Ինչպե՞ս կարող է ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ՀՅԴ կուսակցությունից անկախ գործել

Արմեն 1ին Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր գոհունակությունն է հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ընդդիմության հետ բանակցություններ սկսելու համար:

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելն իր պահանջը եւ ցանկությունը չէ:

«Ես, անկեղծ ասած, դժվարանում եմ իրենց հասկանալ, այսինքն ինչպե՞ս կարող է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ՀՅԴ կուսակցությունից անկախ գործել: Նման բան մեզ մոտ չի կարող տեղի ունենալ, եւ ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Այն, ինչ մենք անում ենք ԱԺ-ում, ուղղակիորեն այն խնդիրներն ու որոշումներ են, որոնք կայացրել է կուսակցությունը, մենք իրականացնում ենք խմբակցության մակարդակով: Սա արդեն ամեն կուսակցության գործեալոճի հարցն է, բայց ինձ համար, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետեւ ֆրակցիան չի կարող կուսակցությունից անկապ, անկախ եւ անհասկանալի տրամաբանությամբ գործել»,- հայտարարել է Ռուստամյանը:

Նա նաեւ նշել է, որ ՀՅԴ-ն իր մոտեցումները ներկայացրել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին:

«ՀՅԴ-ն չի կարող մտնել մի գործընթացի մեջ, որի վերջը չի տեսնում, ինչի պատճառով էլ 2008թ.-ին չմտան գործընթացի մեջ», ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

Ճեպազրույցի ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը անդրադարձել է 2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձություններին, նշելով, որ իր համար առնվազն անհասկանալի է, թե ինչու անցնող տարիների ընթացքում այդ հանցագործությունը չի բացահայտվել: «Ողբերգությունը չի բացահայտվել, սակայն ակնհայտ էր, որ կային տեսագրություններ եւ ձայնագրություններ, որոնք կարող էին դառնալ լուրջ փաստեր, եւ նպաստեին հանցագործության բացահայտմանը: Քանի դեռ Մարտի մեկը չի բացահայտվել, այս էջը փակել չենք կարող»,- ասել է Արմեն Ռուստամյանը: Ըստ ՀՅԴ անդամի` այն, որ հանցագործությունը չի բացահայտվել, մութ է ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև հասարակության համար:

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին Ռուստամյանը նշել է. «Ավագանու մասով մենք դեռ չենք քննարկել, չեմ ուզում հիմա ինչ-որ բաներ ասել, որոշ տեսակետներ ունենք, բայց դեռ չեմ ուզում հրապարակել: Ամեն ինչ կախված է այս ընթացքից, ես ճիշտ եմ համարում համախմբված գնալ այդ ընտրություններին, պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, կամա, թե ակամա, դարձավ միասնական թեկնածու»:

Տպել Տպել