2012թ. ձեռքբերումներ չեմ տեսնում Աղվան Վարդանյանն ամփոփում է անցնող տարին

aghvan vardanyan ՀՅԴ ԱԺ խմաբկցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ամփոփել է 2012-ը: Նա ասում է, որ անցնող տարում ձեռքբերումներ՝ պետության, հասարակության մասշտաբով, չի տեսնում:

-2012-ը Ձեզ համար՝ որպես քաղաքական գործչի, ի՞նչ ձեռքբերումների և ի՞նչ բացթողումերի տարի էր:

-Ձեռքբերումների մասին չեմ կարող շատ բան ասել, որովհետև իրականում, քաղաքական առումով, մեզ համար 2012-ը անհաջող տարի էր: Անհաջող տարի էր, քանի որ խորհրդարանական ընտրություններում մենք ավելի քիչ ձայն հավաքեցինք, քան նախորդ ընտրություններին: Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա: Ցավոք, խորհրդարանական այս ընտրություններն իրականում ստվերային ընտրություններ էին: Ինչպես Հայաստանում շատ ու շատ բաներ, ստվերային տնտեսությունից սկսած, քաղաքական-մարդկային հարաբերություններով վերջացրած, այնպես էլ այս տարվա ընտրություններն առաջին անգամ ստվերային էին: Իսկ առաջին անգամ ստվերային ասելով՝ հասկանում ենք այն, որ չկար քաղաքական մրցակցություն, չկար գաղափարների, ծրագրերի մրցակցություն, և պարզվում է, որ ամբողջ ընտրությունները տեղի էին ունեցել ընտրություններից առաջ՝ այլ վայրերում ընտրակաշառքի ռեսուրսի օգտագործմամբ: Ընտրությունների այս բնույթը, բնականաբար, քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը չէր արտացոլում: Այս տեսանկյունից դժվար և ծանր տարի էր: Ծանր էր նաև այն գիտակցումը, թե ինչպես է հնարավոր մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդի կամքը:

-Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր տարեվերջի, երբ ամփոփվում է տարին, ձեռքբերումների մասին չի խոսվում և անընդհատ խոսվում է անհաջողությունների մասին:

-Չեմ կարծում: Մեր կառավարության անդամները մամլո ասուլիսներ կտան, և բոլորը կխոսեն բազմաթիվ ձեռքբերումներից: Կխոսեն նաև նույն այս տարվա խորհրդարանական ընտրությունների ձեռքբերումներից, օրինակ՝ ինչպիսի հրաշալի ըտնրություններ տեղի ունեցան, ինչպիսի առաջընթաց եղավ և այլն: Սրա մասին էլ անպայման կխոսեն: Այնպես որ՝ խոսողներ շատ կլինեն: Մեծ հաշվով՝ ես 2012թ. ձեռքբերումներ՝ պետության մասշտաբով, հասարակության մասշտաբով, չեմ տեսնում: Տեսնում եմ միայն կորուստներ, քանի որ հասարակությունը շատ ավելի չեզոքացվում է, անտարբեր է դառնում:

Զուտ մեր խմբակցության համար կարող եմ ասել, որ մենք կարողացանք հավատարիմ մնալ մեզ, փորձեցինք քաղաքական գաղափարը իսկապես քաղաքական դարձնել, հրապարակային դարձնել այդ հարաբերությունները: Բայց առայսօր մեծ հաջողություններ չեն գրանցվել: Կարծում եմ՝ խորհրդարանում դրական էր թե՛ մեր խմբակցության, թե՛ այլ ընդդիմադիր խմբակցությունների աշխատանքը, որովհետև անկախ մեր թվաքանակից, անկախ որոշումների վրա ազդելու հնարավորությունից՝ մենք աշխատեցինք, փորձեցինք իսկապես ներկայացնել մեր դիրքորոշումերը յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ: Կարծում եմ՝ հասարակությունը տեսնում է այս մոտեցումները, և այս վերջին փոքրիկ հաջողությունը դրա վկայությունն է:

-Հայաստանում խոսվում է քաղաքականության մասին, բայց բովանդակային առումով դա քաղաքականություն չէ: Խոսվում է ժողովրդավարության մասին, որը նույնպես ժողովրդավարություն չէ: Կարելի է ասել, որ կան տերմիններ և ինչ-որ հասկացություններ, որոնք Հայաստանում աղճատվում են: Եվ դրա պատճառով մենք, կարծես թե, ապրում ենք երկու իրականության մեջ: Ի՞նչն է պատճառը:

-Իրոք, մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ունենք երկու իրականություն՝ հայտարարվածը և կյանքը: Գիտեք, մեր բոլոր գործիչները և ընդհանրապես մեր տեսակը շատ ստեղծագործ տեսակ է: Այսօր պետք է համակերպվել և հարմարվել աշխարհին: Այսօր պետք է ասել ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, և որ մարդը բարձրագույն արժեք է: Մենք սա հանգիստ ասում ենք՝ նշելով, որ այդ ուղղությամբ ենք գնում: Սակայն իրական կյանքում բոլորովին այլ բան ենք անում՝ ցույց տալով միայն երեսը, շղարշը, արտաքին մակերեսը: Մենք ասում ենք, որ տնտեսությունը աճ է արձանագրում, մեր ցուցանիշները գնահատվում են միջազգային կազմակերպությունների կողմից: Բայց իրականում աղքատությունն է աճում, ստվերներն են աճում, անընդհատ նոր մեթոդներով քաղաքացիներից գումարներ են հավաքվում, և այդ գումարները գնում են մասնավոր, նեղ շրջանակների գրպաններ:

Այս առումով մենք իսկապես յուրօրինակ ժողովուրդ ենք: Սակայն սա ի վերջո անսահման չի կարող ձգվել: Ցանկացած բան, որ ձգվում է, մի տեղ կտրվում է: Այս համատարած հուսալքությունն ու անվստահությունը վաղվա օրվա հանդեպ, ինչպես նաև այս անտարբերությունը կհանգեցնեն երկու բանի: Առաջինը, որի նշաններն ակնհայտ են, այն է, որ իշխանությունը գնում է բացարձակ մենաշնորհի և վստահ է, որ իրեն ամեն ինչ թույլատրելի է: Այստեղից էլ սկսվում է դրա դեգրադացիան, որը կբերի վերջինիս ինքնաքայքայմանը, ներքին հակասություններին: Երկրորդն այն է, որ այս մտածողությունն ի վերջո նաև բերում է մարդկանց, պայմանականորեն ասած, քաղաքական էլիտայի, մի այնպիսի փոքրիկ, բայց լուրջ կրիտիկական զանգվածի ստեղծման, որն իսկապես թելադրում է քաղաքական օրակարգ, ճիշտ ուղղություն, և որի շուրջ ձևավորվում է հասարակական համախոհություն: Այն, ինչ այսօր փորձում է անել ՀՅԴ-ն, հենց դա է:

-Ի՞նչն է պատճառը, որ հիմա քաղաքական էլիտան դեգրադացված է: Եվ մարդիկ, որոնք իրենց մեջ կրում են իրական արժեքներ և գործում են հասարակակենտրոն նպատակներով, չեն ընկալվում քաղաքական դաշտի կողմից, և կարծես թե, մարգինալացվում են:

-Կա երկու խնդիր: Առաջինը մեր կյանքի չափից ավելի նյութականացումն է, նյութապաշտությունը, ինչպես նաև անկախության քսան տարիների անընդհատ կորուստներն ու նահանջները: Երբ թվացել է, թե պետք է մի նոր ալիք բարձրանա, նահանջ է տեղի ունեցել, որը մարդկանց հիասթափեցրել է, և մարդիկ դարձել են շատ ավելի հարմարվող ու անվստահ այն հարցում, որ հնարավոր չէ որևէ բան փոխել: Եվ սա մարդկանց մեծ շրջանակ է ներառում: Բայց ես նաև վստահ եմ, որ կա մարդկանց այն խումբը, որ սկզբունքային է, մարդիկ, որոնք իսկապես իրենցից կախված ամեն բան պետք է անեն: Մենք ունենք պրոբլեմ. այդ մարդկանց ընդհանուր դաշտում կամ նույն արժեքային համակարգի վրա համախմբելն է: Այս պրոբլեմը մենք ունենք երկու առումով: Մեկը, որ հնարավոր բոլոր նման համախմբերի առջև սկսվում է հակառակ աշխատանք՝ ամենատարբեր և ամենացածրարժեք մեթոդներով: Երկրորդ՝ մենք ունենք սերնդափոխության լրջագույն խնդիր, քանի որ այսօրվա մեր քաղաքական «ընտրանին» իր 80-90 տոկոսով 20 տարվա մաշվածություն ունի: Եվ ամենավտանգավորն այն է, որ ընդհանուր այս մթնոլորտի հարմարվողականության կամ այս ճանապարհի ներսում ձևավորում է այն երիտասարդությունը, որի ակնհայտ մեծամասնությունը զուրկ է ուղենիշներից, սկզբունքներից, քաղաքական կամքից: Եվ ի վերջո, այս երկրի հետ մշակութաբանական արմատներով կապվածությունից….

