«ՀՅ Դաշնակցութեան պատմութեան թանգարան» հիմնադրամ


ՀՅ Դաշնակցութեան պատմութեան թանգարանը հիմնադրուել է 1915թ.-ին` Ժնեւում: Թանգարանի ձեւաւորման համար հիմք են ծառայել հետեւեալ նմուշները. «ալբոմ բաց նամակների համարէ, ՀՅԴ հիմնադիր անդամ Քրիստափոր Միքայէլեանի պորտֆելը եւ Վասպուրականի ասեղնագործութեան մի փոքրիկ օրինակ: Այդ մասին են վկայում երկու պարզ, խունացած ձեռագիր էջեր, որոնք իրաւամբ համարւում են թանգարանի «ծննդեան վկայականըէ: Պահպանուած փոքրիկ մի ցուցանակ յուշում է, որ թանգարանի հիմնադիրն է Արտաշէս Վանարեանը (Արտաշէս Հացագործեան 1890-1930թթ.): Այնուհետեւ թանգարանը տեղափոխւում է Փարիզ, ուր այն տնօրինում ու պահպանում են յայտնի դաշնակցական գործիչներ Պապաշան` Լեւոն Թադեւոսեանը (հաւանաբար մինչեւ 1935թ.-ը), ապա Գերասիմ Բալայեանը` մինչեւ 1959 թուականը: Փարիզում թանգարանը վերածւում է հայ ոգու եւ ինքնութեան պահպանման, հայեցի դաստիարակութեան կենտրոնի: Սփիւռքեան գործունէութեան շրջանում թանգարանի վերջին տնօրէնը եղել է Կարօ Մեհեանը (Ղազարոսեան):

2006 թուականի յունուարին «ՀՅ Դաշնակցութեան պատմութեան թանգարանըէ փոխադրուել է Հայաստան: Թանգարանը վերաբացուել է 2007թ.-ի յուլիսի 6-ին` Երեւանում գտնուող ՀՅԴ Քրիստափոր Միքայէլեան կենտրոնում: Այս կենտրոնում են գործում նաեւ ՀՅԴ Բիւրոյի կենտրոնական գրասենեակը, Հրայր Մարուխեանի անուան ՀՅԴ գրադարանը եւ այլ գրասենեակներ: Տարածքի հնարաւորութիւններից ելնելով մշտական ցուցադրութեան համար ընտրուել է միայն մէկ թեմա` «Հայաստանի Առաջին Հանրապետութեան պատմութիւնը»: Աւելի ստոյգ` ՀՅ Դաշնակցութեան դերակատարութիւնը Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտման գործում եւ 1918-1921 թուականներին կուսակցութեան ծաւալած գործունէութիւնը` Հայրենի պետականութեան պայմաններում:

2008թ.-ին ՀՅԴ պատմութեան թանգարանը վերակազմուեց «ՀՅ Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամի»:

1920թ. օգոստոս 10-ին, Աւետիս Ահարոնեանը այս գրիչով է ստորագրել Թուրքիայի հետ խաղաղութեան՝ Սեւրի պայմանագիրը

Թեմատիկ առումով թանգարանի հաւաքածուների գերակշռող մասը վերաբերում է ՀՅԴ գործունէութեանն ու պատմութեանը` սկսած հիմնադրումից ու հիմնադիրներից, նրանց գործը շարունակող յետագայ կուսակցական-ազգային անուանի գործիչներից` մինչեւ ազգային ազատագրական ու քաղաքական պայքարում դերակատարութիւն ունեցած անձերի վերաբերող նիւթերը (փաստաթղթեր, հրապարակումներ, յուշագրութիւններ, լուսանկարներ, անձնական իրեր եւ այլն): Քիչ չեն անկուսակցական, երբեմն նաեւ այլ կուսակցութիւնների անդամ հանդիսացած դէմքերին վերաբերող նիւթերը: Բացի այդ, սկսած հիմնադրման առաջին իսկ օրից, «ՀՅԴ պատմութեան թանգարանում» գիտակցաբար եւ նուիրուածութեամբ հաւաքուել եւ պահպանուել են ազգային-պատմական ու մշակութային արժէք ներկայացնող բազմաթիւ առարկաներ, ինչպէս եւ Եւրոպայի պատմութեանն ու մշակոյթին առնչուող ցուցանմուշներ:

Ժամանակագրական առումով թանգարանի հաւաքածուներն ընդգրկում են 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատուածը, իսկ աշխարհագրական առումով` գրեթէ բոլոր այն երկրները, որտեղ եղել են հայկական գաղթօջախներ եւ որտեղ գործել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:

Հայաստանի Հանրապետութեան ներքին գործոց եւ ռազմական նախարար Ռուբէն Տէր Մինասեանի անձնական իրեր

Թանգարանի ցուցանմուշների բազմազանութիւնը հնարաւորութիւն է ընձեռում, բացի թեմատիկ մօտեցումից, նիւթերը խմբաւորել նաեւ տարաբնոյթ հաւաքածուների մէջ: Այնպէս, որ թանգարանի հաւաքածուները կարող են հետաքրքրել ոչ միայն պատմութեամբ, այլեւ արխիւագիտութեամբ, քարտէզագրութեամբ, գրականութեամբ, ձեռագրագիտութեամբ, լուսանկարչութեամբ, տարազով, ասեղնագործութեամբ, դեկորատիւ-կիրառական արուեստով եւ այի թեմաներով հետաքրքրուողներին: Կարեւորութեան առումով դժուար է գերագնահատել ցուցանմուշների մեծ մասի արժէքը: Դրանք պատմական իրադարձութիւնների, յայտնի գործիչների ու անհատների նկարագրի ու կենսագրութեան վրայ լոյս սփռող նիւթեր են, որոնք անկախ իրենց նիւթական կամ գեղարուեստական արժէքից, ունեն պատմական կարեւոր նշանակութիւն:

ՀՅԴ պատմութեան թանգարան հիմնադրամի տնօրէն՝ Անուշ Ամսեյան
Հեռախօս՝ 52-18-76
Աշխ. ժամեր՝ 11:00–16:30, բացի կիրակի օրերից
Էլ. հասցէ՝ [email protected]

Տպել Տպել