Եթե թեկնածուներից մեկի շուրջ կոնսոլիդացիա նկատվի ՀՅԴ դիրքորոշումը կարող է փոխվել

ArsenH Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

– Պարոն Համբարձումյան, ավելի քան մեկ շաբաթ է, ինչ նախագահական ընտրությունների քարոզարշավն ընթանում է: ՀՅԴ-ն դեռ չի՞ կողմնորոշվել, թե որ թեկնածուին է սատարելու, կամ սատարելո՞ւ է որևէ թեկնածուի:

– Գիտեք, որ մենք բացառել էինք գործող նախագահին աջակցելը, որովհետև մեր քաղաքական օրակարգի հետ կապված ինչպես մյուս ուժերի, այդպես էլ ՀՀԿ-ի հետ խորհրդակցություններ ենք ունեցել և մեր առաջարկած օրակարգային հարցերի հետ կապված տարակարծիք մոտեցումներ ենք արձանագրել: Մինչև քվեարկության օրը ՀՅԴ ԳՄ-ն հարկ եղած դեպքում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ և կուղղորդի կազմակերպական կառույցին և ՀՅԴ ընտրազանգվածին ու համակիրներին: Երբ ՀՅԴ Գերագույն ժողովը տեղի էր ունենում, դեռ վերջնականապես պարզ չէր առաջադրվող թեկնածուների վերջնական շրջանակը: Հիմա, երբ թեկնածուները գրանցված են, և քարոզարշավը բոլորել է մեկ շաբաթը, արդեն իսկ քիչ թե շատ որոշակիություն կա: Եվ այսօրվա իրողությունները նկատի ունենալով՝ հնարավոր է, այդ բացառությունների շրջանակը ներառի բոլոր թեկնածուներին: Այս պահին մենք որևէ մեկին սատարելու նպատակահարմարություն չենք տեսնում, որովհետև սատարելն ինքնանպատակ չէ: Սատարելն իմաստավորված կլինի ՀՅԴ-ի կողմից այն դեպքում, երբ մենք տեսնենք լրջություն, երբ ընտրարշավի և ընտրությունների միջոցով տեսնենք որակական փոփոխություններ առաջ բերելու հնարավորություն: Այսօր այդ հնարավորությունը ինչպես և կանխատեսում էինք չենք տեսնում:

– Այսինքն` գործող նախագահի մյուս 7 թեկնածուների մոտ նույնպե՞ս որակական փոփոխությունների հնարավորություն չեք տեսնում:

– Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ առկա իրողությունների պայմաններում Հայաստանում մրցակցային ընտրություններ անցկացնել հնարավոր չէ:

– Հնարավորինս մրցակցային են համարվում Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանց դեպքում նույնպե՞ս չեք տեսնում լուրջ մրցակցություն և որակական փոփոխություններ իրականացնելու հնարավորություն:

– Նախագահական ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դու կամ հաղթում ես, կամ՝ պարտվում: Եվ էական չէ, դու 10 տոկոս ես ստանում, թե 30 տոկոս: Այդ տրամաբանությամբ բնականաբար էական չէ, թե մրցակից թեկնածուներից մեկը մի քանի տոկոս ավելի կամ պակաս ձայն ստանալու հնարավորություն ունի:

– Ր.Հովհաննիսյանն ընդունելի էր համարել ՀՅԴ-ի ողջ պլատֆորմը: Նա այդպիսով պետք է ինչ-որ չափով ընդունելի թեկնածու լիներ ՀՅԴ համար: Ինչո՞ւ չփորձեցիք նրան սատարել:

– Միայն օրակարգի կետերն ընդունելը բավարար չէ միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու համար: Նաև պիտի հասկանալ, թե ով է այդ թեկնածուն, ինչքանով է անկեղծ ու անվերապահ ընդունում մեր քաղաքական պլատֆորմը, ինչպես և ինչ թիմով է պատկերացնում դրա իրականացումը: Հակառակ այն իրողության, որ պարոն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ընդունում է Դաշնակցության պլատֆորմի 7 կետերը, եթե ուշադիր ուսումնասիրեք նրա նախընտրական ծրագիրը, ակնհայտ կդառնա, որ ոչ բոլոր դրույթներն են և ոչ ամբողջությամբ են իրացված այնտեղ: Մեկ բան է հայտարարելը, մեկ այլ բան է դրանք գործադրելը:

