Ընտրություններին չմասնակցելը կամ չառաջադրելը մի կողմ քաշվել չէ

ԱրմենՌ «Բոլորը չմասնակցելը կամ չառաջադրելը համարում են մի կողմ քաշվել, բայց դա այդպես չէ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ամենաազդեցիկ ավանդական կուսակցության` Դաշնակցության դիրքորոշումը գալիք նախագահական ընտրություններում` թեկնածու չառաջադրել ու առաջադրվածներից ոչ մեկին չսատարել, կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն արձագանքեց. – «Մենք մինչեւ առաջադրումների սկիզբը ունեցանք Գերագույն ժողով, եւ Գերագույն ժողովը ամբողջական քննության առավ ստեղծված իրավիճակը: Իրական ընտրություններ ապահովելու միակ տարբերակ տեսնելով միացյալ թեկնածուի առաջացման հնարավորությունը` խնդիր էր դրված, որ մենք ամեն ինչ անենք, որ այդ թեկնածուն առաջանա: Դժբախտաբար մենք չհասանք մինչեւ վերջակետ միացյալ թեկնածուի առաջացման առումով: Որոշ լուրջ քայլեր կատարվեցին համաձայնության հիմքեր ստեղծելու իմաստով, ինչը ես համարում եմ նույնպես ոչ վատ արդյունք, որովհետեւ մեր խնդիրն էր միացյալ օրակարգով միացյալ թեկնածու գտնել, ոչ թե տեղերը փոխել: Եվ այս գաղափարը, կարծես թե, բոլորի կողմից ընդունվեց. այսինքն` ոչ թե խոսենք անձի մասին, ինչը միշտ կարող է տարաձայնությունների եւ պառակտումների ավելի մեծ դաշտ բացել, այլ նախ ասենք, թե ինչ ենք ուզում անել այս երկրում: Եթե մենք ընդդիմություն ենք, պետք է ունենանք մեր ընդդիմադիր օրակարգը, որով մենք տարբերվելու ենք այս իշխանություններից, եւ համապատասխան առաջարկությունները պետք է հնչեն: Դա կատարեցինք: Բայց չհաջողվեց, որ բոլորը միաձայն հայտարարեն, որ այդ օրակարգը իրենց համար ընդունելի է, եւ անցնենք արդեն հաջորդ քայլին` միացյալ թեկնածուի փնտրտուքին»:

Ռուստամյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե Դաշնակցությունը, որ իր ուսերի վրա է կրել Առաջին հանրապետության ստեղծման ողջ բեռը, ստեղծել է առաջին Ազգային ժողովը, նաեւ ակտիվորեն մասնակցել է մերօրյա անկախ Հայաստանի կայացմանը, այսօր հայտնվել է պասիվ դիրքերում եւ սոսկ հայտարարություններով է հետեւում ընտրությունների ընթացքին. – «Սա պասիվ կեցվածք չէ: Բոլորը չմասնակցելը կամ չառաջադրելը համարում են մի կողմ քաշվել, բայց դա այդպես չէ: Մենք մի կողմ չենք քաշվել այս ընտրություններից, այլ ուղղակի ուզեցել ենք սրանով ընդգծել այն հիմնական պրոբլեմը, որ գոյություն ունի այսօր ընտրական համակարգի մեջ, այն խորը ճգնաժամը, որի մեջ հայտնվել է Հայաստանում ընդհանրապես ընտրությունների գործընթացը: Եվ դա է պատճառը, որ մենք անիմաստ ենք համարել այդպիսի պայմաններում ընտրություններին մասնակցելը»:

Ռուստամյանը մանրամասնեց, թե դրա համար կա երկու հիմնական պատճառ. – «Առաջին պատճառն այն է, որ ընտրությունից ընտրություն պարզ է դարձել, որ կա լիակատար իշխանության չարաշահում իշխող քաղաքական ուժի կողմից: Դա արտահայտվել է վարչաֆինանսական ռեսուրսի անվերահսկելի եւ անսանձ օգտագործման միջոցով: Եվ երկրորդ, ընտրությունների նկատմամբ ժողովրդի, հասարակության ծայրահեղ անվստահությունը, որի հիմքում ընկած է այն, որ չունենք նախադեպ, որ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանությունները երբեւէ փոխվել են: Եվ սա դեպրեսիվ հիասթափության մեջ է մղել ընդհանրապես քաղաքական դաշտը եւ ընտրողներին: Եվ այս պայմաններում իսկապես անիմաստ եւ անօգուտ է անհավասար պայմանների մեջ մտնել, տպավորություն թողնել, թե սա քաղաքական պայքար է` սրանով ինքն իրեն խաբել եւ խաբել հասարակությանն ու ընտրողներին: Չմասնակցելով` մենք ուզեցել են ընդգծել հենց այս փաստը` որ եկեք վերջ դնենք այս վիճակին, ստեղծենք մի ընտրական համակարգ, որը հնարավորություն է տալիս իշխանափոխություն իրականացնել: Մենք չենք ասում, որ այդ իրականացնողն անպայման այսօրվա քաղաքական ուժերը պիտի լինեն: Բայց ընտրական համակարգը եթե դա բացառում է` նշանակում է, որ երկրում ինչ-որ բան այն չէ, դա ժողովրդավարական երկիր, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու ընդունակ երկիր չի կարող կոչվել»:

Ռուստամյանը հավելեց, որ ՀՅԴ-ի չմասնակցությունը նաեւ կոչ է. – «Կոչ է նախ ընտրողներին, որպեսզի նրանք իմանան, որ երբեւէ եթե մեր երկրում պիտի ժողովրդավարական ընտրություններ լինեն, դա պիտի լինի իրենց մասնակցությամբ, իրենց գիտակցությամբ: Սա կոչ է իշխանություններին, որ իրենք հասկանան, որ այսպես ուռճացնել իրենց տոկոսները եւ տոկոսի վրա տոկոս ավելացնելով ինքնագոհ վիճակում հայտնվելը բացարձակապես ժողովրդի եւ մեր երկրի բարօրությանը չնպաստող տոկոսային աճ է: Սա վիրտուալ մի իրականություն է, որի մեջ իշխանություններն իրենց դրել են, եւ իրենց թվում է, որ եթե 50 տոկոսը դարձավ 60-70 տոկոս, այդքան երկրի վիճակը լավացավ: Բացարձակապես այդպես չէ, որովհետեւ դրանք ժողովրդավարական ընտրությունների արդյունում ձեռք բերված տոկոսներ չեն: Եվ սա մենք ուզում ենք այս մեր ակցիայով, դեմարշով ընդգծել»:

Դիտարկմանը, թե այդ ակցիան, այնուամենայնիվ, պասիվ է, Ռուստամյանը հակադարձեց. – «Ակտիվ լինելու, այդ պրոցեսի մեջ մտնելու դեպքում, Դուք նույն հարցը մեզ կտայիք, որ եթե այսքան դժգոհում եք ընտրությունների անարդարությունից, ինչո՞ւ շարունակում մասնակցել ընտրություններին»:



«ԱԶԱՏՈՒԹՒՅՈՒՆ»

Տպել Տպել