ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը Իսրայելի նորընտիր խորհրդարանի հետ Ցեղասպանության ճանաչման լուրջ հույսեր է կապում

Իսրայել ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբն Իսրայելի նորընտիր խորհրդարանից դրական ակնկալիքներ ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը նշեց, որ թեեւ դեռ վաղ է կոնկրետ սպասելիքներից խոսել, այդուհանդերձ, կարեւոր ու դրական քայլ էր, որ «Մերեց» կուսակցությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը ներկայացնողը, կրկնապատկեց իր ուժը Քնեսեթում: Սեւանի խոսքով` մյուս կուսակցությունների դեպքում էլ կարեւոր է, որ մի շարք անձինք եւս, ում հետ իրենք նախկինում համագործակցել են, անցան Քնեսեթ ու բավական լավ դիրքեր գրավեցին:

«Գրեթե հիսուն նոր անձինք հայտնվեցին Քնեսեթում, որոնց մեջ հայամետ շատ դեմքեր կան. նրանց մուտքը Քնեսեթ դրական ենք գնահատում, եկող ամիսներին էլ պետք է աշխատանքներ տանենք Խորհրդարանի նոր անդամների հետ: Պետք է նկատի ունենանք, որ այս ընտրություններին, իբրեւ արդյունք, բավական փոխվեց իսրայելյան քաղաքական քարտեզը»,- ասաց նա` նկատելով, որ Խորհրդարանում ներկայացվածության մակարդակով երկրորդ տեղը զբաղեցնող կուսակցությունը նոր է հիմնվել: Հայ դատի հանձնախումբը պատրաստվում է նրանց հետ եւս աշխատանքներ տանել: «Առաջիկա ամիսներին կարող ենք ասել, թե, հիմնվելով մեր տարած աշխատանքի հիման վրա, Քնեսեթի նոր ուժերը որքանով կարող են աջակցել մեզ: Ամեն դեպքում նորընտիր խորհրդարանից դրական ակնկալիքներ ունենք»,- ասաց նա:

Իսրայելում ավարտվել են 19-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» եւ «Մեր տուն Իսրայել» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների մեծամասնությունը: Ամենայն հավանականությամբ, այն Քնեսեթում կստանա 31 տեղ: Այսպիսով վարչապետը կպահպանի իր պաշտոնը: Երկրորդ տեղը, նախնական տվյալներով, բաժին կհասնի 2012-ին հիմնված «Էշ Ատիդ» կուսակցությանը, որը կունենա 19 տեղ: Խորհրդարանում ներկայացված կլինեն «Ավոդե»-ն` 17 մանդատով, «Հրեական տուն»-ը` 12, եւս 11 մանդատ կունենա ռադիկալ կրոնական «ՇԱՍ»-ը, յոթական` «Մերեց»-ը եւ «Ցիպի Լիվնի»-ն, վեց` «Յահադուտ հա-Թորա» դաշինքը: Ընտրողների նման ակտիվություն 1999 թվականից ի վեր չի գրանցվել:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել