ԼՂՀ ԱԺ նախագահը Հունաստանում ներկայացրել է ղարաբաղայան հիմնախնդրի հարցում Արցախի դիրքորոշումը

ghoulian1_4-3-13Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն մեկնարկել է մարտի 4-ից, որը կազմակերպել են Հունաստանի Հայ դատի հանձնախումբը և Աթենքի Պանդիո համալսարանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից, նախօրեին Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպում էր ունեցել Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արամ Մանուկյան ակումբի վերաբացման առիթով:

Այցի ծրագրի շրջանակներում՝ մարտի 4-ին և 5-ին, ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպումներ ու զրույցներ է ունեցել Հունաստանի քաղաքական շրջանակների մի շարք պատասխանատուների՝ կոալիցիոն կառավարության անդամներ՝ «Դեմոկրատիկի արիսթերա» կուսակցության նախագահ Ֆոթիս Կուվելիսի, «Նոր հանրապետություն» կուսակցության քարտուղար Մանոլիս Գեֆալոյաննիսի և փոխքարտուղար Զոնտանոսի, Հունաստանի խորհրդարանում՝ «Անկախ հույներ» կուսակցության նախագահ Ֆանոս Կամենոսի և մամլո խոսնակ Թերենս Գուիքի հետ։

Հանդիպումների ընթացքում արծարծվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացի իրողություններն ու ներկայիս զարգացումները, այդ կապակցությամբ ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը, Արցախի տնտեսական, սոցիալական, կրթամշակութային և այլ բնագավառներում ու ոլորտներում առկա խնդիրները և հիմնախնդիրները, դրանց լուծման միջոցներն ու ձևերը, այդ համատեքստում՝ հնարավոր համագործակցության ուղիները։

Մարտի 4-ին՝ օրվա առաջին կեսին, Արցախի խորհրդարանի նախագահն այցելել է հունահայոց թեմի ազգային առաջնորդարան՝ հանդիպում ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի և թեմական խորհրդի անդամների հետ:

Նույն օրվա երկրորդ կեսին Ա. Ղուլյանն այցելել է Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն և հանդիպում ունեցել արտակարգ ու լիազոր դեսպան Գագիկ Ղալաջյանի, դեսպանատան աշխատողների հետ։ Մարտի 5-ի առավոտյան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն այցելել է Աթենքի Զավարյան և Սոֆի Լեւոն Հակոբյան ամենօրյա միջնակարգ վարժարաններ:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի աշխատանքային այցը Հունաստան շարունակվում է:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ», 6 Մարտ 2013

Տպել Տպել