Թե ինչու է Արցախի Հանրային հեռուստատեսությունը խուսափում Դաշնակցություն բառից

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միությունն արդեն ավանդույթ է դարձրել «Պիտի գնանք` վաղ, թե ուշ» խորագրով ինտելեկտուալ խաղի անցկացումը: Այն մինչ օրս կազմակերպվել է Արցախի բուհերի թիմերի, երիտասարդական կազմակերպությունների միջև հիմնականում ազգային տոն օրերին: Այս խաղը յուրօրինակ ձև է` երիտասարդության մեջ արթուն պահել ամբողջական Հայաստանի գաղափարը:

Հունվարի 31-ին ԼՂՀ N զորամասում ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է «Պիտի գնանք` վաղ, թե ուշ» խորագրով հերթական ինտելեկտուալ խաղը: Խաղը նվիրված էր Արցախյան շարժման 25 և բանակի կազմավորման 21-րդ ամյակներին: Խաղին մասնակցում էին զինվորներից կազմված 6 թիմեր, յուրաքանչյուր թիմ բաղկացած էր 6 հոգուց:

Խաղի բնույթը հետեւյալն է` գծելով ամբողջական Հայաստանի քարտեզը և նշելով քաղաքները, յուրաքանչյուր թիմի տրված ճիշտ պատասխանի դեպքում թիմը «ազատագրում է» նշված քաղաքը և առաջ է շարժվում դեպի վերջնակետ` դրոշ դնելով Արարատի գագաթին: Ճանապարհը սկսվում էր Արցախից դեպի Ջավախք, այնուհետեւ Արևմտյան Հայաստան ու Նախիջևան, և վերջում եռագույնը ծածանվում է Արարատ Սուրբ լեռան գագաթին:

«Ներկայումս շատ միջոցառումներ են կազմակերպվում բանակ-հասարակություն կապը ամրապնդելու համար, բանակը այսօր թափանցիկ է բոլորի համար: Ողջունելի են նման միջոցառումների կազմակերպումը: Ընդհանրապես մարտական խնդիրը կատարելու համար մեզ անհրաժեշտ է բարոյակամային, ինտելեկտուալ բարձր հատկանիշներով օժտված զինվորներ», -նշեց զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Ասրյանը:

Խաղի ընթացքում հնչեցին տարբեր բնույթի հարցեր` տրամաբանականից մինչև ռազմարվեստ: Զինվորների ոգևորությունը ակնհայտ էր:

«Չէի սպասում, որ այսպես կազմակերպված ու հետաքրքիր կլինի: Շատ հավանեցի խաղը: Կարծում եմ` ձևաչափն էլ շատ տեղին է ընտրված: Երբ տեսա միասնական Հայաստանի քարտեզը և խաղի ոճը, այն ավելի ինձ դրդեց պայքարելու: Այսպիսի խաղեր պետք է կազմակերպվեն բոլոր զորամասերում, որովհետև այն օգնում է միավորվելու, միասին քննարկումներ կազմակերպելու, իհարկե միմյանցից նոր բաներ սովորելու: Բանակին անհրաժեշտ է ինտելեկտ, առանց դրա ոչ մի զինվոր չի կարող արդյունավետ օգտագործել իր տեխնիկան»,-ասաց N զորամասի մոտոհրաձգային գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Խաչատրյանը:

Հաղթող թիմ ճանաչվեց «Հաուբիցա» թիմը` փայլուն պատասխանելով գրեթե բոլոր հարցերին` առաջինը իր դրոշը դրեց Արարատի գագաթին: Հաղթող թիմին ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից շնորհվեցին նվերներ:

Հաղթող «Հաուբիցա» խմբի ավագ, կրտսեր սերժանտ Վարդան Գևորգյանի խոսքերով` նման խաղերը նախ ինտելեկտուլ կարողությունն են մեծացնում և, նաև, օգնում են սովորել թիմային աշխատանք տանել: Դա բանակում կարևոր պայմաններից է:

N զորամասի հրամանատար Ժիրայր Պողոսյանը խոստացավ հաղթող և երկրորդ տեղ զբաղեցրած թիմերին կիրակի օրը մեկ օրով արձակուրդ տրամադրել:

«Միջոցառումը նվիրված էր բանակի կազմավորման 21-ամյակին և շարժման 25-ամյակին: Այս կերպ ևս մեկ անգամ փորձեցինք մոտ գտնվել հայ զինվորին, որպեզի նա զգա թիկունքի ջերմությունն ու կարևորությունը :
Միջոցառմամբ մենք փաստեցինք, որ հզոր, ուժեղ զինվոր` նշանակում է, ոչ միայն զինված զենքով, այլև` գիտելիքներով», – նշեց ՀՅԴ ԱԵՄ վարիչ մարմնի ներկայացուցիչ Վահագն Դադայանը:

Խաղից հետո ԱԵՄ-ի անդամները ծանոթացան զորամասի առօրյաին, տեխնիկային և ճաշեցին զինվորների հետ:

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

Հ.Գ. Այս միջոցառումը լուսաբանել է Արցախի հանրային հեռուստատեսությունը: Հեղինակը չի նշել , թե ով կամ ովքեր են այս միջոցառման կազմակերպիչները:

Երիտասարդը, ով ռեպորտաժում խոսում է միջոցառման նպատակի եւ նշանակության մասին, ում չեն նշել, տեղեկացնում ենք` ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Վարիչ Մարնի ներկայացուցիչն է ` Վահագն Դադայանը:

Ի դեպ, սա առաջին անգամ չէ: ՀՅԴ ԱԵմ-ի ձեռնարկած մի շարք միջոցառումներ, ԱՀ-ն ներկայացրել է «մի խումբ երիտասարդների», «Արցախի երիտասարդների» կողմից նախաձեռնություն:
Հորդորում ենք լինել օբյեկտիվ եւ անկողմնակալ:

ՀՅԴ ԱԵՄ Լրատվական հանձնախումբ

Ներկայացնում ենք ԱՀ-ի պատրաստած ռեպորտաժը

«ԱՊԱՌԱԺ»
01/02/2013թ

Տպել Տպել