Արմեն Ռուստամյան. Մենք ժողովրդական շարժման առնչությամբ գաղափարներ ունենք եւ կներկայացնենք Րաֆֆի Հովհաննիսյանին

ArmenRustamyan28Հայաստանի ազգային ժողովը չի կարող մի կողմ քաշված մնալ երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ դրական է գնահատում խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը, ով համաձայնել է քննարկել այդ հարցը:

Նրա խոսքով` իրենք առաջարկել են ներքաղաքական իրավիճակը քննարկելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել: «Անհրաժեշտ է անցկացնել այդ քննարկումները, որպեսզի խորհրդարանն ունենա իր դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ: Բնականաբար, ընտրությունների արդյունքների վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան, սակայն բոլորը գիտակցում են, որ երկում կան լուրջ դժգոհություններ, եւ եթե մենք չենք կարող համատեղ լուծում գտնել այդ հարցին, դա կնշանակի, որ իր տեղում չէ ինչպես իշխող կուսակցությունը, այնպես էլ` ընդդիմադիր խորհրդարանական ուժերը: Մենք կներկայացնենք մեր առաջարկությունները` նվազեցնելու համար երկրում առկա լարվածությունն ու դժգոհությունը»,-ասել է նա:

Ռուստամյանը կարծիք է հայտնել, որ ԱԺ արտահերթ նիստը պետք է ավարտվի որոշման ընդունմամբ կամ հայտարարությամբ, որը կարող է սկիզբ դառնալ այն քայլերի, որոնք համատեղ ջանքերով դուրս կբերեն երկիրը ստեղծված իրավիճակից: «Դա լավ նախադեպ կդառնա, եթե քաղաքական մեծամասնությունը ըմբռնում դրսեւորի»,-ասել է դաշնակցական գործիչը:

Հարցին, թե խորհրդարանական քննարկումները չե՞ն խանգարի Ազատության հրապարակում թափ հավաքող ժողովրդական շարժմանը, Ռուստամյանը պատասխանել է, որ ժողովրդական շարժումը կգնա իր հունով, սակայն ԱԺ-ն չպետք է մի կողմ քաշվի տեղի ունեցող գործընթացներից:

«Ի՞նչ եք կարծում, եթե չլինել ժողովրդական շարժում, կհամաձայնե՞ր խորհրդարանական մեծամասնությունը այս քննարկումներին: Դուք սխալվում եք, եթե այդպես եք մտածում: Խորհրդարանական քննարկումները չեն փոխարինի ժողովրդական շարժմանը: Այս շարժումը պետք է արդյունավետ լինի: Ժողովրդական շարժումը պետք է տրամաբանական ուղղվածություն ունենա, որպեսզի աստիճանաբար հասնի ժողովրդի իշխանության: Դա պետք է տեղի ունենա ինչպես խորհրդարանում, այնպես էլ այնտեղ, որտեղ ժողովուրդն իշխանություն է ընտրում: Մենք այդ առնչությամբ գաղափարներ ունենք, եւ մենք դրանք կներկայացնենք Րաֆֆի Հովհաննիսյանին»,-ասել է նա:

Զուգահեռ տանելով 2008-ի համաժողովրդական շարժման հետ, Ռուստամյանը նշել է, որ այն ժամանակ ընդդիմությունը անզիջում դիրքորոշում էր որդեգրել, իսկ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է քննարկել իրավիճակը եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համատեղ ելք գտնել: «Ճիշտ չի լինի չօգտվել այդ հնարավորությունից»,-ամփոփել է նա:

News.am

Սա լինելու է տեւական պայքար

armen
Հետընտրական շրջանի զարգացումները եւ մասնավորապես Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքները ի վերջո պսակվելու են հաջողությամբ, եւ հաղթելու է ժողովուրդը: Նման կարծիք ունի, Ժառանգություն կուսակցության հանրահավաքներին միացած ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին` նա նշել է. «Ես վստահ եմ, որ ժողովուրդը կամաց-կամաց կզգա, որ սա է ճիշտ ճանապարհը, եւ անհապաղ կմիանա այս շարժմանը: Մեր թիվ մեկ խնդիրն է իսկապես ճիշտ ղեկավարել հախուռն ձեւավորված այս շարժումը»: Ըստ Արմեն Ռուստամյանի` շարժումը ղեկավարելու փորձը իրենք ունեն, ուղղակի պետք է օգտագործել նախկին փորձը եւ այսօրվա պահանջները:

«Անհրաժեշտ է ճիշտ պայքարել, պետք է հասկանալ, որ այս ամենը պարտադիր չէ, որ վաղը կամ մյուս օրը արդյունք տա, սա երկարատեւ, տեւական պայքար է ենթադրում, որովհետեւ այն համակարգը, որին դեմ-հանդիման այսօր մենք գտնվում ենք, եւ որը տարիներ շարունակ ամրապնդել է իր դիրքերը, եւ դա փոխելու խնդիրը մեկ-երկու օրվա հարց չէ: Բայց պետք է պատրաստ լինել երկարատեւ պայքարի, եւ աշխարհի փորձն էլ ցույց է տալիս, որ այն ժողովուրդներն են հաջողում, ովքեր չեն վհատվում պայքարից, եւ այդ պայքարի հիմքերը դնելով` պետք է շարունակել ամեն օր փոքր, բայց հաջողություն- հաջողություն կուտակելով` գնալ առաջ»: Դաշնակցական գործչի կարծիքով ցանկացած հրաժարական կամ թափուր տեղ, որը առաջացնելու է այս շարժումը, պետք է իր ներկայությամբ, իր առաջադրումներով կարողանա հետզհետե ժողովրդի իշխանությունը հաստատել:

Անդրադառնալով իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, Արմեն Ռուստամյանը նշեց. «Բնական է, որ ոչ մի իշխանություն հեշտությամբ իր դիրքերը չի զիջել, մենք պետք է ստիպենք, շարժումը պետք է ստիպի: Նրանք հաշվի են նստում միայն լուրջ ընդվզման ալիքի հետ, ոչ ոք հոժարակամ իր տեղերը չի զիջելու եւ դա մենք պետք է հասկանանք, եւ պետք է հասկանանք, որ այս հախուռն շարժումը պետք է նախ եւ առաջ այդ խնդիրը լուծի»: Արմեն Ռուստամյանը հավելել է, որ այդ խնդիրը պետք է լուծեն այն քաղաքական ուժերը, ովքեր դրա փորձն ունեն, եւ նրանք, ովքեր միշտ ժողովրդի կողքին են եղել:

Փայլակ Ֆահրադյան
galatv.am

Տպել Տպել