ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Բաքվի հեղինակած խնդրագրերի հարցով դիմել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդին

 

 

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կից Ազգային անվտանգության խորհրդին՝ խնդրելով նախքան Բաքվի հեղինակած հակահայկական և հակաարցախյան խնդրագրերին պատասխանելը, նախևառաջ ուսումնասիրել և հրապարակայնորեն վստահեցնել, որ Սպիտակ տան We the People խնդրագրային համակարգն օտարերկրյա կիբերխարդախության փորձերից պաշտպանված է։ Այս մասին տեղեկացնում է ANCA-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ խոսքն օրեր առաջ Սպիտակ տան վերը նշված կայքում տեղադրված մի շարք հակահայկական խնդրագրերի մասին է, որոնք, ինչպես պարզվել է, ամենաանմիջական կապն ունեն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ղեկավարած Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ։ Դա է վկայում նաև այն փաստը, որ ի տարբերություն We the People-ում տեղադրված մյուս խնդրագրերի, որոնց տակ նշվում է ստորագրողների բնակության վայրը, հակահայկական խնդրագրերի դեպքում հազարավոր ստորագրողների աշխարհագրական վայրն անհայտ է։

Նախագահ Օբամայի հատուկ օգնական Էլիզաբեթ Շերվուդ Ռենդալին ուղղված նամակում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես գրել է.«Ելնելով այն հանգամանքից, որ We the People-ն ԱՄՆ-ի քաղաքացիների համար կառավարության հետ երկխոսության հարցում անչափ կարևոր հարթակ է՝ Սպիտակ տունը, նախքան որևէ խնդրագրի պատասխանելը, պետք է հրապարակայնորեն լուծի կիբերխարդախությունների հարցը»։

Բացի այդ, ANCA-ն նաև անդրադարձել է 2013թ. փետրվարի 1-ին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Էլման Աբդուլլաևի ռուսալեզու հարցազրույցին, որի ժամանակ վերջինս հայտարարել էր. «Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, անկախ իր ազգային պատկանելությունից, սոցիալական ծագումից, իրավասու է իր ձայնը բարձրացնել արդարության վերջնական հաղթանակի համար։ Ադրբեջանի Հանրապետության և ադրբեջանցի ժողովրդի կողմից իրականացվող այս քայլն իրենից շատ կարևոր միտում է ներկայացնում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ANCA-ի գործադիր տնօրեն Համբարյանն օրեր առաջ Սպիտակ տան գլխավոր խորհրդատու Վալերի Ջարեթին ուղղված նամակում խնդրել է հստակություն մտցնել այն հարցում, թե ինչպիսի կանոններ են գործում միջազգային մասնակցության համար։

«ԹԵՐԹ»

Տպել Տպել