ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցը` կառավարությանը

Աղվան Վարդանյանի հարցը` կառավարությանը

Հարգելի կառավարություն

Երեկ այս դահլիճում հայտարարություն եմ արել` Սյունիքի մարզի 50 հազար հեկտար իրանական կողմին վարձակալություն տալու հնարավոր գործարքի վերաբերյալ: Շնորհակալ եմ: Երեկ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է տարածել՝ շեշտելով, որ առայժմ որևէ իրավական գործընթաց գոյություն չունի: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կառավարությունը ավելի շուտ այս պարզաբանումը տար, ոչ թե հանրային ակտիվ քննարկումներից ու ԱԺ-ում հարցը բարձրացնելուց հետո: Բայց, միևնույն է, հարցականները մնում են:

Նախ՝ կան Սյունիքի մարզի պաշտոնյաների ստորագրություններն այս փաստաթղթերի, ավելի ճիշտ՝ կիսագրագետ թղթերի տակ: Երկրորդ՝ Տարածքային նախարարության պարզաբանումից հետո aravot.am կայքում հայտնվել է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հարցազրույցը, որտեղ այդ մարդը գովերգում է իրենց նախաձեռնությունը: Երրորդ՝ Տարածքային նախարարության պարզաբանման մեջ հղում կա կառավարության երկու որոշման, որոնք էական կապ չունեն խնդրո առարկայի հետ. մեկը վերաբերում է արոտավայրերի օգտագործման կարգին, մյուսը՝ պետական սեփականության արոտավայրերից օգտվելու պայմանների բնույթին: Չորրորդ՝ Հողային օրենսգիրքը նախատեսում է նման պայմանագրերը կնքել մրցույթով, առանց մրցույթի կարգ կառավարությունը չի սահմանել:

Հինգերորդ՝ բուն հարցը՝ ի՞նչ է տալու հնարավոր այդ գործարքը Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանի գյուղացիությանը: Ինչո՞ւ հնարավոր չէ պետականորեն երաշխավորել մսամթերքի ու կաթնամթերքի իրացում և անասնապահության զարգացմանը մասնակից դարձնել մեր գյուղացիներին ու տնտեսավարողներին: Կառավարությունը գիտակցո՞ւմ է պետական և համայնքային հողերը օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վարձակալության տալու` քաղաքական, հոգեբանական, տնտեսական, բնապահպանական հետևանքները:

Բնական կլիներ, եթե հարցին պատասխաներ Տարածքային կառավարման նախարարը: Ցավոք, պարոն Գևորգյանը ներկա չէ: Պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեր արձագանքը:

Աղվան Վարդանյանի տարակուսանքը` այսօրվա նախարար- կառավարությանը

Երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարություն էր արել Սյունիքի մարզի 50 հազար հեկտար իրանական կողմին վարձակալություն տալու հնարավոր գործարքի վերաբերյալ: Եվ թեեւ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում էր տարածել, ինչի մասին շեշտեց նաեւ ՀՅԴ-ական պատգամավորը, բայց նա այսօր կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ի՞նչ է տալու հնարավոր այդ գործարքը ՀՀ-ին եւ տարածաշրջանի գյուղացիությանը:

ՀՅԴ-ական պատգամավորի հարցն ուղղված էր Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, բայց քանի որ նա բացակայում էր այսօրվա նիստից, Վարդանյանը խնդրեց, որ հարցին պատասխանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Որքան էլ տարօրինակ է հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ուշագրավ է, բայց այսօր այս էլ որերորդ անգամ պատգամավորների հարցերի գերակշիռ մասի ”տակից փորձում է դուրս գալ” հենց Արդարադատության նախարարը:

Արդարադատության նախարարը իրավական ինչ-ինչ պարզաբանումներ տվեց, ինչն էլ արդարացիորեն դուր չեկավ ՀՅԴ-ական պատգամավորին եւ նա ընդգծեց, որ այդ բոլոր օրենքներին, իրավական հարցերին շատ լավ տիրապետում է:

«Ինձ համար զարմանալի է, որ կառավարությունը մտածում է, որ այս հարցին պետք է պատասխաներ Արդարադատության նախարարը, քանի որ խոսքը վերաբերվում է իրավաան խնդիրներին, մեր օրենսդրությանը, հողային օրենսգրքին, կառավարության որոշումներին, ապա կարծում եմ, որ կառավարությունը սխալվում է: Հողային օրենսգիրքը գտնվում է այս ԱԺ-ում, կառավարության որոշումները հրապարակային են եւ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր ձեր ասած յուրաքանչյուր տառն ու բառը գիտի, ու բացատրության մեկնաբանության նման կարիք մենք կառավարությունից չենք սպասում, մենք ինքներս կարող ենք այդ ամենը տեսնել եւ իմանալ: Այդ իմաստով ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այսօրվա նախարար-կառավարությանը»,-հայտարարեց Աղվան Վարդանյանը եւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ Արդարադատության նախարարի ասածները ինքը շատ լավ գիտեր, բայց դրանով հարցերը չեն պակասում:

Տպել Տպել