– ՀՅԴ-ի պլատֆորմի ո՞ր կետը ներառված չէ Ր. Հովհաննիսյանի ծրագրում:

– Եթե համեմատեք, կտեսնեք: Անշուշտ, ընդհանրություններ կգտնեք, բայց կան նաև տարբերություններ: Որևէ կետ ամբողջությամբ իրացված չէ, առանձին դրույթներ կան: Բայց եթե անգամ արտացոլված լիներ, դա դեռ չէր նշանակում, որ մենք սատարելու ենք նրան: Որովհետև միայն ծրագրի, ծրագրային դրույթների խնդիրը չէ:

– Իսկ Հ. Բագրատյանի դեպքում:

– Առավել ևս: Շատ լուրջ և արմատական տարբերություններ կան մեր մոտեցումների հետ: Օրինակ` պարոն Բագրատյանը խորհրդարանական հանրապետության գաղափարը չի ընդունում: Արտաքին քաղաքականության հետ կապված նրա թեզերը բավականին հեռու են մեր պատկերացումներից:

– Միգուցե ՀՅԴ-ն փորձեր իր հնարավորություններով ուժեղացնել այս թեկնածուներից որևէ մեկին և ստեղծեր ձեր ուզած իրավիճակը:

– Եթե քարոզարշավի ընթացքում ակնհայտ դառնա, որ հնարավոր է էապես փոխել ընտրությունների ընթացքը, բեկում առաջացնել, կամ առաջադրված թեկնածուներից մեկի շուրջ կոնսոլիդացիա նկատվի, և գործընթացները որակական այլ հունի մեջ մտնեն, այդ պարագայում կարող է մեր դիրքորոշումը փոխվի: Բայց այսօրվա վիճակում մենք այդպիսի հնարավորություն չենք տեսնում:

– Ճի՞շտ են այն շրջանառվող տեղեկությունները, որ ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպելու ժամանակ պայմանավորվել են որևէ այլ թեկնածուի չսատարել:

– Նման լուրեր ինչքան ուզեք մեր մամուլում կարող եք գտնել, դրանք մեկը մյուսից հիմնազուրկ են և իրականության հետ որևէ կապ չունեն: Մենք հանդիպումներ ենք ունեցել անխտիր բոլոր ուժերի հետ, այդ թվում և` ՀՀԿ և ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ: Մենք այդ խորհրդակցության ժամանակ մեկ անգամ ևս արձանագրել ենք, որ մեր համար կարևորագույն հարցերի վերաբերյալ ՀՀ նախագահի դիրքորոշման մեջ էական փոփոխություններ չկան:

– ՀՅԴ-ն իրեն մեղավոր չի՞ զգում, որ նաև իր՝ նախագահական ընտրություններին չմասնակցելով այս ընտրությունները պակաս մրցակցային դարձան:

– Անշուշտ ստեղծված իրավիճակից համապատասխան հետևություններ պետք է անեն անխտիր բոլոր քաղաքական ուժերը՝ թե ընդդիմադիր, թե իշխանական: Մենք ևս անդրադառնում ենք, որ մեր կատարած քայլերի, գործադրված մարտավարության արդյունքում մենք ընտրություններից առաջ, ի վերջո, չհասանք այն ցանկալի ձևաչափին, որը հնարավորություն կտար մրցակցային արդյունավետ, ազատ-արդար ընտրություններ կազմակերպել: Այս առումով մենք ևս մտածելու, հետևություններ անելու խնդիր ունենք:

– Հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի:

– Բնականաբար՝ ոչ: Առկա իրողությունների պայմաններում՝ ոչ:

– Իսկ հետընտրական շրջանում ընտրություններին չմասնակցող երեք խորհրդարանական ուժերը հնարավո՞ր է համագործակցեն, միասին որոշակի շարժում սկսեն:

– Ժամանակը ցույց կտա: Ի վերջո, շատ բան կախված է նաև ընտրությունների ընթացքից և արդյունքներից, այդ երեք քաղաքական ուժերի հետագա պայքարի մարտավարությունից: Ժամանակը ցույց կտա, թե քաղաքական գործընթացները շարունակելու ընդհանուր եզրեր կլինե՞ն, թե՞ յուրաքանչյուրը կգնա իր պատկերացրած ճանապարհով:

Արմինե Ավետյան

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել