Ինքնագնահատականի մասին

ինքնագնահատական Հայաստանի և Սփյուռքի հայկական լրատվամիջոցներում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն այն է, թե Հայաստանը և հայերն ազգային շահերի ու երկրի անվտանգության տեսանկյունից ինչ տեղ պետք է զբաղեցնեն համաշխարհային քաղաքական համակարգում: «Պատկառելի քաղաքագետները», ովքեր անցյալում դիալեկտիկական մատերիալիզմի, գիտական կոմունիզմի և նման այլ հիմարությունների մասնագետներ էին, ինչպես նաև ոլորտի երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր զուրկ են նույնիսկ այդ հիմնավոր կրթությունից, համառորեն քննարկում են արտաքին քաղաքական կողմնորոշման հարցերը՝ ո՞ւմ հետ լինենք՝ Եվրասիական միությա՞ն (այսինքն Ռուսաստանի), թե Եվրոպական միության (այսինքն Արևմուտքի):

Ընդ որում ոչ մեկի մտքով կարծես թե չի անցնում նախ մեր պահանջվածությունը գնահատել: Հավանաբար այն պատճառով, որ դրա համար պետք է ինքդ քեզ կողքից նայելու ունակություն ունենաս: Դա անելը և դժվար է, և անհարմար, որովհետև ստիպված ենք լինում ինքներս մեզ իրատեսական գնահատական տալ: Ոչ թե գերագնահատել՝ ասելով. «Որտե՞ղ էիք դուք՝ եվրոպացիներդ կամ ռուսներդ, երբ մենք Անանիա Շիրակացի ունեինք» կամ էլ ինքնանվաստացմամբ հավերժ ողբալ, թե «մենք ինչ ազգ ենք, որ», այլ անաչառ և արդարացի գնահատական տալ ինքներս մեզ: Իսկ դրա համար լավագույն տարբերակն այն է, որ ինքներս մեզ նայենք ոչ թե մեր բարեկամների (չնայած՝ բարեկամներ ունե՞նք), այլ թշնամու աչքերով: Լավագույն միջոցն է, հավատացեք ինձ: Բայց մեկ հոդվածի շրջանակներում դա անելը դժվար է և ոչ թե նրա համար, որ մենք սիրում ենք մեր ժողովրդին և մեր երկիրը և ի վիճակի չենք այս թեմայի շուրջ քննադատաբար դատել, այլ հիմնականում այն պատճառով, որ թեման ինքնին, թե ինչպես են մեզ ընկալում մեր թշնամիները, ինչու են ատում, որոնք են համարում մեր թուլությունը և ինչից են վախենում, ոչ թե թերթի հոդվածի, այլ լուրջ հետազոտության թեմա է, որը վատ չէր լինի, եթե նախաձեռնեին անվտանգության հարցերով պատասխանատու մեր պետական գերատեսչությունները: Ճիշտ է՝ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք նման հետազոտության պատվերը կհանձնարարեն այդ նույն «քաղաքագետներին» , ովքեր հիմարություններ են խոսում էկրանից և դրանցով հեղեղել են գրեթե բոլոր կայքերն ու թերթերը, իսկ նրանք ինչպես միշտª այդ գործի ամբողջ իմաստը խոսքախեղդ կանեն: Որովհետև նրանցից կպահանջվի ամենակարևորըª նշել, թե ինչ թերություններ և թուլություններ ունեն իշխանությունները, որոնք կոչված են ապահովելու այդ նույն անվտանգությունը, բայց չէ՞ որ այդ «քաղաքագետները» հենց իշխանություններին էլ կցանկանան շողոքորթել: Եվ նորից կսկսվեն տխուր երգերն այն մասին, որ մեր ազգային մտածելակերպն իբր համարժեք չէ առօրեական խնդիրներին: Եվ ոչ ոք չի ասի ճշմարտությունը, ոչ ոք չի ցանկանա խոստովանել, որ այդ նույն մտածողությունը, որին հիմա քամահրանքով են վերաբերվում մեր կուշտ ղեկավարները, ձևավորվել է մեր գլխավոր խնդրի հետևանքով: Իսկ մեր գլխավոր խնդիրը մեր իշխանություններն են, որոնք համարժեք չեն երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Եվ հենց նրանց է պետք տալ պահանջվածության անկողմնակալ, թեկուզև տհաճ գնահատական: Ցատկերը Մոսկվայից Բրյուսել` (կարելի է և Վաշինգտոն, բայց այնտեղ մեզ չեն կանչում) պահանջվածությունը չեն մեծացնի:

Բայցևայնպես կան չափորոշիչներ, որոնք կարելի է օգտագործել հենց հիմա: Արդյունքն իհարկե մի քիչ միակողմանի կլինի, զգացմունքային, բայց ճշմարտացիության մի մեծ մասնաբաժին թերություններին կգերազանցի:
23 դար առաջ Հնդկաստանում՝ Չանդրագուպտա կառավարչի արքունիքում մի մանրակրկիտ աշխատություն է գրվել պետության, տնտեսության, քաղաքականության կերտման և այլ սկզբունքների մասին: «Արտհաշաստրա» կոչվող այդ աշխատության հեղինակն է համարվում թագավորի խորհրդական Կաուտիլիան: Այդ ծավալուն աշխատության 96-րդ բաժնում, որտեղ նկարագրվում են, թե ինչպիսին պետք է լինեն իդեալական դաշնակիցները, նշված է նաև, թե ինչպիսին կցանկանային տեսնել իդեալական թշնամիներին: Ահա այդ նկարագրությունը.
«Թշնամու ամենացանկալի տեսակն այսպիսին է՝ ոչ ազնվազարմ, շահախնդիր, շրջապատված ողորմելի խորհրդականներով ու իրենց ատող հպատակներով, սխալ գործելակերպով, զուրկ եռանդից, ճակատագրին հլու հնազանդ, անհետևողական բոլոր գործողություններում, զուրկ հետնորդներից, թույլ և ուրիշներին մշտապես վիրավորող: Այդպիսի թշնամուն հեշտ է կործանելը»:

Այս նկարագրության մեջ, թանկագին ընթերցողներ, չե՞ք նկատում որոշ տհաճ զուգահեռներ, որոնք հիշեցնում են մեր հայրենիքի քաղաքական և սոցիալական կացությունը: Արդյոք մենք չե՞նք դառնում «թշնամու ցանկալի տեսակ» նրանց համար, որոնց աչքի փուշն ենք: Չէ՞ որ մեր ղեկավարությունն անկարող է ինքն իրեն «Արտահշաստրայի» դիտանկյունից գնահատել, իսկ Կաուտիլիայի նմաններին «ողորմելի խորհրդականները» չեն թողնի, որ ղեկավարությանն անգամ մոտենան:

Վ. Մարինոսյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»

Տպել Տպել