Կարիերիստների ու օրվա իշխանությունը փառաբանող այս սերունդը շատ ավելի վտանգավոր է դառնում, քան շատ ու շատ արդեն տարեց քաղաքական գործիչներ: Մենք հաճախ էլիտա ասելով նկատի ունենք միայն քաղաքական կուսակցություններին, խորհրդարանին կամ կառավարությանը: Սակայն պետության էլիտան շատ ավելի բազմազան պետք է լինի: Պետք է լինի մշակութային, տնտեսական, ռազմական, հոգևոր և այլ ոլորտների էլիտաներ: Այս բոլորի միավորումը պետք է բերի 100-150, միգուցե ավելի քիչ՝ 50 կամ սկզբում թեկուզ 15 տարբեր ոլորտների արժեքներով համակարգային մտածող մարդկանց մի խումբ, որոնց համար այս արժեքների պահպանումը շատ կարևոր է, և միայն արժեքների պահպանմամբ կարելի կլինի որևէ բանի հասնել:

Ես կարծում եմ, որ ուզենք թե չուզենք, մեկ է, մենք գնալու ենք այդ ճանապարհով, ուզենք թե չուզենք, մենք մեր երկրում ստեղծելու ենք ինստիտուտներ, համակարգեր, որոնք անպայման աշխատելու են: Ուղղակի, ափսոս այս քսան տարիներն ու ժամանակը, երբ մենք շարունակում ենք աշխարհից հետ մնալ: Մի վտանգավոր բան ևս, որ ես նկատում եմ, դա այն է, որ այսօր իշխանությունը դառնում է գրեթե բացարձակ, որի պատճառով նա դադարում է պատասխանատու լինել: Նախկինում թե՛ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թե՛ կառավարությունների ծրագրերում, թե՛ նախագահների նախընտրական ծրագրերում կային հստակ նպատակներ, ցուցանիշներ, թիրախներ, արդյունքներ: Վերջին բոլոր փաստաթղթերը՝ և՛ 2012թ. կառավարության ծրագիրը, և՛ 2013թ. բյուջեի նախագիծը, և՛ հանրապետության նախագահի ելույթը ՀՀԿ նախընտրական համագումարում, բացարձակապես զուրկ են կոնկրետությունից, նպատակներից, ցուցանիշներից: Եվ չգիտես, թե ինչ է լինելու: Սա արդեն վտանգավոր նախադեպ է դառնում, որը, ըստ իս, 2012թ. խարաններից մեկն է:

-Պարոն Վարդանյան, ավարտելով՝ փորձենք, 2012թ. բացթողումները հաշվի առնելով, հասկակալ, թե ինչ է տեղի ունենալու 2013թ. կամ դրանից հետո: Այսինքն՝ ինչպիսի՞ պոտենցիալով ենք մենք մտնում 2013թ., և անձամբ Դուք ի՞նչ կցանկանայիք:

-Մենք լավ նախադրյալներով չենք մտնում 2013թ.: Բայց ես հուսով եմ և ավելին՝ վստահ եմ, որ մենք ի վերջո հասել ենք այս անկման բարձրակետին՝ և՛ արժեքների առումով, և՛ մտածողության: Կարծում եմ՝ արդեն կա այն միտքը, այն կամքը, որ ձևավորելու է մի ընդհանուր օրակարգ, որի շուրջ հասարակությունը համախմբվելու է: Դաշնակցությունն առնվազն սա է անում և շարունակելու է անել: Մենք վստահ ենք, որ մեր նշած արժեքները, սկզբունքները, օրակարգը դուռ են բացելու այս երկրի, հասարակության, մեր քաղաքացիների համար: Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր կոլեկտիվի և մեր հանրության Սուրբ ծնունդն ու Ամանորը:

Զրուցել է Դերենիկ Մալխասյանը
«ՕՐԱԿԱՐԳ»

Տպել Տպել