միակ օրինավոր ճանապարհն ընտրություններն են, և մենք չէինք կարող նման շռայլություն մեզ թույլ տալ»,- ասել է Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ընդգծել է, որ եթե դուրս ես գալիս ընտրապայքարի, պետք է հաղթես: Բայց, նրա խոսքով, առկա իրողությունները, ընդդիմադիր քաղաքական դաշտի չմիավորված լինելը իրատեսական չեն դարձնում գործող նախագահին դիմակայելու և հաղթելու շանսերը:

«Մեզ մնում է հյուս ունենալ, որ գործող նախագահը, եթե հաղթի, հաղթի մեր երկրում առկա անարդարությանը, հաղթի մեր երկրում առկա սոցիալական այս ծանր վիճակին, հաղթի օլիգարխներին և մոնոպոլիաներին: Հաղթանակը դա կլինի և ոչ թե այն, որը կարձանագրվի ընտրությունների արդյունքում»,- ընդգծել է Արսեն Համբարձումյանը:

ՀՅԴ-ն չի բացառում նախագահի թեկնածուներին սատարելու տարբերակը, բայց բացառված է Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելը:

Աղվան Վարդանյանի խոսքով` ընտրարշավի ընթացքում իրենց համակիրներին կկողմնորոշեն` չբացառելով ոչ մի տարբերակ` սատարել որևէ թեկնածուի, պաշտպանել ինչ-որ մեկին, գնալ, բայց չքվեարկել ոչ մեկին:

Նրանք նաև կանխատեսում են, որ ընտրություններին բնական մասնակցության ցուցանիշը շատ ցածր կլինի, եթե չխառնվեն թաղային հեղինակությունները:

Տպել Տպել