ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը ցավակցություն է հղել քուրդ ակտիվիստ կանանց սպանության կապակցությամբ

Hrach1 Փարիզում քրդական ընդդիմադիր կուսակցության կենտրոնի գրասենյակում հունվարի 10-ին առավոտյան պատահած ոճիրը ֆրանսիական մամուլի կողմից քաղաքական սպանություն է հայտարարվում, հայտարարել է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը եւ նշել, որ կատարվածը քաղաքական հստակ սպանություն է: Քրդերը մեծ ցույցեր են կազմակերպում, քաղաքական իշխանություններից պահանջում ոճրի արագ բացահայտում:

«Եթե ֆրանսիական իշխանությունները սպանությունները շուտ բացահայտեն, իսկ դա, կարծում եմ, կանեն, քրդական շրջանակները, բնականաբար, «կբավարարվեն»: Այս ամենի հետեւանքները, սակայն, բավական լուրջ կլինեն. թեժ իրավիճակ կստեղծվի թե Փարիզում, թե այլ քաղաքներում»,- ասել է նա:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն այցելել է դեպքի վայր եւ խոստացել բացահայտել ոճիրը:

ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը հայկական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո հաղորդագրություն է հրապարակել ֆրանսիական մամուլում, նախ` ցավակցություն հայտնելով զոհերի համար, դատապարտելով այս արարքը, այն որակելով թրքական պետական ահաբեկչություն, նաեւ պահանջելով, որ քուրդ եւ հայ ակտիվիստների եւ կազմակերպությունների պաշտպանությունը շատ ավելի ամուր դառնա ֆրանսիական իշխանությունների կողմից:

«Շատ հստակ է, որ անգամ եթե քրդական ներքին մաքրագործման ենթատեքստ են տալիս այս ամենին, այն թուրքական ահաբեկչության տարրեր է պարունակում»,- ասել է Վարժապետյանը: Փարիզի քրդական կենտրոնում հունվարի 10-ին հայտնաբերվել են երեք քուրդ կանանց դիակներ: Զոհերն են` Քրդական ազգային կոնգրեսի հիմնադիր անդամներից Սաքինե Ջանսըզը, Բրյուսելում ՔԱԿ ներկայացուցիչ Ֆիդան Տողան, ինպես նաեւ երիտասարդ գործիչ Լեյլա Սոյլեմեզը:

Տպել Տպել