Լիտվայի Սեյմում մեկնարկել է ժողովրդավարական գործընթացների 25-ամյակի առիթով քննարկում

լիտվա Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի շենքում այսօր մեկնարկել է խիստ հետաքրքրական մի քննարկում։ Սեյմի Սահմանադրական հանձնաժողովում, Հայ-լիտվական բարեկամության խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ, խորհրդաժողովը կրում է “Լիտվայում եւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների 25-ամյակը. Հայացք դեպի ոչ հեռավոր անցյալ” խորագիրը։

Համաժողովին մասնակցում են նաեւ Հայսատանի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, մեր երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը։

Հիշեցնենք, դեռ Ղարաբաղյան շարժման առաջին օրերին մերձբալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, բարոյական եւ քաղաքական մեծ աջակցություն էին ցուցաբերում մեր ժողովրդին։

Ի դեպ, հատկանշական փաստ։ Նիստը վարողը, ներկայացնելով հայկական պատվիրակությանը, Կարեն Միրզոյանին ներկայացրեց իբրեւ Արցախի արտաքին գործերի նախարար։ Քննարկումը՝ համաձայն ծրագրի, տեւելու է շուրջ երկու ժամ։

Լիտվայի Սեյում ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ

Լիտվայի խորհրդարանում հայ-լիտվական բարեկամության խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված այսօրվա քննարկմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳՆ դեսպան Կարեն Միրզոյանը, եւ Լիտվայում ՀՀ-ի դեսպան Արա Այվազյանը։

Քննարկումը պարբերաբար ընդմիջվել է Ղարաբաղյան շարժմանը, Սումգայիթյան ջարդերին, Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական տեսանյութերի ցուցադրմամբ։

Լիտվայի խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը հանձնվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Արցախի խորհրդարան փոխանցելու համար:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

“Հաշվի առնելով այն, որ այս տարի լրացել է Արցախյան շարժման 25-ամյակը, երբ հայ ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը, իսկ Լիտվան այդ ժամանակ ողջունեց այդ ձգտումը և հանդես եկավ խնդրի խաղաղ լուծման օգտին.

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լիտվայի ու Արցախի ժողովուրդներն իրենց անկախության համար մղվող պայքարում առաջնորդվել են միջազգային իրավունքի նորմերով, ժողովրդավարական արժեքներով ու համընդհանուր գաղափարներով, որոնց շարունակում են հավատարիմ մնալ մինչ օրս.

Կիսելով համաեվրոպական տարածքի դիրքորոշումը, ըստ որի` դրա յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի առանց խոչընդոտի օգտվելու հիմնական իրավունքներից ու հիմնարար ազատություններից.

Հաշվի առնելով այն, որ միջազգային պրակտիկայում ինքնորոշման իրավունքը ֆիզիկական անվտանգության ապահովման ու ժողովուրդների ժողովրդավարական զարգացման միակ երաշխիքն է.

Նշելով Արցախի զգալի ջանքերը ազատ ու ժողովրդավար հասարակության ստեղծման ուղղությամբ` լեգիտիմ ընտրությունների անցկացման եւ պատասխանատու ու արդյունավետ կառավարություն ստեղծելու ճանապարհով.

Կարևոր համարելով Արցախի ներգրավումը միջազգային հանրության մեջ առկա խնդիրների լուծման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար.

Մենք` Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավորներս, հայտարարում ենք Լիտվայի Հանրապետության Սեյմում Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին:

Տպել Տպել