«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 2013թ.-ին ևս շարունակելու է աջակցել Սիրիայի բնակչությանը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց Համազգային հիմնադրամի նախագահ, «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաշվեհամարը շարունակում է համալրվել նոր և խոշոր դրամական միջոցներով: Մենք այսուհետ փորձելու ենք ավելի շատ կենտրոնանալ Սիրիա դրամական միջոցներ ուղարկելու վրա, քանզի ինքնաթիռով փոխադրումները բավականին շատ խնդիրներ են առաջացնում: Բացի այդ, «Սիրիական ավիաուղները», որով արվել են վերջին փոխադրումները, նախորդ երեքշաբթի չվերթ չեն իրականացրել»,-ասաց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ 200 կգ-ի չափով դեղորայք կա, որը պետք է ուղարկվի Սիրիա:
Նրա խոսքով՝ Սիրիայի բնակչությանն օգնելու համար դեղորայք ուղարկելու պատրաստակամություն են հայտնել Եվրոպայից և ԱՄՆ-ից: «Այս տարի ևս կտրվի նախաձեռնության մեկնարկը և կշարունակենք աշխատել»,-ասաց Գալստյանը:
«Սիրիական ավիաուղիներ»-ի դեպի Հալեպ հաջորդ չվերթի մասին դեռևս հստակություն չկա: 2012թ.-ի հոկտեմբերի 22-ին ավիաընկերության Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա տեղափոխվեց մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն՝ այդ թվում առաջին անհրաժեշտության դեղորայք։
«Oգնիր եղբորդ» նախաձեռնութան հումանիտար օգնության երրորդ խմբաքանակն ուղարկվեց նոյեմբերի 21-ին, թռիչքը դարձյալ իրականացվեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Էյր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռով: Հալեպ ուղևորված 13 տոննա բեռը՝ բաղկացած էր 12-15 կիլոգրամանոց արկղերից և պարունակում էր պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր:
Հալեպ ուղարկված մարդասիրական օգնությունը բաշխելու գործը ստանձնել են տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի ազգային առաջնորդարանը և համահամայնքային «Շտապ օգնության» հանձնախմբի կազմակերպմամբ բաժանել կարիքավոր ընտանիքների, այդ թվում սիրիացիների։ Նախաձեռնությունն իր օգնության ձեռքն է մեկնել նաև Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցներին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5 մլն դրամի փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։ 230 հոգու տրամադրվել է սպորտային կոշիկ և մարզական հագուստ։ 600 ընտանիքների տրամադրվել են 15 կգ-անոց պարենային արկղեր և 600 հոգու տաք ծածկոցներ։
«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին։ Առիթը մոտ մեկ տարի Սիրիայում շարունակվող եղբայրասպան հակամարտությունն էր, որի ողբերգական հետևանքները բացահայտ էին ինչպես Սիրիայի ողջ ժողովրդի, այնպես էլ մեր հայրենակիցների համար։ Պատերազմի ավերիչ ընթացքն անդառնալի կորուստներ էր հասցնում և շարունակում է հասցնել հայկական ամենակենսունակ համայնքներից մեկին՝ սիրիահայ համայնքին։
«ԱՐՄԵՆՊՐԵՍ»








