Նախագահական ընտրություններին քաղաքական դաշտի ամայացումը լավ ցուցանիշ չէ. Շահան Գանդահարյան

ShahanKandaharianԼիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանի կարծիքով՝ 2012-ին Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից էր քաղաքացիական շարժումների ձևավորումն ու հետզհետե կայացումը։ Նրա խոսքով՝ սա շատ առողջ գործընթաց է, որը պետք է կայանա և ազդի քաղաքացիական հասարակարգի ձևավորման և կայացման վրա. «Մեր երկրում, սակայն, դեռևս կա տնտեսական մենաշնորհ: Գործի դրված ճիգերը, թվում է, բավարար չեն. աշխատատեղիների ստեղծումը, արժանավայել աշխատավարձը և ընդհանրապես ապակոռումպացվածությունը ճանապարհ ունեն անցնելու»,- ասաց նա։

Այս բոլորը, ըստ նրա, հանգեցնում են ամենացավոտ խնդրին՝ ժողովրդագրական ներկա պատկերին։ Եթե արտաքին քաղաքականութան ուղղությամբ Արցախյան հիմնախնդիրը մեր համար առաջին խնդիր է, ապա ներքին առումով, Շահան Գանդահարյանի կարծիքով, ժողովրդագրական պատկերի բարելավումը պետք է դառնա առաջնային խնդիր, իսկ այստեղ բոլորն էլ համատեղ անելիք ունեն՝ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը, թե՛ Սփյուռքը, բոլորն էլ համատեղ անելիք ունեն:

Նա նաև նշեց, որ տարին հոբելյանական էր «Ազդակի» համար՝ լրացավ թերթի հիմնադրման 85 տարին. տարբեր երկրներում մամուլի ասուլիսների և մամուլի լսարանների միջոցով նշվեց հոբելյանը և անդրադարձ եղավ «Ազդակի» անցած ուղին արժևորելու և հետագա գործունեությունը նախանշելու։

Արդյոք նախագահական ընտրությունները կարո՞ղ են փոփոխություն մտցնել իրականության մեջ 2013-ին, Շահան Գանդահարյանը նկատեց, որ նախագահական ընտրություններին քաղաքական դաշտի ամայացումը, իհարկե, լավ ցուցանիշ չէ ժողովրդավարական երկրների համար։ Փաստորեն բացակայում է մրցակցային հնարավորությունը, և թեկնածու չառաջադրելը կամ չինքնառաջադրվելը վկայում է կանխորոշվածության գործոնի գերակայության մասին: Աա իր հերթին նշանակում է, որ քաղաքական ուժերը փոփոխության հնարավորություն չեն տեսնում:

«Կարծում եմ՝ մեծ պատասխանատվության տակ են գործող իշխանություններին փոփոխության հույս ներշնչելու, մրցակցային դաշտ ձևավորելու և քաղաքական ուժերին ակտիվացնելու, ընտրություններին մասնակից դարձնելու առումով։ Քաղաքական դաշտի ապամիաբևեռացման անհրաժեշտությունն է զգացվում. ի վերջո, ընդդիմությունը պետականության համար անհրաժեշտ բաղադրիչ է, և դրա փոշիացումը չի նպաստում պետականության կայացմանը. իհարկե խոսում ենք կառուցողական ընդդիմության մասին»,- իր խոսքը եզրափակեց Շահան Գանդահարյանը:

«ԱՌԱՋԻՆ» լրատվական

Տպել Տպել