Արսեն Համբարձումյանը քարոզարշավի առաջին շաբաթը գնահատեց մեկ բառով` «զավեշտալի»

ArsenH
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու չառաջադրած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ընտրություններից մի քանի օր առաջ հանդես կգա հայտարարությամբ` կողմնորոշելու իր ընտրազանգվածին:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նա նշեց, որ կուսակցությունում քննարկումներ լինում են, մի քանի հստակեցված մոտեցումներ ունեն: «Այս պահի դրությամբ մեր մոտեցումը հետեւյալն է` հակված ենք կոչ անելու ընտրողներին, որ գնան ակտիվորեն մասնակցեն ընտրություններին, անկախ այն հանգամանքից, որ մենք սեփական թեկնածուով չենք մասնակցում, որովհետեւ ընտրությունների ինստիտուտը կարեւորում ենք եւ չենք կարող վարկաբեկել այն, քվեարկեն իրենց խղճի մտոք: Բացառում ենք գործող նախագահի թեկնածությունը, իսկ թեկնածու չունենալու պարագայում կարող են քվեաթերթիկը անվավեր դարձնել, որովհետեւ մեր օրենսդրությամբ բոլորին դեմ տարբերակ նախատեսված չէ»,- ասաց Արսեն Համբարձումյանը:

Նա նշեց, որ դեռեւս Գերագույն ժողովում որոշել են բացառել իշխող քաղաքական ուժի թեկնածուին սատարելը: «Դատելով քարոզարշավի առաջին շաբաթից` բացառությունների շարքը կավելանա: Անխտիր բոլոր թեկնածուները այս պահի դրությամբ հավակնում են հայտնվել բացառությունների շարքում»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ որեւէ մեկին սատարել, չսատարելու խնդիր չունեն, բայց սատարելը ինքնանպատակ չէ: ՀՅԴ-ն խնդիրը դիտարկում է այսպես. «Եթե հնարավոր է ընտրարշավի արդյունքում էական փոփոխություններ առաջացնել, այդ պարագայում կիմաստավորվի որեւէ թեկնածուին սատարելը, մանավանդ` էսօրվա վիճակով որեւէ բան մեր` նախապես ճշտող զարգացումներից չի փոխվել: Մենք մնում ենք այն կարծիքին, որ ընտրությունները կանխորոշված են եւ այս պարագայում ընտրությունների միջոցով որեւէ էական բան փոխել հնարավոր չէ»,- ասաց նա:

Արսեն Համբարձումյանը քարոզարշավի առաջին շաբաթը գնահատեց մեկ բառով` «զավեշտալի»: Որեւէ մեկի քարոզարշավը նրան դուր չի եկել, բայց անուններ չնշեց:

ՙՆՅՈՒԶ՚

Տպել Տպել