ՀՅԴ Ամերիկայի ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղի հայերին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ԱՄՆ համայնքային ընտրություններին

logo-AMNՄիացյալ Նահանգներում գարնանը կայանալիք համայնքային ընտրություններին ընդառաջ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակն սկսել է ամերիկայահայ ընտրազանգվածի մոբիլիզացման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, հանձնախումբը լիովին ներգրավվել է ընտրություններին ամերիկահայ ընտրողների մասնակցությունը և այդ կերպ հայերի կողմից տրվող քվեներն ավելացնելու աշխատանքներին: Լոս Անջելեսում, Բուրբանկում, Գլենդելում, Փասադենայում և Հյուսիսային Կալիֆորնիայի այլ վարչական շրջաններում այս տարվա գարնանը կանցկացվեն համայնքային ընտրություններ:

2012 թվականի ընտրությունների ժամանակ «հայկական ձայները» ավելացել էին մոտ 5000 նոր քվեներով, որում մեծ դերակատարություն ուներ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակը (ANCA-WR): Այս տարի էլ ANC-WR-ը հայ համայնքում ուսուցողական, գրանցման աշխատանքներ է տանում` ջանալով ավելի բարձրացնել հայերի մասնակցությունն ընտրություններին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկահայերի քվեները նշանակալից դեր կխաղան այդ շրջաններում արդյունքների վրա:

«Մենք կշարունակենք մեր համագործակցությունը այն կազմակերպությունների հետ, որոնք կիսում են ANCA-ի գաղափարները համայնքի բարելավման շուրջ»,- ասել է ANCA-WR-ի Արտաքին գործերի տեղակալ Թերեզա Յերիմյանը:

Մասնավորապես, ANC-WR-ն միավորվել է Լոս Անջելեսի ընտրողների ներգրավման կոալիցիային (LAVEC) հետ: Ընտրողների մասնակցությունը բարձացնելու նպատակով այն համագործակցում է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին է Լոս Անջելեսի քաղաքային դպիրների գրասենյակը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակը հայ-ամերիկյան ամենամեծ և ազդեցիկ «ստորին շերտերը պաշտպանող» կազմակերպությունն է Արևմտյան ԱՄՆ-ում, որը, համագործակցելով ամենատարբեր գրասենյակների և կազմակերոպությունների մեծ ցանցի հետ, բարձրացնում է Ամերիկայի հայ համայնքին հուզող և լայն շրջանակներ ընդգրկող հարցեր:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել