ՀՅԴ-ն մասնակցելու է վաղը կայանալիք հանրահավաքին եւ իր խոսքն է ասելու

20130304-NAՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ԱԺ-ում հետընտրական գործընթացները քննարկելու ձեւաչափը որոշելու համար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Քննարկվեց արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ մեր առաջարկությունը, բայց, ըստ էության, բանակցություններն այս պահին մտնում են փակուղի: Իշխանություններն առաջին հերթին համաձայն չեն արտահերթ նիստ հրավիրելու` մեր առաջարկությանը»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած երեք հայտնի պահանջներին` իշխանությունները պահանջել են, որ ընդդիմության կողմից էլ պետք է զիջում լինի, որ հարցը քննարկեն: Բայց մյուս կողմից` մյուս քաղաքական ուժերն էլ, մասնավորապես` ՀԱԿ-ը, եւս համաձայն չեն այդ եռակետ օրակարգով հարցի լուծմանը:

«ՀԱԿ-ն ասում է, որ այս երեք կետերը հարցի լուծում չեն, բայց արտահերթ նիստ հրավիրելուն դեմ չեն»,- նշեց Ռուստամյանը: ՕԵԿ-ը երեք կետերից համաձայն է միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցմանը, ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգի ձեւավորմանը, ինչին համաձայն է նաեւ ՀՀԿ-ն: Կոալիցիոն գործընկերները եւ ՀԱԿ-ը վերապահումներ ունեն կառավարման խորհրդարանական համակարգին անցման եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերում: ԲՀԿ-ի դիրքորոշումները, ըստ Ռուստամյանի, համահունչ են ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշումներին:

«Բանակցությունները փակուղի են մտել, քանի որ համաձայնություն ձեռք չի բերվում հայտարարության տեքստի շուրջ, մնում է 1/3 ստորագրություն հավաքել արտահերթ նիստ հրավիրելու համար, բայց այդ դեպքում էլ վստահ չենք, որ, ինչպես անցած անգամ, այս անգամ եւս ՀՀԿ-ականները չեն բոյկոտի նիստը»,- ասաց Ռուստամյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ «Ժառանգության» հետ երեկվա հանդիպման ժամանակ քննարկվել են շարժման հետագա անելիքները, ստեղծված իրավիճակը, տեսակետներ են փոխանակվել: Ռուստամյանը հայտնեց նաեւ, որ ՀՅԴ-ն մասնակցելու է վաղը՝ երեքշաբթի, Մարտի 5-ին, ժամը 17։00-ին, «Ազատության» հրապարակում կայանալիք հանրահավաքին եւ իր խոսքն է ասելու:

«ԵՐԿԻՐ»

Ընդվզման նոր ալիք կբարձրանա

ԱրմենՌՄինչ այդ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խմբակցությունների ղեկավարների հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ինչպիսին կարող են լինել ընդդիմության հետագա քայլերը, և ի՞նչ են անելու իրենք, երբ փաստորեն այսօրվա հանդիպումից պարզ դարձավ, որ իշխանությունը նույնիսկ արտահերթ նիստով հրաժարվում է քննարկել ընդդիմության պահանջները: «Կարծում եմ, որ ընդդիմությունը հնարավորություն ունի մյուս քաղաքական ուժերի հետ միասին նախաձեռնել արտահերթ նիստ և քննարկումներն արդեն տեղափոխել, հրապարակային դարձնել ԱԺ նիստերի դահլիճում: Առնվազն դա կարող է անել, բայց, իհարկե, ես թերահավատ եմ, որ քննարկումները եթե տեղի ունենան էլ, ինչ-որ արդյունք կտան: Դա կախված է նրանից, որ ՀՀԿ-ն, լինելով մեծամասնություն, պետք է քվեարկի ինչ-որ նախագծի օգտին, եթե չքվեարկի, ընդդիմությունն առանց մեծամասնության չունի»: Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի՝ արդեն իսկ պարզ է, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու:

«Առաջին լրատվական»-ի հաջորդ հարցին, թե այդ դեպքում իշխանության կողմից արտահերթ նիստի խոստումն ի՞նչ նպատակ ուներ. սա ուղղակի «թոզ փչոցի՞» էր, ընդդիմությանը սիրաշահելու փո՞րձ, թե՞ կոմպլիմենտար ներկայանալու փորձ, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. «Արտահերթ նիստի առաջարկը մեր կողմից է եղել, մենք բանակցությունների համար սեղանին ենք դրել մեր առաջարկը, որ արտահերթ նիստը պետք է ավարտվի որևէ հայտարարությամբ, հակառակ դեպքում՝ որևէ իմաստ չունի: Եվ այս մեկ շաբաթը գրեթե մենք զբաղված էինք այդ հայտարարության տեքստը համաձայնեցնելով, և հիմնական այն երեք կետերն ենք առանձնացրել, որոնք որ անհրաժեշտ նվազագույնն են մեր կարծիքով, որ եթե դա չի ընկնում հայտարարության հիմքում, իմաստ չունի ընդհանրապես որևէ հայտարարություն անել: Եվ այդ բանակցությունները բավական երկար ժամանակ ընթանում էին տարբեր կետերի վերաբերյալ համաձայնության հանգելու ուղղությամբ։ Հիմնական խնդիրն այն էր, որ իշխանությունները կտրականապես դեմ են արտահերթ ԱԺ ընտրութուններ անցկացնելու պահանջին, և սա մեր սկզբնական տեքստում գրված էր։ Մեր մոտեցումն էր՝ քանի որ բանակացություն է, ենթադրում է գնալ կոմպրոմիսների, մենք պատրաստ էինք գնալ, բայց որոշակի շրջանակներում, և եթե մենք զիջում ենք այս հարցը, բայց մնացած երեք կետերը իրականացվեին, մենք կհամարեինք, որ ստեղծված վիճակում նվազագույն արդյունքը կարելի էր ստանալ, որովհետև անցում նոր խորհրդարանական համակարգի, որից հետո նոր ընտրություններ անցկացնելը բոլորովին այլ ընտրություններ կլինեին՝ նոր որակով, նոր լիազորություններով: Մենք սրան հակված ենք և կարծում ենք, որ ճիշտը դա է: Բայց դա էլ տեղի չունեցավ»:

Հարցին, թե ինչպիսին կլինի հանրության ընդվզումը և ի՞նչ քայլեր կանի ընդդիմությունը, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ առաջարկներն անհեթեթ են, դրանք ես հստակ տեսնում եմ բանակցությունների հիմքում և հստակ հնարավորություն եմ տեսնում՝ կոմպրոմիսի գալու, որը կտար ելք՝ ստեղծված իրավիճակից՝ համատեղ քայլեր կատարելու։ Եվ սա ամենաճիշտ ճանապարհն է, որպեսզի առճակատման չգնա ընդհանրապես այս ընթացքը: Պետք է շարժումը թափ հավաքի, որպեսզի իշխանությունները ստիպված լինեն ընդունելու, որ երկրում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ՝ հստակ, կարճ ժամանակահատվածում»:

Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ քննարկումների ժամանակ իշխանությունը որևէ գրավոր առաջարկ չի ներկայացրել: «Իրենք որևէ գրավոր առաջարկություն չեն ներկայացրել, մենք, ի տարբերություն իշխանությունների, ներկայացրել ենք գրավոր առաջարկություն: Բայց ես տպավորություն ունեմ, որ իշխանություններին այդ կետը բացարձակապես անընդունելի էր, և եթե այդ կետը պնդվում է, իրենք ընդհանրապես բանակցությունների հնարավորություն չեն տեսնում»:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանն էլ է առաջարկություններ ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, որևէ մեկը այդ առաջարկներից չի՞ քննարկվել հանդիպման ժամանակ, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք չգիտենք՝ ինչ առաջարկություններ են ներկայացվել, մենք նման առաջարկ չենք ստացել իշխանությունների կողմից, քննարկումը եղել է մենակ երեք կետերի տրամաբանության շուրջ»։

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել