Էթիկայի հանձնաժողովը մերժեց Արմեն Ռուստամյանի դիմումը

էթիկա խորհուրդ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը, որով պատգամավորն առաջարկել էր քննարկել նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու հարցը:

Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հիշյալ դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել որոշման երկու նախագիծ:

Դրանցից մեկը հանձնաժողովի նախորդ կազմում այս հարցի զեկուցող` «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի պատրաստած նախագիծն էր, որը ներկայացրեց հանձնաժողովում վերջինիս փոխարինած` նույն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Ըստ այդմ, առաջարկվում էր ընդունել, որ 83 պատգամավորներից հատկապես նիստը միտումնավոր տապալած և այդ նպատակով չգրանցված ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների բոլոր անդամները խախտել են էթիկայի կանոնները:

Այս նախագիծը ստացավ երեքական «կողմ» և «դեմ» ձայներ: Որոշմանը կողմ էին ընդդիմադիր երեք խմբակցությունների անդամները` «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը, «Հայ ազգային կոնգրես»-ից Լյուդմիլա Սարգսյանը և ՀՅԴ-ից Վահան Հովհաննեսյանը, դեմ էին` հանրապետականներ Դավիթ Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը, ինչպես նաև նրանց միացած «Բարգավաճ Հայաստան»-ից Վահան Բաբայանը: «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նիստից բացակայում էր:

Հարցի վերաբերյալ երկրորդ նախագիծը ներկայացրել էր Դավիթ Հարությունյանը` առաջարկելով կարճել հարցի քննությունը: Այս դեպքում ևս նախագծին կողմ և դեմ ձայները հավասար էին` նախորդ նախագծին կողմ քվեարկածները դեմ էին և հակառակը:

Արդյունքում, ըստ Դ.Հարությունյանի, պատգամավորի դիմումը համարվեց մերժված:

Տպել Տպել