Ե՞րբ տալ միասնական թեկնածուի անունը

Երկիր Նախագահական ընտրարշավից առաջ, ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, քաղաքական ուժերի միջև ծավալված քննարկումները մեկ նպատակ էին հետապնդում՝ առաջադրել ընդդիմության միասնական թեկնածու և այդ թեկնածության շուրջ համախմբել ընդդիմադիր դաշտն ու ընտրազանգվածը: Այդ նպատակով շրջանառության մեջ դրվեց ՀՅԴ 7 կետերից կազմված պլատֆորմը, որը ներառում էր, կարելի է ասել, միասնական թեկնածուի ծրագիրը: ՀՅԴ-ն առաջարկում էր նաև նախ՝ համաձայնության գալ ծրագրի շուրջ և վերջում միայն հրապարակել այն թեկնածուի անունը, որի շուրջ կկայանար կոնսենսուս: Այլ բառով՝ թեկնածուի անձի խնդիրը մղվում էր հետին պլան, և առաջ էր գալիս ծրագրի քաղաքական նշանակությունը: Նկատենք, որ այդ պարագայում առաջանալու էր միանգամայն այլ իրավիճակ: Ո’չ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված կլիներ, իր տարիքը պատճառաբանելով, մի կողմ քաշվել, ո’չ Գագիկ Ծառուկյանի վերջին դասն այդքան անփառունակ կլիներ, ո’չ Հայրիկյանի վրա քաղաքական նկատառումներով կկրակեին, ո’չ էլ զրոյական վարկանիշով թեկնածուներ կլինեին հրապարակում, որոնք անլրջությունից զատ այլ երանգ չեն հաղորդում այս քարոզարշավին:

ՀՅԴ-ի առաջարկին, սակայն, հակադրվեց մեկ այլ առաջարկ, այն էր՝ բոլոր ուժերն իրենց թեկնածուներին են առաջադրում և վերջում հրաժարվում են հօգուտ այն թեկնածուի, ում շանսերն ավելի բարձր կլինեն այդ պահին: Այս առաջարկի կողմնակիցներն, ի դեպ, նաև հայտարարում էին, որ ամբողջությամբ ընդունում են ՀՅԴ-ի 7 կետանոց պլատֆորմը և պատրաստակամ են ընդդիմության թեկնածուի հաղթանակի դեպքում նվիրվել այդ կետերի իրագործմանը: ՀՅԴ-ն, բնականաբար, հարց տվեց՝ ո՞ւր են այն երաշխիքները, որ ընդդիմության թեկնածուները քարոզարշավի վերջին փուլում կմիավորվեն մեկի շուրջ և կհրաժարվեն հօգուտ նրա: Այս հարցի պատասխանն այդպես էլ չհնչեց: Չհնչեց մի պարզ պատճառով՝ շատերի մեզը պղտոր էր, կամ էլ` ոմանք ուղղակի ի վիճակի չէին պայքարել համակարգի դեմ:

ՀՅԴ-ի առաջարկը՝ միասնական ծրագրով և թեկնածուով մտնել պայքարի մեջ՝ ֆիլտրի դեր կատարեց իրականում, որի նեղ անցքերից չկարողացան անցնել նախագահական այս ընտրությունների «հատուկ նշանակության» քաղաքական ուժերն ու ճշտված թեկնածուները: Ինչևէ: Ունեցանք այն, ինչ ունենք: Նախ՝ շատ արագ ճշտվեցին 2-4 տեղերի թեկնածուները, ապա փառավորապես ընդգծվեցին հետնապահները, ու սկսվեց մեծ շոուն, որին, արդեն որքան ժամանակ է` իշխանությունները փորձում են քարոզարշավի երանգներ հաղորդել՝ զուգահեռաբար մեղադրելով այն ուժերին, որոնք հրաժարվեցին մասնակցել թատերականացված միջոցառմանը:

Ի՞նչ է անում Պարույր Հայրիկյանն այսօր: Նա դիմել է թեկնածուներից երկուսին՝ քարոզարշավի վերջին փուլում միավորվել ու հանդես գալ մեկի թեկնածության օգտին: Այսինքն` փորձում է իրագործել միասնական թեկնածու-2 տարբերակը, որի մասին խոսեցինք վերևում՝ առաջադրվել, իսկ հետո հրաժարվել հօգուտ մեկի: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւր են ծրագրային այն կետերը, պարո’ն Հայրիկյան, որ պետք է միավորեն ձեզ: Իսկ գուցե Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումնե՞րը բացեցին Ձեր աչքերը: Րաֆֆին, ահա, շատ ձայն ունի, միավորվենք նրա շուրջ: Այո՞: Այսինքն` ի՞նչ է ստացվում՝ «դալոյ» Հայրիկյանի գաղափարներ, բոլորս գնում ենք «Ժառանգության» ուղիո՞վ: Բայց տեսեք՝ Բագրատյանը կարծես իր 100 քայլին է կառչած, ինքն իրեն ասում է՝ չէ, Բագրատյա’ն, սա ո’չ քո տեղն է, ո’չ էլ` քո խաղը: Նույնիսկ հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանն արդեն համաձայն չէ առանձնազրույց ունենալ Հայրիկյանի հետ և վերջինիս առաջարկում է ասելիքն ասել բոլորի ներկայությամբ: Իսկ Րաֆֆի՞ն: Րաֆֆին հիմա կասի՝ ամեն ինչ հնարավոր է, բացի իր միասնական թեկնածության հարցը կասկածի տակ դնելն ու դրա շուրջ նոր քննարկումներ սկսելը:

Մենք այս պահին ականատեսն ենք այն մոտեցման կրախի, որը հակադրվում էր ՀՅԴ-ի առաջարկին, որն էլ հենց պատճառ դարձավ այս ընտրությունների և այս քարոզարշավի աննախադեպ անլրջության: Ի՞նչ կարող է տալ Հայրիկյանին ՍԴ դիմելու և ընտրությունները 15 օրով հետաձգելու այս վերջին ճիգը: Ի՞նչ է սա` խոստումներ ստացած և ապա խաբված թեկնածուի անհանգիստ շարժո՞ւմ, թե՞ մյուս թեկնածուներին մտածելու հնարավորություն տալու փորձ: Իր այս քայլով, փաստորեն, Հայրիկյանը կարող է զրկվել նույնիսկ քարոզարշավի վերջին օրերը նպատակային օգտագործելու հնարավորությունից:

Համադրելով այս ամենը՝ գալիս ենք միակ տրամաբանական եզրակացությանը՝ Հայրիկյանը պատրաստվում է ընտրություններից հետո բացատրել իր անփառունակ պարտության պատճառները: Վաղը նույն անխուսափելի խնդրի առաջ են կանգնելու նաև մյուս թեկնածուները, ովքեր մրցակցային ֆոն էին ապահովում այս ընտրություններում: Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի մասին է: Սակայն վերջիններս դեռ Հայրիկյանի հանգույն ոտուձեռ ընկած չեն, ինչը նշանակում է` կա’մ արդեն ունեն պատրաստի բացատրություններ, կա’մ պատրաստվում են արձանագրել, որ մասնակցությունն այս ընտրություններին մեկ քայլ առաջ էր իրենց կենսագրության մեջ: Հասկանալի է, եթե պարտության այլ բացատրություն չկա, սա նույնպես բացատրություն է:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«ԵՐԿԻՐ»

Տպել Տպել