ԱՄՆ նորանշանակ պետաքարտուղար Ջոն Քերին` Հայոց ցեղասպանության, Ռամիլ Սաֆարովի և ԼՂ հակամարտության մասին

Քերրի ԱՄՆ-ի Սենատը (օրենսդիր մարմնի` Կոնգրեսի Վերին պալատը) երեքշաբթի ձայների 94 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Մասաչուսեթս նահանգի սենատոր, դեմոկրատ Ջոն Քերիի թեկնածությունը երկրի Արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Միացյալ Նահանգներում հրատարկվող Asparez պարբերականը, վկայակոչելով ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունը, հաղորդում է, որ թեկնածության հաստատման շուրջ լսումների ժամանակ Քերին պատասխանել է նաև հայամետ կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսի ու Բարբարա Բոքսերի հարցերին, որոնք առնչվել են հայերին:

Ստորև ներկայացնում ենք կոնգրեսականների և Ջոն Քերիի հարցուպատասխանի ուշագրավ հատվածները:

– …. 1913-1916 թթ. Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան հարգարժան Հենրի Մորգենթաուն 1915թ. հուլիսի 16-ին Պետքարտուղարություն էր ուղարկել հեռագիր, որում նշվում էր, որ «խաղաղ հայերի արտաքսումն ու նրանց նկատմամբ ճնշումներն աճում են, և ականատեսների սարսափելի վկայութուններից երևում է, որ մի ամբողջ ռասա ոչնչացնելու գործընթացն ընթացքի մեջ է և կատարվում է ապստամբություն ճնշելու պատրվակով»: Իսկ Հալեպում ԱՄՆ-ի հյուպատոս Ջես Ջեքսոնը Մորգենթաուին 1915թ. հունիսի 5-ին գրել էր: «Այս ամենն անկասկած մանրազնին մշակված ծրագիր է, որի նպատակն է ոչնչացնել հայ ռասան»: Մորգենթաուին դեսպանի պաշտոնում հաջորդեց հարգարժան Աբրահամ Էլքուսը (1916-1917թթ.) , նա 1916թ. հոկտեմբերի 17-ին պետքարտուղարին ուղարկել էր հեռագիր, որում ասվում էր. «Քաղաքակիրթ աշխարհի «դատավճռից» խուսափելու համար թուրք պաշտոնյաներն այժմ որդեգրել ու իրականացնում են սովի, հյուծելու և դաժան վերաբերմունքի միջոցով հայերին ոչնչնացնելու ծրագիր, նման բան Թուրքիայի պատմության մեջ չէր եղել»:
Ինչպե՞ս է Պետքարտուղարությունը վերաբերվում այդ ժամանակ կատարված իրադարձություններին

– Միացյալ Նահանգների կառավարությունն ընդունում է պատմական փաստը, որ Օսմանյան կայսրության մայրամուտին մեկուկես միլիոն հայ է կոտորվել կամ մահվան դատապարտվել և ցավում է դրա համար: Այդ դեպքերը դարձան 20-րդ դարի ամենաահավոր վայրագություններից մեկը, և Միացյալ Նահանգները գիտակցում է, որ կատարվածը մեծ ցավ է Հայաստանի ժողովրդի, սփյուռքում ապրող հայերի, ինչպես նաև համամարդկային արժեքներ կրող բոլոր մարդկանց համար: ԱՄՆ նախագահն ամեն տարվա ապրիլի 24 –ին հարգում է զոհերի հիշատակը: Այնպես որ, մենք երբեք չենք մոռանա պատմության այդ մռայլ էջը:

-…. Դուք որպես Սենատի անդամ` պաշտպանել եք Հայոց ցեղասպանությունն ու մեկուկես միլիոն հայերի մահը ճանաչող օրինագիծը: Նշանակվելու դեպքում կիսելու եք արդյո՞ք այդ հարցի վերաբերյալ Ձեր կարծիքն ու հայացքները Պետքարտուղարության և նախագահի վարչակազմի անդամների հետ:

– Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում, որպես պետքարտուղար, իմ պարտականությունն է լինելու անաչառ ներկայացնել նախագահի ու վարչակազմի քաղաքականությունը: Ինչպես Բարաք Օբաման նշեց ապրիլքսանչորսյան իր ելույթում, 1915թ. փաստերի ամբողջական, անկեղծ արդարացի ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից: Նա հավելեց, որ դեպի առաջ ընթանալն անհնար է առանց անցյալի փաստերը հաշվի առնելու և կոչ արեց թուրք և հայ ժողովուրդներին առերեսվել պատմությանը…. Եթե ես հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, ապա շարունակելու եմ մեծապես աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այդ երկրների միջև խաղաղ, փոխշահավետ և բարգավաճ հարաբերությունների հաստատմանը:

– Ի՞նչ եք կարծում, ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ը, որպեսզի ստիպի Իլհամ Ալիեին վերանայել որոշումը և նորից բանտ ուղարկել Սաֆարովին (ադրբեջանցի սպա, որը 2004թ. դանակահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին-Tert.am):

– Երբ Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց Ռամիլ Սաֆարովին, Միացյալ Նահանգներն անմիջապես իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կառավարությանը: Պետքարտուղարությունն և Սպիտակ տունը հայտարարություններ տարածեցին, որոնցում խորը մտահոգություն էին հայտնում արտահանձնելու և ներում շնորհելու փաստի առնչությամբ: Սաֆարովը դատապարտվել էր դաժան սպանության համար, և Միացյալ Նահանգները շատ մտահոգված էր, որ նա չի շարունակելու կրել իր պատիժը: Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր` Միացյալ Նահանգները շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Միացյալ Նահանգները դատապարտում է բոլոր այն գործողությունները, որոնք կարող են լարվածություն հրահրել տարածաշրջանում և վտանգել խաղաղ կարագավորման գործընթացը: Եթե հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, հնարավոր ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ կողմերին հասնելու հակամարատոթյան խաղաղ կարգավորմանը:

– Ադրբեջանը սպառնացել է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի վերակառուցված օդանավակայանից թռիչք իրականցնող ինքանաթիռները: Դուք ինչպե՞ս եք պատասխանելու այս, ինչպես նաև ադրբեջանական կողմի մյուս նոր սպառնալքիներին ու ագրեսիվ գործողութուններին:

– ԱՄՆ-ը կարծում է, որ կողմերը պետք է հակամարտությունը լուծեն դիվանագիտական ճանապարհով: Վարչակազմը վճռականորեն դեմ է հանդես գալիս բոլոր այն քայլերին, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում ու վտանգել խաղաղ կարգավորման գործընթացը: Որպես Մինսկի խմբի անդամ-երկիր` Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ արագ արձագանքեց այդ սպառնալիքներին: Վարչակազմը շարունակեց բարձրացնել այդ հարցն ինչպես կողմերի հետ հարաբերություններում, այնպես էլ Մինսկի խմբի միջոցով: Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում շարունակելու եմ ձեռնարկել քայլեր, որոնք կաջակցեն խաղաղ կարգավորմանը եւ ուղղված կլինեն խաղաղության գործընթացը վտանգելու եւ լարվածությունը մեծացնելու գործողությունների դեմ:

«ԹԵՐԹ»

Տպել Տպել