Դաշնակցությունը պատրաստ է բոլոր շահագրգիռ ուժերի հետ համատեղ լուծումներ գտնել ի շահ երկրի և ժողովրդի

armen ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությունը

Ընտրությունները, ինչպես և սպասվում էր, վատն էին, պաշտոնական արդյունքները՝ կանխորոշված: Կանխորոշվածության հիմնական պատճառը մնաց նույնը՝ պետության ողջ ռեսուրսի յուրացումը իշխող քաղաքական ուժի կողմից: Դրա ակնհայտ դրսևորումներն էին ոչ միայն ընտրատեղամասերում կատարված կեղծիքները, այլև իշխանության վերարտադրման գործում թերացած պաշտոնյաների հրաժարականների շքերթը: Աբսուրդ է, թե ինչո՞ւ ընտրված համայնքապետը պիտի համապետական ընտրության արդյունքներով հրաժարական տա: Ի՞նչն է նա ձախողել. եթե դժգոհությունն է պատճառը, ապա պետք է դրան հետևեն բոլոր այն համյանքապետերը, որոնց համայնքներում ժողովրդի վիճակը պակաս ծանր չէ:

Կամ` ի՞նչ է, ընտրություններից հետո՞ պարզվեց, որ լավ չի վիճակը: Իսկ եթե ձախողել է ընտրությունը, դրա համար է հրաժարական տալիս, ուրեմն էլ ի՞նչ ապացույց է պետք` փաստելու, որ ողջ պետական համակարգը ընտրությունների ժամանակ աշխատում է իշխանության թեկնածուի օգտին, որ Հայաստանում պետությունն ու իշխող կուսակցությունը նույնացած են:

Սակայն այս ընտրություններն ունեն մի կարևոր առանձնահատկություն: Հիմնական քաղաքական ուժերի չմասնակցության ֆոնին առաջին հերթին հենց իշխանությունների համար անակնկալ և աննկատ կերպով ընդդիմադիր ընտրազանգվածը ինքնակազմակերպվեց և կենտրոնացավ մեկ թեկնածուի շուրջ: Այսպիսով, ինքնաբերաբար ձևավորվեց միասնական թեկնածու, որից այդքան խուսափում էին իշխանությունները, և նախագահի ընտրության առաջին փուլը, ըստ էության, ընթացավ երկրորդ փուլի տրամաբանությամբ:

Սա պերճախոս վկայությունն է այն հանգամանքի, որ երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյական մթնոլորտը այն աստիճան խեղդող է, իշխանության վերևից ներքև պահվածքը այն աստիճան անտանելի և վիրավորական, որ հանգեցրեց ժողովրդի ինքնաբուխ ընդվզմանը:

Թե ինչ է ցույց տալիս ժողովրդի այս ցասումը, շատ հստակ է՝ մարդիկ այլևս այսպես ապրել չեն կարող և ուզում են ունենալ իրենց արժանի իշխանություն: Փետրվարի 18-ին մեր ժողովրդի դրսևորած կամքը չպետք է ոտնահարվի: Ընտրությունների օրը ժողովրդի ինքնաբուխ ընդվզումը հետընտրական շարժման վերածվելու այս գործընթացի շարժառիթը դա է, որի վերջնական նպատակը պետք է լինի ժողովրդի լիակատար իշխանության հաստատումը երկրում բոլոր մակարդակներով: Սա տևական և անկոտրում պայքարի ճանապարհ է:

Դաշնակցությունը պատրաստ է իր ողջ ներուժով լծվել այս գործին և կողմնակից է բոլոր շահագրգիռ ուժերի հետ համատեղ լուծումներ գտնել ի շահ մեր երկրի և ժողովրդի:

Տպել Տպել