«Ուուու՜խ, Թուրքիայում նորից հայ են սպանել»

Ալին Օզինյան Հրանտ Դինքի սպանությունը տեղիք տվեց բազմաթիվ մեկնաբանությունների ու եզրակացությունների, որոնք շարունակվում են նաեւ այժմ, սակայն դրանից հետո տեղի ունեցան այլ ոճրագործություններ եւ հայերի դեմ ուղղված բռնություններ, որոնք եւս լայն արձագանքի արժանացան:

Եթե համառոտ ակնարկ անենք մոտիկ անցյալին, ապա…..

Հ. Դինքի սպանությունից անմիջապես հետո հարձակման ենթարկվեց Պոլսի Հայոց պատրիարքարանի հարեւանությամբ գործող Սբ. Աստվածածին մայր եկեղեցին: Հանցագործը ավտոմատային կրակահերթ արձակեց պատարագի ժամանակ, եւ միայն պատահականության շնորհիվ միջադեպը տեղի ունեցավ առանց զոհերի:

2008թ. մայիսմեկյան ավանդական ցույցերը հայկական թաղամասերում ուղեկցվեցին գորշ գայլերի խորհրդանշանների ցուցադրմամբ, հայերի բնակարանների պատերին փակցվեցին բազմագույն տարբերանշաններ, հայկական հիմնարկությունների հասցեներով ստացվեցին բազմաթիվ սպառնալից նամակներ:

Ոճրագործներ Յասին Հայալի ու Օգյուստ Սամասթի խորհրդանշական սպիտակ թասակներով բազմաթիվ երիտասարդներ հայտնվեցին հայկական թաղամասերում` սարսափի մատնելով բնակչությանը: Նմանատիպ իրադարձություններ տեղի ունեցան նաեւ 2009 եւ 2010թթ.:

2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին, թուրքական բանակում ծառայության ժամանակ իր թուրք ծառայակցի կողմից սպանվեց հայ երիտասարդ Սեւակ Շահին Բալըքչըն: Շահին (թրք. արծիվ) կրկնակի անունը, որը ծնողների կողմից տրված էր Սեւակին` նրա կյանքը Թուրքիայում դյուրացնելու եւ գուցե ավելի ապահով դարձնելու համար, չկարողացավ ծառայել իր նպատակին:

Հայ ծնողները Թուրքիայում երեխաներին, հատկապես տղաներին, նկատի ունենալով, որ թուրքական բանակում ծառայությունը հայ երիտասարդի կյանքում ամենադժվար փորձություններից է լինելու, տալիս են թուրքական անուններ, կամ երկրորդ թուրքական անուն: Հազվադեպ չեն նաեւ այն հայ ծնողները, որոնք մանուկ հասակում նաեւ թլպատում են իրենց երեխաներին` պատճառաբանելով եւ արդարանալով, իբր, առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներով:

2011թ. ամառային ամիսներին Թուրքիայի հարավային զբոսաշրջիկային հանգստյան քաղաքներից մեկում` Մարմարիսում, հայ արծաթագործ կինը հարեւանների եւ մրցակիցների կողմից ենթարկվելով սպառնալիքների` ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից, քանի որ ոստիկանությունը հրաժարվեց պաշտպանել նրան:

2011թ. հոկտեմբերին մեկ այլ հայ կին Ստամբուլի տաքսիում բռնության ենթարկվեց տաքսու վարորդի կողմից` միայն իր հայկական առոգանության համար: Նրան «քրիստոնյա գյավուր» անվանելով` տաքսիստը հարձակվել էր նրա վրա եւ, մազերից բռնելով ու ապտակելով, դուրս նետել մեքենայից: Օրը ցերեկով Ստամբուլի մարդաշատ վայրում տեղի ունեցած հանցագործության մեղավորը դեռ չի հայտնաբերվել, չնայած հայտնի են ե’ւ մեքենայի պատկանելությունը, եւ տաքսի ծառայությունը:

2012թ. փետրվարի 26-ին Ստամբուլում Խոջալուի դեպքերի կապակցությամբ տեղի ունեցած հերթական հանրահավաքում բարձրացվեցին խիստ վիրավորական արտահայտություններով հակահայկական ցուցապաստառներ: Ցույցին մասնակցել էին Թուրքիայի ներքին գործերի նախարարը եւ այլ պաշտոնատար անձիք: Այդ հանրահավաքի պաստառները քիչ անց հայտնվեցին Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկում բնակվող միայնակ հայ կնոջ այգում` «հեռացիր» վերտառությամբ: Կրկին թուրքական ոստիկանությունն անզոր գտնվեց պաշտպանելու հային, ավելին` նրան անգամ բարեկամաբար զգուշացրին հեռանալ` ավելի մեծ փորձանքից ազատվելու համար….

2012թ. դեկտեմբերի 12-ին 87-ամյա հայ կինն իր բնակարանում հարձակման ենթարկվեց կողոպտիչների կողմից, որի արդյունքում զրկվեց աչքից եւ հարստությունից: Այս դեպքից երկու շաբաթ անց 85-ամյա Մարիցա Քյուչուկն իր բնակարանում հայտնաբերվեց դաժանաբար սպանված, իսկ բնակարանը` կողոպտված: Ըստ նրա որդու հայտարարության, սպանվածի կրծքին դանակով խաչ էր փորագրվել: Հիրավի սահմռկեցուցիչ մանրամասներ, որոնք ակամայից տանում են հարյուրամյակի խորքը: Միթե իրոք ոչինչ չի փոխվո՞ւմ:

Հայերը Թուրքիայում մշտապես են ենթարկվել խտրականության եւ բռնությունների: Նույնիսկ միջազգային իրադրության սրացումները որոշակիորեն ազդել են հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա: Ղարաբաղյան հակամարտությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մշտապես ունեցել են իրենց ազդեցությունը: Ավանդական գործելակերպի համաձայն, Ստամբուլի հայկական շրջանակները ձգտել են խուսափել այդ հարձակումների մասին բարձրաձայնելուց, նույնիսկ դրանց զոհերը հիմնականում խուսափել են բողոքել` համոզված լինելով, որ արձագանք չեն ստանալու:

Միայն վերջին հինգ տարիներին, Թուրքիայի արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն, հակահայկական բնույթի գործողություններ գրանցվել են ավելի քան 600 անգամ, սակայն դրանց մեծամասնությունը հասարակական հնչեղություն չի ստացել նաեւ մամուլի խիստ գրաքննության պատճառով: Ներկայում իրականությունը մի փոքր այլ է: Թուրքական մամուլն արձագանքում է ազգայնականների հակահայկական դրսեւորումներին, ձայն են բարձրացնում իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաեւ` «Ակօս» պարբերականը:

Մասնավորապես, Հրանտ Դինքի գործունեության, հետագայում նաեւ «Ակօսի» հրապարակումների շնորհիվ հայատյացության դեպքերը լայն հնչեղություն ստացան եւ թուրքական մի շարք պարբերականներ սկսեցին անմիջապես արձագանքել դրանց:

Թուրքիայում բռնությունը մեծ տարածում ունի հասարակության բոլոր շերտերում` տարրական դպրոցներից սկսած եւ վերջացրած Ազգային մեծ ժողովով: Առնվազն երկու մամուլով լույս տեսնող թուրքական տարբեր քաղաքական հայացքներ դավանող թերթերի երկրորդ եւ երրորդ էջերը նվիրված են Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող սպանություններին, բռնաբարություններին, բռնություններին եւ շատերիս համար աներեւակայելի այլ իրադարձություններին: Եթե հաշվի առնենք դեպքերի հսկայական քանակությունը, բնական է թվում նաեւ հայերի վնասվելը, ինչպես հաճախ «բացատրվում է» թուրքական պաշտոնատար շրջանակների կողմից: Սակայն իրականությունն այլ է:

Հայերի նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում թուրքական պաշտոնական շրջանակները շտապում են հայտարարել, որ սպանությունն ազգային հողի վրա չի տեղի ունեցել, սպանվածները թուրքական հասարակությունում դեռեւս առկա բռնության հերթական զոհերն են: Այսպես եղավ Սեւան Բալըքչիի սպանության ժամանակ, ինչպես նաեւ հայ միայնակ ծեր կանանց սպանությունների դեպքում: Հատկանշական է, որ թուրքական պաշտոնական արձագանքին կամա թե ակամա տուրք է տալիս նաեւ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը:

Համանման բազմաթիվ դեպքեր տեղի են ունեցել նաեւ նախկինում, սակայն դրանք հասարակության սեփականություն չեն դարձել մամուլի խիստ գրաքննության պատճառով: Նախկինում եւս բազմաթիվ հայ երիտասարդներ են սպանվել զինվորական ծառայության ժամանակ եւ դրանք բացատրվել են միայն դժբախտ պատահարներով եւ հարազատներին չի թույլատրվել անգամ դիակները տեսնել:

Միշտ էլ թուրքական հասարակությունում հայը ներկայացվել է իբրեւ անպաշտպան հեշտ զոհ, որին վնասելու համար պատժից ազատվելը հեշտ էր ու հասարակ, ավելին` նույնիսկ պատվաբեր: Պատահական չէր, որ նույնիսկ թուրք ոստիկանները հպարտությամբ լուսանկարվել էին Հրանտ Դինքին սպանած ոճրագործի հետ:

Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում (տարեվերջին սպանված Մարիցա Քյուչուկը եւս բնակվում էր այդ թաղամասում) վերջին տարիներին տեղի ունեցած հայ միայնակ ծերերի մի քանի տասնյակ սպանություններից ու կասկածելի մահերից հետո, թուրքական ոստիկանությունը ձերբակալեց հայ կաթոլիկ Աբրահամ վարդապետին` հայտարարելով, որ հայտնաբերվել է միայնակ հայ ծերերին սպանող հայկական բանդա, սակայն մի քանի ամիս բանտարկելուց հետո ստիպված եղավ ազատել հայ վարդապետին` չկարողանալով ապացուցել վերջինիս հանցանքը: Այս դեպքերը չնայած որոշ չափով լուսաբանվեցին մամուլում, սակայն հարկ եղած արձագանքը չունեցան, քանի որ զոհերը պատկանում էին ամենաանպաշտպան խավին` միայնակ ծերեր, որոնց հարստությունն իրենց բնակարաններն էին, որոնք էլ հափշտակվել էին ստոր մարդասպանների կողմից:

Իհարկե, յուրաքանչյուր երկրում էլ տեղի են ունենում սպանություններ եւ այլ հանցագործություններ, մասնավորապես բազմաթիվ հայեր են սպանվում Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ԱՄՆ բանտերում ավելի շատ հայ բանտարկյալներ կան, քան Հայաստանում: Սրանք եւս որոշ ուշադրության են արժանանում, սակայն հատկանշական է մեկ այլ հանգամանք: Թուրքիայում հայերի դեմ ուղղված հանցագործությունները լայն արձագանք են ստանում թե սփյուռքի, թե հայաստանյան մամուլում: Ներկայացվում են մանրամասները, տրվում են վերլուծություններ եւ «իմաստուն» բացատրություններ: Նույնիսկ Ստամբուլի հայկական վարժարանի սպանված ազգությամբ թուրք ուսուցչին հայ ներկայացրին, կամ թուրքերենի թերի իմացության, կամ հերթական սենսացիա ստեղծելու նպատակով:

Հայկական մամուլն ու թուրքական իշխանությունները նման դեպքերում գործում են համարյա նույն կերպ, իհարկե` հակադարձ դիրքերից: Մասնավորապես վերջին օրերին Փարիզում քրդական գործիչների սպանությունը հայկական ու թուրքական մամուլում տարատեսակ եւ իրարամերժ մեկնաբանությունների արժանացավ: Որոշ թուրք մեկնաբաններ նույնիսկ այդ սպանության մեջ ԱՍԱԼԱ-ի հետքն են տեսնում:

Անշուշտ, պետք է ուշադրության արժանացնել ցանկացած տեղ հայերի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն եւ հետամուտ լինել, որ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը: Սա հույժ անհրաժեշտ ու կարեւոր աշխատանք է, սակայն ի վերջո հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձություններից միայն սպանությունները ու խեղճ բադերի բռնաբարությունները չեն, որ պետք է մեկնաբանվեն` այն էլ բավականին սիրողական եւ ցածր մակարդակով: Ցավոք, այս առումով հաճախ շատ միակողմանի ու մակերեսային պատկեր է ստացվում, ինչը թյուր եզրակացությունների տեղիք է տալիս:

Հայկական մամուլի հրապարակումների համաձայն, այն տպավորությունն է ստեղծվում, որ Թուրքիայում հակահայկական դրսեւորումները հատկապես սրացում ստացան վերջին ամիսներին, սակայն դրանք թուրքական պետության` փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականության անբաժանելի մասն են, որը տարբեր ժամանակներում խտրականության տարբեր դրսեւորումներ է ստանում` Ցեղասպանությունից մինչեւ փողոցային սպառնալիքներ ու հայհոյանքներ:

Ալին Օզինյանը հետազոտող-լրագրող է

«ՄԵԴԻԱՄԱՔՍ»

Տպել Տպել