Այս ընտրությունները վերածվել են խաղի, որ կանոններ չի ճանաչում

ԱղվանՎ «Մենք առաջիկա մեկուկես-երկու ամիսը որոշակի դադարի մեջ ենք: Ճիշտ է` պետության մեջ ամենակարևոր իրադարձություններն են, բայց իրենց կանխատեսելիությամբ որևէ ակնկալիքի տեղ չեն թողնում»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունները, ըստ նրա, չեն կարող լինել դանդաղ. այնքան ակնհայտ ու դժվարին են խնդիրները, որ դրանց քայլ առ քայլ լուծումը ոչ մի տեղ չի տանի, մեզ անհրաժեշտ են արմատական, կտրուկ փոփոխություններ. «Մենք եկել ենք սահմանագծի, որ ոչ թե փորձում ենք քննարկել ու լուծել, այլ պաուզայի մեջ ենք: Այսօր վտանգավոր վերջին սահմանագիծն է, որից հետո լինելու են փոփոխություններ»:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ 1995-ից սկսած` ընտրական համակարգը, որպես իշխանություն փոխելու միջոց, մեր երկրում ոչնչացվել է: Այս բնույթի ընտրություններին մասնակցել նշանակում է ձև անել, թե ընտրությամբ ենք զբաղված:

Աղվան Վարդանյանը մատնանշել է նաև ՀՅԴ մեծ խնդիրները. «Մենք ունենք լրջագույն պրոբլեմ, որը գիտակցում ենք. մենք ունենք լավ պատմություն, հրաշալի ծրագրեր, լավ թիմ: Բայց մենք ունենք մի խնդիր՝ ցավոք, չենք կարողացել այս ընթացքում հասկանալի, պարզ մեր հասարակությանը, քաղաքացիներին, սոցիալական շերտերին ապացուցել, որ մեր գաղափարը, ճանապարհը երկրի համար իրագործելի ծրագրեր են, որ Դաշնակցության հետ քաղաքացին հույս կապի: Սրանք օբյեկտիվ պատճառներ են»:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ ՀՅԴ անելիքները սկսվելու են ընտրություններից հետո:

«Այս ընտրություններով իշխանափոխություն կատարելու հույս ես չեմ տեսնում: Այս ընտրությունները վերածվել են խաղի, որ կանոններ չի ճանաչում: Այս ընտրություններով երկրի, քաղաքացու առաջ կանգնած խնդիրները չեն լուծվում»,- ասել է Աղվան Վարդանյանն ու եզրակացրել. «Քաղաքական դաշտի վերաձևավորվելն ակնհայտ է»:

Տպել Տպել