Ցեղասպանությունների մայրաքաղաքը. Հունվար 13 -19 

baku1990
23 տարի առաջ այս օրը Բաքվում սկիզբ առավ 20-րդ դարում Բաքվում հայերի հանդեպ տեղի ունեցած երրորդ ցեղասպանությունը:

1990թ. հունվարի 13-19 Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, կոտորածի ու վտարվեց քաղաքից:

Դեռ 1988-1989թթ. ընթացքում ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները` հատկապես հեռուստատեսությունը, հեղեղված էին հակահայկական քարոզչությամբ, ինչը լուրջ հող նախապատրաստեց Ադրբեջանի մայրաքաղաքում հայ բնակչության ջարդերի համար: Ադրբեջանի «Ժողովրդական ճակատը», որտեղ տիրապետող էր դարձել արմատական թեւը, բացիեբաց կոչ էր անում վտարել քաղաքի հայերին եւ զբաղեցնել նրանց բնակարանները: Ամբողջ 1989թ. ընթացքում Բաքվի հայ բնակիչները վախենում էին քաղաք դուրս գալ, քանի որ ազգությամբ հայ քաղաքացիները հարձակումների ծեծի եւ թալանի էին ենթարկվում ինչպես քաղաքային տրանսպորտում, այնպես էլ փողոցներում: 1989թ. ընթացքում Բաքվում գրանցվեցին բազմաթիվ հայերի սպանություններ: Հաճախակի էին դարձել նաեւ բնակարանների թալանի, եւ բնակիչների վտարումների դեպքերը: Ազգային պատկանելության համար Բաքվի հայերից շատերին անհիմն կերպով ազատում էին աշխատանքից:

1990թ. հունվարյան ջարդերն ու բռնությունները Բաքվում ավելի վաղ էին նախապատրաստվել: Աշխատանքները տարվել էին մի քանի ուղղություներով: Մասնավորապես լայանամասշտաբ հակահայկական քարոզչություն էր ծավալվել լրատվամիջոցներում, որի նախաձեռնողն ու ուղղորդողը ադրբեջանական մտավորականությունն էր: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, ռադիոյով մտավորականներից շատերը շեշտում էին, որ հայերը զբաղեցնում են ամենակարեւոր պաշտոնները եւ քաղաքի լավագույն բնակարանները: Ջարդերի իրականցման մեխանիզմի հաջորդ կարեւոր փուլը բնակշահագործման աշխատակիցների, միլիցիայի եւ շտապօգնության ծառայությունների համակարգումն էր: Բնակշահագործման աշխատակիցները ճշտում եւ հստակեցնում էին քաղաքում գրանցում ունեցող հայերի առկայությունը պարենային կտրոնների ցուցակներով: Կազմվել էր քաղաքի քարտեզը իր բոլոր մանրամասներով` բաժանված շրջանների եւ թաղամասերի, որոնց վրա նշված էին հայերով խիտ բնակեցված հատվածները: Նախօրոք կազմվել էին նաեւ հայ բնակիչներին պատկանող տների ցուցակները եւ բնակարնների հասցեները: Ջարդարարներին աջակցում էին նաեւ իրավապահ մարմինները` ապահովելով նրանց անպատժելիությունը: Իրենց հերթին շտապօգնության բժիշկները, կեղծ բժկական վկայականներ էին տալիս, որոնց համաձայն հայերի մահը սրտանոթային խանգարումների հետեւանք էր, այլ ոչ թե բռնությունների:

1990թ. հունվարի 13-ին հայերի ջարդերը Բաքվում ընդունեցին համատարած բնույթ: Բռնությունների սկսվելու օրը քաղաքը լիքն էր ցուցարարներով, մասնավորապես Լենինի հրապարակում այդ օրը հավաքվել էր 70-100 հազար մարդ, որոնք պահանջում էին իշխանությունների հեռացում եւ հաշվեհարդար հայերի նկատմամբ: Այս ամենը տեղի էր ունենում ԽՍՀՄ եւ Ադրբեջանի ղեկավարությունների իմացության եւ թողտվության պայմաններում: Հունվարի 13-ի հանրահավաքից հետո ամբոխը` խմբերի բաժանված, ԱԺՃ-ի ակտիվիստների ղեկավարությամբ տուն առ տուն սկսում է քաղաքը «մաքրել» հայերից: Փախստականները վկայում էին, որ գոյություն է ունեցել բռնությունների իրականացման հստակ սխեմա. ջարդարարների մի խումբ` նախանշված հասցեներով ներխուժելով հայերի բնակարաններ սկսկել ծեծ ու բռնարարաքներ: Գոյություն ունեն բացառիկ դաժանությամբ իրականացված գազանությունների, սպանությունների մասին բազմաթիվ վկայություններ. Հայ բնակիչներին դուրս են նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Դրան հետեւել է ԱԺՃ-ի անդամների այցը բնակարանի համար այսպես կոչված «օրենքով ձեւակերպված» փաստաթղթերով: Ջարդարարները բնակարանի հայ սեփականատիրոջը առաջարկում էին կյանքը փրկելու համար անմիջապես մեկնել նավահանգիստ: Ականատեսները վկայում են, որ հենց հայ բնակչին տանից դուրս էին հանում, անմիջապես հայտնվում էր նոր տան տերը` տան պաշտոնական օրդերը ձեռքին: Հայերին միայն թույլ էին տալիս վերցնել այնքան իր, որքան կարող էին տանել, մնացած գույքը, տան փաստաթղթերը, արժեքավոր իրերը, անգամ խնայդրամարկղի գրքույկները առգրավվում էին:

