Ի՞նչն է մեզ պակասում

ռոդենՎարքագծային խորթ մշակույթը, որի մասին խոսում էինք նախորդ համարում, վտանգավոր է ոչ միայն նրանով, որ թվացյալ պարզությամբ և անկաշկանդությամբ գրավել և իրեն է ենթարկել հասարակության նորանոր շերտեր, այլև նրանով, որ խեղաթյուրում է այն ամբողջ արժեհամակարգը, որը չնայած պատմական ողբերգություններին՝ հարյուրամյակներ շարունակ կուտակել է մեր ժողովուրդը: Այն նաև նպաստում է միջազգային ընկալման մեջ հայի և Հայաստանի մասին խեղաթյուրված կարծրատիպի ստեղծմանը:

Իսկապես եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչ ընդհանրություն կա մեր հայրենակիցների այն կատեգորիաների միջև, որոնց վարքագծային դրսևորումները ես նախորդ հոդվածում բնութագրում էի որպես «խորթ»: Դուք կասեք, որ ընդհանուր է աղաղակող անքաղաքավարությունը և իրավացի կլինեք: Անքաղաքավարություն ամեն ինչում՝ արտաքինում, հագուկապում, խոսքում, շարժուձևում, ձայնում, գործերը վարելու ոճում: Բայց ամենագլխավորն աչքերն են: Հային միշտ ճանաչել են աչքերով՝ մեծ, մուգ, տխուր, լի թախիծով և հարյուրամյակների ընթացքում բյուրեղացած իմաստնությամբ: Երբեմն այդ աչքերում կայծկլտում են ուրախությունը և հումորը. այդպիսի աչքեր այն մարդիկ են ունենում, ովքեր կարողանում են իրենք իրենց վրա ծիծաղել: Նման մարդիկ հիմա էլ կան: Բայց արդեն հայտնվել և արագ տարածվում է մեկ այլ տեսակ: Նրանց աչքերը գիշատիչ են, լկտի, որոնող, չար:

Հումորի փոխարեն դրանց մեջ նկատվում է չարախնդությունը, իմաստնության փոխարեն՝ խորամանկությունը, իսկ հավերժական թախիծն արդարև նրանց առհասարակ անծանոթ է:

Բայց ինչո՞ւ ենք զգացմունքներով դատում: Վարքագծային այդ «նորամուծությունները», ավելի ճիշտ՝ սանձարձակությունը, կարելի է հստակորեն բնութագրել լկտիություն՝ ցինիզմ բառով:

Բառարանները ցինիզմը կամ ցինիկությունը բացատրում են որպես անթաքույց, գռեհիկ, քամահրական վերաբերմունք հասարակական բարոյական չափանիշների, մշակութային արժեքների և պարկեշտության մասին պատկերացումների հանդեպ:
Ցինիզմը հերքում է վարքի այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են կարեկցանքը, գթասրտությունը, ամոթը, սրտացավությունը, քանի որ դրանք չեն համապատասխանում անձնական շահերին հասնելու պրագմատիկ նպատակին: Համոզմունքների և վարքագծի ցինիզմը բնորոշ է այն մարդկանց, ովքեր պատրաստ են դիմել ցանկացած միջոցի՝ իրենց անձնական նպատակներին հասնելու համար:

Ահա այսպիսի բնորոշումներ են տրված բառարաններում: Ճանաչեցի՞ք: Իհարկե ճանաչեցիք: Չէ՞ որ մեր ամբողջ շրջապատը ներծծված է ցինիզմով, մեր ամբողջ կյանքն է դրանով թաթախված՝ չնայած մենք հաճախ ուշադրություն չենք էլ դարձնում: Սովորել ենք:

Բայց ուրիշ էլ ինչո՞վ, եթե ոչ իշխող վերնախավի ցինիզմով կարելի է բացատրել նրանց խոսքերի և գործերի միջև եղած լիակատար հակասությունը: Մեզ ասում են հարկային դաշտի կարգավորման մասին, իսկ մենք տեսնում ենք փոքր և միջին բիզնեսի դանդաղ մահն ու մարումը: Մեզ պատմում են ինչ-որ փայլուն հաջողությունների մասին, որոնց շնորհիվ ինչ-որ «շատ կարևոր միջազգային տնտեսական վարկանիշներում» երկրի դիրքերը մի քանի կետով բարձրացել են, իսկ մենք սեփական գրպանով ենք զգում, որ ապրելն ավելի դժվար է դարձել: Մեզ առասպելներ են պատմում դիվանագիտական ասպարեզում լուրջ նվաճումների մասին, իսկ մենք չգիտես ինչու՝ դրանք չենք նկատում: Մեզ հավատացնում են, որ Հայաստանում բարենպաստ միջավայր է ստեղծված ներդրումների համար, բայց բոլորը վաճառում են, և ոչ ոք չի գնում: Մեզ համոզում են, որ զբոսաշրջիկների թիվն ավելանում է, բայց փողոցներում մենք նրանց չենք տեսնում: Մեզ խոստանում են սանձահարել մենաշնորհը, սակայն մենք տեսնում ենք, որ տնտեսական ամբողջ կյանքը ենթարկվում է սակավաթիվ մենաշնորհականներին, ոչ մի ազնիվ մրցակցության մասին խոսք անգամ չկա, իսկ համալսարանները պետությանն առաջվա պես ավելի շատ հարկեր են վճարում, քան օլիգարխները: Բայց ամենից հաճախ, ամենից համառ, ուղիղ մեր աչքերին նայելով՝ մեզ խաբում են, թե Հայաստանում արդեն ապահովված է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու եվրոպական ստանդարտը, ահա էլի մի քիչ, էլի մի քիչ ու…

