«Մենք Արթուր Մկրտչյան կերպարի անհրաժեշտություն ունենք». Դավիթ Իշխանյան

ArthurMkrtchyan3Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին, որն անջնջելի հետք է թողել Արցախյան շարժման պատմության մեջ: ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին եւ ճակատագիրն այնպիսի անջնջելի հետք թողեցին հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, որ անգամ պաշտոնավարած լինելով երեք ամսից քիչ ժամանակահատվածում, նրա անունն առհավետ բուն դրեց ժողովրդի հիշողության մեջ: Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերեւս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը:

Քաղաքականության մեջ նրա անփորձությունն ու անվարժությունը, որտեղ նա հայտնվել էր ճակատագրի բերմամբ, լիաչափ կերպով փոխհատուցվում էին նրա բնատուր խելքով, բացարձակ օրինավորությամբ եւ Շարժման նպատակներին ու գաղափարներին հավատարմությամբ. այդ մասին փաստում են այն մարդիկ, ովքեր երբեւէ առիթ են ունեցել շփվելու Արթուր Մկրտչյանի հետ կամ գոնե փոքր ինչ ծանոթ են նրա գործունեությանը:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա գերեզման-հուշաքարի մոտ: ԼՂՀ ԱԺ նախագահը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Գ. Պետրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանյանը, ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» քաղաքային կոմիտեության անդամներ, պետական պաշտոնյաներ, պատգամավորներ եւ հարազատներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ա. Մկրտչյանի շիրիմին:

«Մենք ամեն տարի գալիս ենք այստեղ` մեր հարգանքի տուրքը մատուցելու Արթուր Մկրտչյանին,- խոսելով Ա. Մկրտչյան գործչի մասին` ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը: – Կարծում եմ, Արթուր Մկրտչյանի հիշատակը հարգելով, մենք նաեւ մեր երախտագիտությունն ու խոնարհումն ենք բերում բոլոր այն մարդկանց, ովքեր 1988 թվականից սկսած հայտնվեցին քաղաքական ասպարեզում, իսկ նրանց հայտնվելը այնքան բնական ու օրինաչափ էր, որ երեւի ուրիշ որեւէ կերպ չէր էլ կարող գալ համաժողովրդական շարժման ալիքով քաղաքական գործիչների այդ նոր սերունդը ու գլխավորել այդ համաժողովրդական շարժումը: Ամեն տարվա այս ավանդույթից զատ, այս տարի Արցախյան շարժման 25-ամյակի տարում մենք փորձում ենք նաեւ ամփոփել, հանրագումարի բերել ազգային ազատագրական շարժման բոլոր այն նվիրյալների գործունեությունը, ովքեր կարողացել են այդ շատ խիստ եւ բախտորոշ ժամանակահատվածում ոչ միայն գլխավորել համաժողովրդական շարժումը, այլեւ ինքնահաղթահարել այն: Կարծում եմ` Արթուր Մկրտչյանի եւ նրա նման մարդկանց գալը եւ գլխավորելը համաժողովրդական շարժումը` իրականում շատ խիստ բարոյական եւ ընդգծված արդարացի պայքարի երանգ տվեց Արցախյան շարժմանը: Հետեւաբար, նրա եւ Արցախյան շարժման բոլոր նվիրյալների գործունեության պսակն է այսօրվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նաեւ այն իրողությունները, որ այսօր կան անկախ Արցախում»:

Ամեն տարի` այն երիտասարդները, ովքեր ՀՅԴ կուսակցության շարքերն են համալրում, երդվում են Արթուր Մկրտչյանի շիրիմին:

«Վերջերս մեր ընկերներից մեկը մի արտահայտություն արեց, որ մենք սրբերի կարիք ունենք,-նշեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանյանը,- սա խորհրդանշական արտահայտություն էր, բայց, կարծում եմ, Արթուր Մկրտչյանի գերեզմանը հենց այն սրբավայրերից մեկն է, որ ոչ միայն երիտասարդ Դաշնակցականը, այլ ընդհանրապես մերօրյա երիտասարդն իր երդումը տա այնպիսի մի վայրում, որ իրոք սրբագրված եւ սրբագործված է: Արթուր Մկրտչյան անձը, պետական գործիչը այն եզակիներից մեկն էր, որ կարողացավ սրբությամբ կերտել ոչ միայն իր օրերի, այլեւ մեր օրերի նորօրյա պատմությունը: Կարծում եմ` այսօր մենք ոչ միայն Արթուր Մկրտչյան կերպարի, այլեւ նման կերպարների մեծ անհրաժեշտություն ունենք»:

Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը` 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին: Այն ժամանակներում չափազանց համարձակ այդ քայլը Արթուրի համար եղել է գիտակցված արարք, քայլ դեպի սեփական անձի եւ սկսվող հեղափոխական գործընթացներում սեփական դերի իմաստավորում: 1988թ. փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից մինչեւ նախագահ ընտրվելը, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց: 1992թ. հունվարին նորածին հանրապետության գլուխ կանգնեց մի երիտասարդ, ով մարմնավորում էր ազգային-ազատագրական շարժման ոգին` 1988-1990 թվականների` նրա լավագույն, վեհ ու լուսավոր դրսեւորումներով:

«Կգա մի ժամանակ, որ բոլոր հիշողությունները` կապված Արթուր Մկրտչյանի հետ, գրավոր ձեւով կներկայացնեմ բոլորին,- ասաց Արթուր Մկրտչյանի կինը` Գոհարը,- իսկ հիմա, երբ 25 տարիների հեռավորությունից անդրադարձ ես անում դեպի հետ, բոլորովին չես կարողանում պատկերացնել, որ այն ժամանակվա շարժումը կարող էր այս տեսակ թափ ստանալ եւ հետեւանքը լիներ այն ամենը, ինչ մենք ունենք այսօր: Մենք անմեղ պահանջներ էինք դնում այն ժամանակ ադրբեջանական կառավարողների առջեւ` երեխաները հայկական հեռուստատեսություն լսեն, իրենց մայրենի լեզվով, դպրոցներում հայ ժողովրդի պատմություն առարկան ուսանեն: Այդ ամենն այն ժամանակ անհնարին բան էր թվում: Երեւի թե իրենք հասկանում էին, թե դրա վերջն ուր կտաներ, դրա համար անմիջապես սկսեցին դրա դեմն առնել: Եվ պահանջում էին, որ` ովքեր ուզում են հայ ժողովրդի պատմություն ուսուցանել, կամ մայրենի լեզվով հեռուստահաղորդումներ ունենալ, կարող են գնալ իրենց հայրենիքը եւ այնտեղ այդ ամենը ապահովված կլինի: Մենք էլ պնդեցինք, որ մեր հայրենիքը հենց սա է, որտեղ մենք ապրում ենք: Ժողովրդական մի խոսք կա, ասում են, երբ ձիու սանձը շատ չես ձգում` կառավարելը հեշտ է դառնում: Մեր պարագայում սանձն այնքան ձգեցին, որ արդեն անկառավարելի իրավիճակ էր եւ պետք է դուրս գայինք այդ իրավիճակից: Բայց այն համախմբվածությունը, այն հավաքական միասնությունը, այն ուժը, որ կար փետրվարի 12-ից սկսած, նման բան միայն ֆիլմերում էինք տեսել, եւ չէինք էլ պատկերացնում, որ մեր ժողովուրդը ընդունակ է դրան: Այսօր հպարտության, ցավի եւ ափսոսանիքի զգացում ունեմ: Գտնում եմ, որ պատմությունից պետք է դասեր քաղել:եւ այսօրվա ձեռքբերումը հեշտ ու հանգիստ չի եղել: Եվ այն հողը, որի վրա այդքան շատ արյուն է թափվել, պետք է սրբությամբ պահել ու պահպանել»:

Գոհար Մկրտչյանը գտնում էր նաեւ, որ Արթուր Մկրտչյանի եւ նրա ընկերների սկսած Շարժումը դեռ ավարտված չէ. «Չեմ կարծում, ու Արթուրի ու նրա ընկերների սկսած Շարժումն ավարտվել է, որովհետեւ մեր բոլոր պահանջները դեռ չեն իրականացվել: Դրանք միայն պահանջ չէին, դրանք մեր ցանկությունները, իղձերն ու երազանքներն էին: Այն, ինչ մենք փայփայում էինք մեր հոգու խորքում, դեռեւս այդ ամենին չենք հասել: Դրա համար էլ մեր պայքարը դեռ շարունակվում է, մենք դեռ հարցեր ունենք լուծելու: Եւ, փաստորեն, այդ հարցերը լուծելու խնդիրը մնում է մեր այսօրվա երիտասարդների վրա»:

Պատրաստեց` Անի ԱԶԱՏՅԱՆԸ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԸՆԿԵՐ ԱՐԹՈՒՐ

Ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելիս
Գարեգին Նժդեհ

Արամ Մանուկյան եւ Արթուր Մկրտչյան: Այս մարդիկ մեր ժողովրդի պատմության մեջ հանդես են եկել տարբեր պատմաքաղաքական պայմաններում, սակայն սկզբունքորեն կատարել են գրեթե նույն առաքելությունը: Եթե Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումն անմիջապես կապված է Արամ Մանուկյանի հետ, ապա նույն կերպ Արթուր Մկրտչյանի անունը սերտորեն առնչվում է 20-րդ դարավերջի երկրորդ պետականության ստեղծման իրողությանը: Այս երկու էթնոկիր անհատների ճակատագրերի տարբերությունը կայանում է սոսկ նրանում, որ Արամ Մանուկյանը 1919 թվականին հասցրել էր տեսնել դեռեւս 1375 թվականից կործանված հայոց պետականությունը, տեսնել դարերի ստրկությունից դեպի վերածնունդ ու ծաղկում ապրող իր ժողովրդին, իսկ Արթուրը, որ հերոսի վճռականությամբ ելել էր Հայոց Արեւելից կողմանց հատվածի փրկության համար, չտեսավ նույնիսկ Շուշիի ազատագրումը եւ մոմ չվառեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, չանցավ Շուշիից Երեւան ձգվող հայկական ճանապարհով:

Արթուր Մկրտչյանը ծնվել է Հադրութի Ուխտաձոր գյուղում 1959 թվականի փետրվարի 16-ին: 1976 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1981 թվականին ավարտել է համալսարանը եւ աշխատանքի անցել Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: 1983-86թթ. սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1986 թվականին վերադարձել է հայրենիք եւ աշխատանքի անցել Հադրութի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում` որպես տնօրեն: 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ: Արցախի ազատագրական պայքարի առաջամարտիկներից եւ կազմակերպիչներից է, զինված ազատագրական պայքարի ջատագով: 1991 թվականի դեկտեմբերին ընտրվել է Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1992 թվականի հունվարին` Գերագույն Խորհրդի նախագահ:

Արցախյան շարժման այն առաջամարտիներից էր, որ խորապես տիրապետում էր ազգային արժեքներին, ում համար ի վերուստ պարզ էր, որ մեր ժողովրդի գոյատեւման ու առաջընթացի խնդիրն անիրագործելի է առանց նրա հավաքական ուժի ու պայքարի: Կրելով իր մեջ այս բանաձեւման գաղափարները, միեւնույն ժամանակ օժտված լինելով մարդկային բարձր հատկանիշներով, նա շարժման հորձանուտում հայտնվեց որպես ազգային խորհրդանիշ, էթնիկական առողջ ինքնագիտակցությամբ օժտված անհատ: Եղել է Հադրութի` մեր ընդհանուր պայքարի ընդվզման կիզակետերից մեկի ինքնապաշտպանության առաջին հրամանատարներից: Հանդիսանալով նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդրանիկ ղեկավարը, նա իր պաշտոնավարության կարճ ժամանակամիջոցում, հիրավի, քիչ բան չարեց Արցախի պետական իշխանության, առաջին հերթին` ներկայացուցչական մարմնի` Գերագույն Խորհրդի կազմավորման ու բնականոն գործունեության կազմակերպման համար: Նրան էր վիճակված գլխավորել երկրի կառավարությունը ամենադժվար անցումային շրջանում, երբ իշխանության հին համակարգը փլուզվել էր, իսկ նորը նոր-նոր ծիլեր էր արձակում: Այդ ժամանակահատվածի ոչ միայն արտաքին քաղաքականության, այլեւ ներքաղաքական անչափ բարդ իրավիճակում նա կապող օղակ էր հանդիսանում: Ցամաքային կապ չունենալով արտաքին աշխարհի հետ` Արցախը շնչահեղձ էր լինում: Մահվան օղակի մեջ էր առնվել Ստեփանակերտը:

Ժողովուրդն ապրում էր անասելի պայմաններում: Ինքնապաշտպանության ուժերը հերթով չեզոքացնում էին թշնամու կրակակետերը: Այդ ծանր պահերին կարեւոր էր խուճապի չմատնվելը եւ մինչեւ վերջ շարունակել սկսած գործը: Երիտասարդ նախագահը չկորցրեց գլուխը: Նա գործում էր սառնասրտորեն, ըստ արժանավույն ընդունում բարձրաստիճան հյուրերին եւ Արցախի Հանրապետությունը ինչպես հարկն է ներկայացնում աշխարհին: Ի դեպ, երիտասարդ ու ժողովրդավար ղեկավարի կերպարը շատ նպաստեց Արցախի նկատմամբ աշխարհում համակրանք ստեղծելուն: Նա դարձավ Արցախի պետականության խորհրդանիշը, հերոսական կերպար, ով սակայն առ այսօր Արցախի հերոսի կոչման չի արժանացել:

1992 թվականի ապրիլի 14-ին եղերական ու առեղծվածային սպանությունը կտրեց նրա լուսավոր եւ արգասաբեր կյանքի թելը: Բայց նա հասցրել էր կատարել իր գլխավոր առաքելությունը. 1992 թվականի հունվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհուրդը ընդունեց պետական անկախության մասին հռչակագիրը:

Պատմության մեջ չկան դյուրին ճանապարհներով նվաճված հաղթանակներ` առանց զոհաբերությունների, զրկանքների, կորուստների ու հետեւողական պայքարի: Արցախյան շարժման մեծ պայքարի մեծ կորուստներից էր Արթուր Մկրտչյանը: Նրա զոհաբերության ոգին, անմնացորդ նվիրումը, գաղափարական անսակարկ հավատքը պետք է ուղենիշ լինի մեզ բոլորիս համար:

Արցախի մեր փոքր, անհաղթ ժողովուրդը հզոր է նրանով, որ ծնում է այնպիսի անհատներ, ովքեր իրենց ապրած կյանքով ցուցանում են, որ պայքարը դեռ չի ավարտվել, մենք դեռ երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու. դա մեր պետականության կառուցման եւ միջազգային հանրության կողմից նրա ճանաչման պատվավոր ճանապարհն է:

Շնորհավոր ծնունդդ եւ հավերժ փառք հիշատակդ, Արթուր Մկրտչյան…

Շնորհավոր ընկեր…

Գրառումներ Արթուր Մկրտչյանի օրագրից

Շատերը հարցնում են, թե խմբերով լեռներն ընկնելով եւ հեղափոխություն կատարելով ազգ կազատվի:
Ազգի ազատությունը դյուրական գործ է, եթե սուտ հույս չդնենք հանգիստ կյանքի վրա, որը չունենք, քանի թուրքի ձեռքի տակ ենք եւ չխաբվենք հարստություններով, որ մերը չէ: Մտածեք, որ մեր կյանքը կարճ է, շատերը խելքի չեկած ու աշխարհ չտեսած: Տեսնողներն էլ ապրում են շատ շատ 50, 60 կամ 70 տարի: Երբ էլ լինի` մեռնելու ենք: Բայց եթե չսպասենք աստծո կամքին եւ ուզենանք մեր կամքով մեռնել, այն ժամանակ կազատվենք: Աստված մեզ ազատում է մարդ արարածի կենաց տանջանքերից, իսկ մարդն իրեն ազատում է մարդու փորձանքներից: Թե որ բոլոր հայերը երեկոյան ուխտ անեն մեռնել, առավոտյան արեւը դեռ չծագած` ազատ կլինեն:
Գեւորգ Չաուշ

Պայքարում պարտության վտանգը չպետք է մեզ հետ պահի այն գործի պաշտպանությունից, որը մենք արդարացի ենք համարում:
Աբրահամ Լինքոլն

Պատրաստեց` Սիրանուշ Սարգսյանը

«ԱՊԱՌԱԺ», 17 եւ 18 փետրվար 2013

Տպել Տպել