«Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. ԼՂ ժողովրդի ապագայի հեռանկարները» խորագրով կոնֆերանս Ֆրանսիայի ԱԺ-ում

pariz Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի եւ Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կայացել է կոնֆերանս, որին ներկա են եղել մի շարք ֆրանսիացի սենատորներ եւ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակին միջոցառումը նախաձեռնելու համար` դեսպան Չիտեչյանը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքները եւ 1988 թվականին Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը, որին ի պատասխան կազմակերպվեցին եւ իրականացվեցին հայերի ջարդերը Սումգայիթում:

«Արցախի ժողովրդի կողմից իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը պետք է իրավական ճանաչում ստանա. որեւէ տրամաբանությամբ չի կարելի բացատրել, թե ինչու մի ժողովուրդ, որն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը, այնուհետեւ հարկադրված եղել ամրագրելու այն պատերազմում, պետք է մաս կազմի իր դեմ պատերազմ սանձազերծած պետության», – ընդգծել է դեսպան Չիտեչյանը: Շանունակելով իր խոսքն Ադրբեջանում վերջին տարիներին կատարվող մտահոգիչ զարգացումների վերաբերյալ` դեսպանը, մասնավորապես, նշել է պետական մակարդակով հայատյացության ցայտուն դրսեւորումները, ինչպիսիք են Գուրգեն Մարգարյանին ապանած ադրբեջանցի հանցագործի հերոսացումը եւ հայտնի գրող Աքրամ Այլիսլիի դեմ ուղղված` բռնատիրական ռեժիմին բնորոշ արշավը` հավելելով, որ «Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից արվում է ամեն հնարավոր քայլ ադրբեջանական հասարակությանը ոչ թե խաղաղությանը, այլ պատերազմի պատրաստելու նպատակով»:

«Այսօր Ադրբեջանն ամեն կերպ փորձում է մոռանալ կամ տպավորություն ստեղծել թե մոռացել է այն պատմական իրողությունը, որ հրադադարի եռակողմ պայմանագիրը 19 տարի առաջ աղերսվել է հենց իր կողմից` ընդ որում խնդրելով հրադադարը Արցախի իշխանություններից»,-հայտարարել է դեսպանը եւ եզրափակել իր խոսքը խաղաղության եւ հանդւորժողականության կոչով:

Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաեւ ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհանես Գեւորգյանը եւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն:

Միջոցառման ավարտին` ներկաների կողմից Սումգայիթյան ջարդերի զոհերին մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի պահին, դահլիճում մինչ այդ աննկատ գտնվող երկու ադրբեջանցի երիտասարդ լկտի սադրանքի փորձ են նախաձեռնել, որը կանխվել է կազմակերպիչների կողմից եւ սադրիչները հրավիրվեցին դահլիճից դուրս

Տպել Տպել