Երբ ընտրությունները շինծու են՝ իմաստ չունի խոսել հաղթողի եւ պարտվողների մասին

Արմեն ԵԽԽՎ Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՅԴ-ն իր ընտրազանգվածին կոչ կանի, թե ինչպես քվեարկեն:

Նա ընդգծել է, որ շտապելու կարիք չկա, իրավիճակի փոփոխությունները, կարծես, անսպասելի են, եւ մինչեւ վերջին պահն էլ հայտնի չէ՝ ընտրությունները կհետաձգվե՞ն, թե՞ ոչ:

«Ես հակված եմ գնալ ընտրության եւ քվեաթերթիկի վրա գրել` բոլորին դեմ»,- հայտարարել ՀՅԴ պատգամավորը: Նա հիշեցրել է, որ առաջ, եթե քվեաթերթիկների հիսուն տոկոսի վրա կար բոլորին դեմ նշումը, ընտրություններն անվավեր էին ճանաչվում, եւ ափսոսանք հայտնել, որ ՀՅԴ-ի նախաձեռնությունը` որ օրենքի այդ կետը վերականգնվի, չանցավ:

«Ընտրություններին մեր չմասնակցելը պայքարի ձեւ է, պետք է մեր երկրում վերջ դնել նման ընտրությունների: ՀՀ-ում չկա ժողովրդավարական ընտրություն, ՀՀ-ում ժողովուրդը չի որոշում իր ապագան, եթե այդպես լիներ մեկ անգամ գոնե իշխանությունը կփոխվեր ընտրությունների միջոցով»,- ընդգծել է Ռուստամյանը:

Հարցին, թե կշնորհավորե՞ն Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ, նա պատասխանել է. «Ինչը շնորհավորենք, երբ ընտրությունները շինծու են եւ ժողովրդավարական ընտրություններից այնքան հեռու են, որ իմաստ չունի խոսել հաղթողի եւ պարտվողների մասին»:

ՀՅԴ պատգամավորը նշել է, որ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել երկրում, երբ իշխանություններն իրենք իրենց համար ստեղծել են վիրտուալ իրականություն, ուր ամեն ինչ լավ է, իսկ ով դրա դեմ է խոսում՝ թշնամի է: Երկրում ստեղծված իրավիճակը, ըստ Ռուստամյանի, շատ ծանր է, ընտրական գործընթացներն էլ չեն արտացոլում մեր իրականությունը: Ըստ Ռուստամյանի՝ Սերժ Սարգսյանին կշնորհավորեն նրանք, ովքեր կհամարեն, որ նորմալ ընտրություններ են եղել:

ՀՅԴ պատգամավորը շեշտել է նաեւ, որ նախագահի որոշ թեկնածուներ, մասնակցելով ընտրություններին, թվում էր` պետք է քննադատեն իշխանությանը, բայց ավելի շատ անդրադառնում են նրանց, ովքեր չեն մասնակցում ընտրություններին: Ռուստամյանը վստահ է, որ այդ թեկնածուները մեծ ծառայություն են մատուցում իշխանություններին՝ ֆոն ստեղծելով, թե ընտրությունները մրցակցային են, ինչի մասին ամեն օր խոսում է նաեւ Սերժ Սարգսյանը:

«Այս ընտրությունները կանխորոշված են: Պարզ է, թե ով է հաղթելու, եւ ի՞նչ կապ ունի, թե մյուս թեկնածուները որ տեղերը կգրավեն, քանի տոկոս կհավաքեն, երկրի ապագայի վրա դա ազդելո՞ւ է: Կանխորոշված հաղթողը ինքնագոհ շարունակելու է ղեկավարել երկիրը», – հայտատարել է Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել