ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ-ին մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը

ANCA ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հիմնվելով մի շարք ծանրակշիռ փաստերի վրա, կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր 113-րդ Կոնգրեսի անդամներին մեծացնել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը, ինչպես նաև ընդլայնել այն ծրագրերը, որոնք վերաբերում են հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային համագործակցությանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ ամերիկացի օրենսդիրներին այս շաբաթ ուղարկված նամակում մասնավորապես ներկայացվում են միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր այլ կառույցների՝ Հայաստանի կտրվածքով խրախուսական զեկույցները։

Փաստարկների շարքում առաջինը նշվում է այն հանգամանքը, որ Համաշխարհային բանկն իր 2013թ. Doing Business զեկույցում Հայաստանին դասել է 32-րդ հորիզոնականում՝ բիզնեսի համար առավել նպաստավոր երկրների շարքում, 11-րդ հորիզոնականում՝ բիզնես հիմնելու, 4-րդ հորիզոնականում՝ սեփականության գրանցման առումով։

2. The Wall Street Journal-ի և Heritage Foundation-ի համատեղ կազմած զեկույցում Հայաստանը տնտեսական ազատության ցուցիչով գտնվում է 38-րդ հորիզոնականում, իսկ եվրոպական 43 երկրների շարքում՝ 17-րդ հորիզոնականում՝ առաջ անցնելով Բելգիայից, Ֆրանսիայից և Իսպանիայից։

3. Price Waterhouse Cooper-ն իր վերջին Doing Business զեկույցում Հայաստանի վերաբերյալ նշել է. «Հայաստանում խրախուսվում են օտարերկրյա առևտուրն ու ներդրումները։ Այն այնպիսի երկիր է, որտեղ համեմատաբար հեշտ է սեփական բիզնես հիմնել»։

4. Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կողմից 2012թ. հրապարակված Համաշխարհային առևտրի խթանման զեկույցում (The Global Enabling Trade Report 2012) Հայաստանը 132 երկրների շարքում հայտնվել է 59-րդ հորիզոնականում, իսկ շուկայի հասանելիության առումով՝ 13-րդ հորիզոնականում։

5. Freedom House-ն իր 2013թ. «Աշխարհում ազատության» (Freedom in World) զեկույցում Հայաստանին դասել է 5-րդ հորիզոնականում ՝ քաղաքական իրավունքների ազատության առումով։

Ի լրումն այս ամենին, ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ընդգծում է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների համար անվտանգության հուսալի դաշնակից է, որն իր զորքերն ուղարկել է Իրաք՝ ԱՄՆ-ին աջակցելու, Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու և Կոսովո՝ միջազգային խաղաղապահ գործընթացին մասնակցելու համար։

Կոնգրեսականներին հղված նամակում նշվում է նաև, որ անցած 2 տասնամյակների ընթացքում 2 երկրների միջև ձևավորված հարաբերություններն ունեն կայուն հիմք, որն իր հերթին հիմնված է բարեկամության վրա։

ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունն իր գագաթնակետին է հասել 2003թ.՝ կազմելով 174 մլն դոլար, ինչից հետո այդ ցուցանիշը կայուն անկում է գրանցել։ Դա պայմանավորված է եղել թե՛ եկող վարչակարգերի քաղաքականությամբ, թե՛ կրճատումներ պահանջող Կոնգրեսի ճնշման հանգամանքով։

Օբամայի վարչակարգը, անկախ նախագահի նախընտրական խոստումից, փորձում է նոր կրճատումներ մտցնել Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրում։ Արդյունքում Հայաստանին տրամադրվելիք տնտեսական և ռազմական օգնության չափը կազմել է 45 մլն դոլարից էլ պակաս։ Այժմ ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է այդ թիվն առնվազն 50 մլն դոլարի հասցնել։

Տպել Տպել