Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ երկփեղկվածություն է ձևավորվել

hrach v Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաներկայացումը խորհրդարանում երկփեղկվածության պատճառ է դարձել: Թեև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահեցրել էր, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր, իրավական առումով ապահով օրինագիծ կմշակվի Ֆրանսիայի կառավարության կողմից, որպեսզի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունի այն, Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող իր օրինագիծը, որը նախորդ տարի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում մերժված նախագծի կրկնությունն է։

Ֆրանսահայ փորձագետների կարծիքով՝ այս օրինագիծը դատապարտված է տապալման մեկ այլ պատճառով ևս. այն ներկայացվում է ընդդիմադիր պատգամավորի կողմից:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ դատի Փարիզի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, փորձել են Բուայեի հետ խոսել, համաձայնության եզրեր գտնել, որպեսզի նա հետ կանգնի իր անհատական նախաձեռնությունից և սպասի, որ նույնաբովանդակ օրենքի նախագիծ մշակվի և ներկայացվի Ֆրանսիայի կառավարության կողմից, որը չի մերժի Սահմանադրական խորհուրդը, ինչպես խոստացել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Վարժապետյանի խոսքով, ֆրանսիացի պատգամավորուհին, սակայն, անդրդվելի է իր անհատական նախաձեռնության հարցում: Հայ դատի գրասենյակիղեկավարը նշեց, որ հնարավոր չէր այլ միջոցներով կասեցնել, զսպել այդ նախաձեռնությունը, քանի որ ֆրանսահայերը չեն ցանկանում հարաբերությունները վատացնել պատգամավորուհու հետ, որովհետև շնորհակալ են նրան ամեն ինչի համար, որ նա արել է անցյալում և դեռ անելու է: Նա մնալու է հայության բարեկամ, պարզապես համառում է իր անձնական նախաձեռնության հարցում:

«Դժբախտաբար, իր ներկայացրածը չի ընդունվի խորհրդարանում, տկար դուրս կգա՝ միևնույն ժամանակ տկարացնելով ֆրանսահայերի ընդհանուր դիրքորոշումը, այն է՝ սպասել կառավարության, իշխող կուսակցության կողմից մշակվելիք՝ Ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևի փաթեթին: Մենք այս կարծիքին ենք, որովհետև սա է միակ ճանապարհը, որի միջոցով այս հարցը դրական լուծում կստանա»,- մանրամասնեց Հրաչ Վարժապետյանը՝ շարունակելով, որ կառավարության մշակած նախագիծը նույն նախագիծը չի լինի, ինչ Բուայեի նախագիծը. կառավարության մշակած օրինագծի դեպքում կփոխվեն հասցեատերերը, և հարցը խորհրդարանում այլ քննարկման հնարավորություն կստանա:

Հրաչ Վարժապետյանը, սակայն, նաև մտահոգություն հայտնեց, որ Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ ձևավորված երկփեղկվածությունը ջուր է լցնում Ֆրանսիայում թուրքական և ադրբեջանական մերժողական քաղաքականության ջրաղացի վրա:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել