ՀՅԴ-ն շարունակելու է մնալ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ

Աղվան-Ժողով Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

-Պրն Վարդանյան ինչպիսին կբնորոշեիք ստեղծված նախընտրական իրավիճակը:

-Իրավիճակի գնահատականը մենք տվել ենք դեռ դեկտեմբերի երկրորդ կեսին, նույն իրավիճակն է, որեւէ բան չի փոխվել: Իրականում Հայաստանում ընտրությունները դադարել են իշխանության ձեւավորման, փոփոխության միջոց լինելուց եւ այս ընտրությունների ընթացքը կանխորոշված է: Այն, որ ազդեցիկ քաղաքական ուժերը ի վերջո որոշեցին չմասնակցել ընտրություններին ասածիս վկայությունն է, մասնակցել մի բանի, որը կանխորոշված է, նախապես գծված սցենարով է եւ որի արդյունքները որեւէ բան չեն ենթադրում, բացարձակապես իմաստ չուներ: Ես չեմ կարծում, որ իշխանությունները ոգեւորված են եւ կարծում եմ նրանք եւս այս վիճակիս դասեր քաղելու, հետեւություններ անելու առիթ ունեն: Ամեն ինչ հրաշալի է ասելով հարցերը չեն լուծվում, երկրի առջեւ կանգնած են հիմնարար խնդիրներ: Եվ եթե, այդուհանդերձ, իշխանությունները ստեղծված իրավիճակից ոգեւորված են, ապա կարծում եմ` ինքնախաբեությամբ են զբաղված, քանի որ շատ շուտով կհասկանան, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները շատ ավելի լուրջ են, քան իրենց ոգեւորվածությունը: Մեր հասարակություն, մեր քաղաքական համակարգը եկել հասել է մի սահմնագծի, որտեղ ամեն ինչ բաց, թափանցիկ ու ակնհայտ է եւ սրանից հետո եւ իշխանությունը եւ ընդդիմությունը հարկադրված է լինելու հետագա զարգացումների ուղղությամբ մտածել: Այս սահմանագիծը վերջն էր: Կանխորոշված, աննմրցակցային ընտրությունների մեկ փուլ էր, որից հետո այսպես շարունակվել չի կարող, եւ կարծում եմ այս գիտակցությամբ մտածող մարդիկ իրենց մեջ կան, եւ հիմա առավցել կարեւոր է, թե ինչ է լինելու ընտրություններից հետո:

-Ինչպիսին է իրավիճակը Սերժ Սարգսյանի համար, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ ոչ մրցակցային ընտրությունները միջազգային հանրության մոտ կոշտ գնահատականների տեղիք կտան եւ տհաճ անակնկալներ կստեղծեն իշխանությունների համար:

-Նախ միջազգային կառույցների գնահատականները ես այդքան չէի կարեւորի, մեզ համար մեր խնդիրներն են կարեւոր, մեր հասարակության դիրքորոշումն է կարեւոր: Միջազգային կառույցները միշտ ասելու բան կգտնեն. արտաքնապես այո, կարող են ասել, որ 8 թեկնածու կար, նախկին վարչապետ, նախկին նախարար է մասնակցում ընտրություններին, բայց ակնհայտ է, որ մրցակցություն որպես այդպիսին չկա, ակնհայտ է, որ ազդեցիկ քաղաքական ուժերը չեն մասնակցում: Ընտրությունները կավարտվեն, գնահատականներ կտրվեն` ինչպես եղան ԱԺ ընտրությունների դեպքում, բայց դրանից ընտրությունների որակը կամ բնույթը չփոխվեց: Այս առումով, իհարկե, երեւույթականորեն ապահովված է այս արտաքին տեսքը, բայց խորքում ակնհայտ է, որ ամեն ինչ կանխորոշված է եւ նույն սցենարով է: Բնական է, երբ մի բան կանխորոշված է մարդիկ նաեւ պասիվանալու են, շատ էլ ակտիվ չեն մասնակցելու ընտրություններին եւ իշխանությունների խնդիրն է լինելու կազմակերպել, ապահովել հնարավոր մասնակցության ցուցանիշ:

-Երկիրն ինչպիսի իրավիճակի առջեւ կկանգնի այս կանխորոշված ընտրություններից հետո, եւ ըստ Ձեզ, երկիրը դեպի որ ճանապարհով տանելու ուղին կընտրի Սերժ Սարգսյանը:

-Կան մարդիկ, ովքեր կանխորոշված համարելով ընտրությունները կարծում են, որ իշխանությունը կարիք չի ունենա բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ապահովել իր թեկնածուի հաղթանակը, ուստի ինչ որ առումով հնարավորություն կտրիվ ընտրվելիք նախագահին ավելի ազատ գործել, չհենվել քրեաօլիգարխիկ եւ թաղային հեղինակությունների վրա եւ բարեփոխումներ իրականացնելով առաջ գնալ: Գոնե վերջին տարիների փորձը ցույց է տալու, որ այս մոտեցումն այդքան էլ իրատեսական չէ: Հիմա էլ լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են առաջ ընկնել, ծառայություններ մատուցել, բայց սա չէ էականը: Էականն այն է, որ ընտրություններից հետո մենք քաղաքական համակարգի կայացման նոր փուլի մեջ ենք մտնելու եւ խնդիրն այն է, թե ինչ է լինելու, հիմնական քաղաքական ուժերը ինչպես են իրենց դրսեւորելու: Սա մի սահմանագիծ է, որից հետո նոր զարգացումներ չեն կարող չլինել, մենք, ի վերջո, ուզենք թե չուզենք գնալու ենք բնականոն զարգացման փուլով, ուր դերակատար պետք է լինեն քաղաքական ուժերը, քաղաքացիները, քաղաքացիական հասարակությունը: Մեր` ՀՅԴ-ի պարագայում, ընտրություններին չմասնակցելը խիստ հիմնավորված էր, որովհետեւ մասնակցել մի խաղի, որը խաղի կանոներ չունի, կանխորոշված է, ճիշտ չէր: Մենք գիտենք մեր անելիքը, մենք գիտենք մեր ճշմարտությունը, մենք մի պրոբլեմ ունենք, ՀՅԴ-ն առ այսօր չի կարողացել իր տեսակետները, համոզմունքները, ճշմարտությունը, սկզբունքները շատ ավելի լայն հասարակական շրջանակների հասկանալի, մատչելի դարձնել եւ ավելի մեծ հասարակական հենարան ունենալ: Մենք այս ուղղությամբ աշխատելու ենք, մենք շարունակելու ենք մեր գործը, կուսակցությունը միայն ընտրությունների ժամանակ չէ, որ տեսակետներ է ներկայացնում:

-ՀՅԴ-ն ինչպես է ուղղորդելու իր ընտրազանգվածին:

-Դեռ վերջնական որոշում չկա, բայց ամենայն հավանականությամբ մարդկանց ազատ կթողնենք իրենց ընտրության հարցում: Օրինակ, տարբերակներից մեկն է գնալ ընտրության եւ անվավեր դարձնել քվեաթերթիկը` դրանով իսկ արտահայտելով մոտեցումը, որ սրանք ընտրություններ չեն:

-Պրն Վարդանյան, շատ է խոսվում այն մասին, որ ընտրություններից հետո հնարավոր է նոր կոալիցի կամ ասենք ազգային համաձայնության կառավարություն ձեւավորվի: Որ դեպքում ՀՅԴ-ն կհամաձայնի կառավարման համակարգին մաս կազմելու իշխանության առաջարկությանը:

-Չգիտեմ` որտեղ է խոսվում, բայց նման տրամարդրություններ գոնե մեզ մոտ բացարձակապես գոյություն չունեն, մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք, մենք հստակ ասել ենք մեր մոտեցումները: Մենք շարունակելու ենք մնալ ընդդիմադիր քաղաքական ուժ, եթե կլինեն մեր մոտեցումների հետ կապված նույնություններ, եթե տեսնենք, որ իշխանությունը եկել ասում է այս բանն ուզում ենք անել, եթե դա մեր համոզմամբ ճիշտ է` մենք կօգնենք: Ի վերջո մեր բոլորիս նպատակն է երկիրն այս վիճակից հանելը, հասարակության համար նորմալ պայմաններ ստեղծելը եւ մեր ունեցած ներքին եւ արտաքին մարտահրավերները լուծելը: Այս առումով, իհարկե, համընկնումներ կան, բայց դրանք նույնական չեն, եթե նույնական լինեին մենք նույն ուժը կլինեինք: Այսօր մենք այս իշխանությանը ընդդիմադիր քաղաքական ուժ ենք, մեր մոտեցումները էապես տարբերվում են եւ այստեղ համագործակցության այնպիսի ձեւաչափ, որի մասին խոսում եք` հնարավոր չէ:

-Պրն Վարդանյան, այս օրերին Ձեր, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հասցեին բազմաթիվ քննադատական արտահայտություններ են հնչում, թե ինչու հիմա դուրս եկաք պայքարից եւ չմասնակցեցիք ընտրություններին:

-Որքան ՀՅԴ-ի հասցեին տարբեր գործիչների, ԶԼՄ-ների քննադատությունները շատանում են, այնքան ակնհայտ է դառնում, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. մասնակցել մի խաղի, որտեղ անհավասար պայմաններ են, որտեղ խաղի կանոններ չեն գործում, իշխանությունն ունի 10 անգամ ավե հնարավորություն եւ դա անօրինական հնարավորությունն է, ուղղակի անիմաստ է դառնում: Մեր չմասնակցելը շատ ավելի հիմնավոր է, քան ուրիշների մասնակցելը: Վաղ թե ուշ ՀՀ-ում լինելու են նորմալ ընտրություններ եւ այդ ընտրություններում մենք պետք է կարողանանք մեր քաղաքացիներին նախապատրաստել, բերել այն գիտակցության, որ միայն քաղաքական սկզբունքների, ծրագրերի պայքարով է հնարավոր երկիրը հանել այս վիճակից եւ մենք վստահ ենք, որ մեր այս ընթացքով շարունակելու եւ ընդլայնելու ենք մեր բացը:

Զրուցեց Ագնեսա Խամոյանը

Տպել Տպել