1990թ. Բաքվի ողբերգական դեպքերի ժամանակ փողոցներում, աշխատատեղերում, տներում, հասարակական տրանսպորտում ծեծի էին ենթարկվել եւ մարմնական ծանր վնասվածքներ ստացել հարյուրավոր բաքվեցի հայեր: Բռնագաղթվածների մեծ մասը տարեցներ էին, որոնցից շատերը չդիմանալով դաժան ծեծին, նվաստացմանը, հոգեկան մեծ ցնցնումներին մահացան ճանապարհին կամ տեղ հասնելուն պես` հիվանդանոցներում: Լաստանավով Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաք հասած փախստականները ինքնաթիռներով տեղափոխվեցին Երեւան: Այդ փախստականները հիմնականում տարեց մարդիկ էին` ծեծված եւ վիրակապերով: Հայերի դեմ բռնությունների եւ ջարդերի ալիքն այնուհետեւ տարածվեց Բաքվի ռուս բնակչության` մասնավորապես զինվորականների ընտանիքների դեմ, որոնց շրջանում եւս եղան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ:

1990թ. հունվարի 13-20-ը Բաքուն ամբողջովին ջարդարարների ձեռքում էր, որոնք միլիցիայի եւ ներքին զորքերի աչքի առաջ սարափելի բռնություններ էին գործում: ԽՍՀՄ ղեկավարությունը չէր խառնվում այս դեպքերին, չնայած քաղաքում կային բավարար թվով զինվորական ստորաբաժանումներ եւ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքեր, որոնք կարող էին արագ կարգուկանոն հաստատել: Իրավիճակի ծանրությունը ենթադրում էր պարետային ժամ, որի ընթացքում ներքին զորքերը կարգ ու կանոն կհաստատեին, սակայն կենտրոնական իշխանությունները հապաղում էին: Սպանությունները եւ թալանը շարունակվեցին ընդհուպ մինչեւ հունվարի 20-ը, երբ խորհրդային զորքերը կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով մտան քաղաք: Խորհրդային իշխանությունը Բաքվում փրկելու համար, Մ. Գորբաչովը հրամանագիր ստորագրեց քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին: Հրամանագիրը կատարեց ԽՍՀՄ ԶՈՒ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա. Լեբեդը: Զորքերի մուտքը ուղեկցվեց դիմադրությամբ, որին զոհ գնացին շուրջ 150 ադրբեջանցիներ` ինչպես նաեւ զինվորներ եւ պատհական անձինք:

Բաքվում կազմակերպված հայկական ջարդերին զոհ գնացածների ճշգրիտ թիվը դեռեւս պարզված չէ: Մի շարք ուսումնասիրողների կարծիքով այդ թիվը 400-ից անցնում է: Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների հետազոտումը դժվարանում է նաեւ փախստականների` նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ցրվածության եւ բոլոր տուժածների հարցման դժվարության պատճառով: Բռնությունների արդյունքում Բաքուն ամբողջովին հայաթափվեց: Բացառություն են կազմում խառն ամուսնությունների մեջ գտնվողները, որոնց թիվը կազմում է մի քանի հարյուր մարդ:

Բաքվում փաստորեն կրկնվեց 1988թ. փետրվարին Սումգաիթում տեղի ունեցած բռնությունների սցենարը. բազմամարդ հանրահավաքներ, ատելության քարոզչություն, Հայաստանից ներգաղթած ադրբեջանցիների օգտագործում, բնակարանների նախօրոք ընտրություն եւ թիրախավորում, իրավապահ մարմինների անգործություն, ինչպես նաեւ գազանային գործողություններ անօգնական ծերերի, կանանց եւ երեխաների նկատմամբ: Սակայն Բաքվում տեղի ունեցածի մասշտաբները անհամեմատ մեծ էին:

Եվրոպական եւ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ անդրադարձան Բաքվում տեղի ունեցած կոտորածներին: Հունվարի 18-ին մի խումբ սենատորներ համատեղ նամակ հղեցին Մ. Գորբաչովին, որում անհանգստություն էին արտահայտում Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի կապակցությամբ:

1990թ. մարտի 29-ին կայացել է ԽՍՀՄ ԳԽ փակ նիստ` Բաքվում կատարված դեպքերի առնչությամբ: Ադրբեջանի պատվիրակությունը պահանջեց ստեղծել հանձնաժողով` զորքը Բաքու մտցնելու եւ նրա գործողությունները հետաքննելու համար: Ի պատասխան հարցապնդման` ԽՍՀՄ ղեկավարությունը պաշտպանության նախարար Դ. Յազովը, ներքին գործերի նախարար Վ. Բակատինը, Պետանվտանգության կոմիտեի նախագահ Վ.Կրյուչկովը նիստի ներկաներին պատմեցին կոտորածների մանրամասների մասին, ներկայացնելով ջարդերի այպիսի դրվագներ, որոնք չէին լուսաբանվել մամուլում: ԽՍՀՄ փլուզման գործընթացի արագացման պատճառով Բաքվի հայ բնակչության ջարդերի վերաբերյալ գործի հետագա քննությունն ավարտին չհասավ:

Այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում սկսած 1905 թվականից եւ հատկապես 1988թ. Սումգայիթում ու 1990թ. Բաքվում` ցեղասպանություն էր եւ մինչ օրս մնում է անպատիժ, իսկ տուժած հազարավոր մարդիկ չեն հատուցվել ո՛չ բարոյական, ո՛չ էլ նյութական առումով:

«ԱՊԱՌԱԺ», 13 հունվար 2013

Տպել Տպել