Ու ի՞նչ: Ու իրենք էլի կմնան իշխանության ղեկին:

Բայց չէ՞ որ այս սուտը նույնպես ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ազնիվ մարդկանց համար վարքագծային խորթ մշակույթ, բայց արդեն՝ քաղաքական ոլորտում: Եվ դա ընդամենը հասարակական կարծիքի աճպարարություն չէ, որը կատարվում է գրեթե համատարած և ամենուրեք: Դա հենց ցինիկ սուտ է, քանի որ նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանական թեկնածուն շարունակում է հանրությանը հայտնվել ամբողջ հասարակությանը զզվեցրած կերպարների ուղեկցությամբ, ովքեր ուղղակիորեն զուգորդվում են մեր կյանքի բոլոր բացասական երևույթների հետ, և չի հրաժարվում նրանց աջակցությունից՝ չնայած ներկա իրավիճակում դրա կարիքը բնավ չունի: Այսինքն ընտրողին ի սկզբանե զրկում են այն հույսից, որ երկրում կարող է որևէ բան փոխվել, ավելի ճիշտ՝ նույնիսկ ստիպում են համակերպվել այն մտքին, որ Հայաստանի վրա միանգամայն հնարավոր է կախել այն ցուցանակը, որը Դանթեն փակցրել էր դժոխքի դարպասներին. «Այստեղ ոտք դնող ամենայն ոք թող հույսը թողնի դռներից այն կողմ»:

Բայց մի՞թե ցինիզմը և ամոթի լիակատար բացակայությունը այսօր միայն վերևներին են բնորոշ: Ցավոք՝ ոչ. վարքագծի՝ սրտխառնուք առաջացնող օրինակները, որոնք ես բերեցի նախորդ հոդվածում, միանգամայն վերաբերում են նաև հասարակ մարդկանց: Քանի որ զինիզմը հետաքրքիր հատկություն ունի՝ ի տարբերություն ազնվության՝ այն վարակիչ է:

Ավելին. համարվում է, որ այն շատ բնորոշ է այնպիսի մարդկանց, ովքեր արդեն հուսահատվել են հասարակության անարդարության ու կեղծավորության դեմ պայքարելուց և իր անիրավ վիճակից ելք գտնելու փորձերից:
Ահա, հենց սա է գաղտնիքը: Երբեմն ասում են՝ ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ իշխանությունն է, իբր՝ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Հիմարություններ են: Չեմ հավատում: Օրինակ գերմանացիները (ընդամենը մի քանի տարվա տարբերությամբ) «Հայլ» էին բղավում նույնիսկ ոչ թե անձամբ Ադոլֆ Հիտլերին, այլ նրա դիմանկարը տեսնելիս և ձևացնում էին՝ իբր ոչինչ չգիտեն Դահաուի և գազի վառարանների մասին, իսկ հետո կառուցեցին իրենց բարգավաճ ժողովրդավարական Գերմանիան՝ ազատության և մարդու իրավունքների երկիրը և անկեղծորեն, նկատեք՝ անկեղծորեն, ներողություն խնդրեցին հրեաներից և ամբողջ աշխարհից: Այդքան փոխվեցի՞ն մի քանի տարվա ընթացքում: Դժվար թե: Պայմաններն էին արմատապես փոխվել՝ դա հաստատ է:

Վրացիները կամ լեհերը խորհրդային և հետխորհրդային առաջնորդների օրոք անխնա գողանում էին, կաշառք վերցնում և պետական գանձարանը կողոպտում: Հետո դադարեցին: Առաջնորդները փոխվեցին:
Այնպես որ ես չեմ հավատում, թե իշխանությունն ազգային բնավորության արգասիքն է:

Հակառակը՝ իշխանությունն է ձևավորում հասարակության կյանքի պայմանները, ուրեմն՝ նաև ազգային բնավորությունը: Գողերը ծնում են գողերի: Իշխանության գլուխ կանգնած ագահ, գիշատիչ, անսկզբունքային, անգրագետ և ռաբիս պերսոնաժները ձևավորում են հենց վարքագծային այն զզվելի ձևանմուշը, որը մենք չենք ընդունում: Միայն թե շատ փափուկ, մի տեսակ լուռումունջ չենք ընդունում: Մոռանում ենք, որ մենք (այն նույն «մենք») հենց այն միակն ենք, ումից վախենում է իշխանությունը: Նա չի վախենում գազազած աղքատներից, նրանց կարելի է կաշառել, չի վախենում բարձրագոչ ճամարտակներից՝ նրանց կարելի է վախեցնել: Նա վախենում է միայն խելացիներից: Այսինքն մեզնից: Իսկ մենք լռում ենք: Եվ լուռ հեռանում ենք երկրից: Մենք ենթարկվող ենք, շուտ հանձնվում ենք, բնավ համառ չենք: Այդ պատճառով էլ մեզ՝ այսինքն մտավորականներին, նպատակադրված և բարեհաջող կերպով դուրս են մղել հասարակական-քաղաքական կյանքի ոլորտից: Եվ հիմա իշխանության համար ամենևին էլ դժվար չէ վերարտադրվելը՝ այն իր համար հիանալի սննդարար միջավայր է ստեղծել, որտեղ իրեն ոչինչ և ոչ ոք չի սպառնում:

Կեղծ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ի շուրջ վերջին պատմությունը դրա վառ օրինակն է:

Բայց անելանելի վիճակներ չեն լինում: Մինչ հաջորդ համար:

Վ.ՄԱՐԻՆՈՍՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»

Տպել Տպել